Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը, Վիգեն Քոչարյանը, «Մեդիալաբը»՝ մրցանակակիրներ. Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին

Դեկտեմբեր 11,2017 17:34

Երևան, Հայաստանի Հանրապետություն. ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բազմազանության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների ու հավասար հնարավորությունների խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչը՝ պրն. Բրեդլի Բուզետոն, հանձնեց «Խիզախ կին» մրցանակը։ «Ճգնաժամերի և զինված հակամարտությունների ընթացքում է՛լ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, և հենց այս ժամանակներում է, երբ ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ վտանգված է իրենց սեփական կյանքը։ Տկն. Անի Բալխյանն այդ քչերից էր, ով առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը՝ օգնելով շատերին դուրս պրծնել սիրիական հակամարտության գոտուց։ Նա խիզախ գտնվեց նաև դրանից հետո՝ Հայաստանում, երբ շարունակում էր օգնել Սիրիայից տեղահանված ընտանիքներին։ Պատիվ ունեմ տկն․ Բալխյանին հանձնելու «Խիզախ կին» մրցանակը՝ մարդասիրական առաքելության, մարդկային կյանքեր փրկելու և փախստականների պաշտպանությունն առաջ մղելու իր բացառիկ նվիրվածության և Սիրիայից տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ուղղված նրա խիզախ քայլերի համար», – նշեց պրն. Բուզետտոն։

 Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հանձնեց «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը: «Եվրոպական միությունը բարձր է գնահատում «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Դանիել Իոաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական և թափանցիկ ընտրական գործընթացի խթանման ուղղությամբ ներդրած ջանքերը», – նշեց դեսպան Սվիտալսկին:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը: «Պրն. Վիգեն Քոչարյանը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում: Նրա ներդրումը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների խթանման, ինչպես նաև կառավարության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ երկխոսության ամրապնդման գործում աննկատ մնալ չի կարող: Այս մրցանակը պրն. Քոչարյանի նման նվիրված քաղաքական գործչի աշխատանքը գնահատելու և ձեռք բերած հաջողություններն ի ցույց դնելու վառ ապացույց է: Եվրոպայի խորհրդի անունից ինձ համար պատիվ է այս մրցանակը հանձնել պրն. Քոչարյանին», – նշեց տիկին Վուտովան:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային: «Այսօր, առավել քան երբևէ, պետք է կարևորել խոսքի ազատությունը. դա է ազատ և ժողովրդավարական հասարակության հիմքը: Ինձ մեծ պատիվ է վերապահված հանձնել «Մեդիա գերազանցության» մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջև ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու ու դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետևողական աշխատանքի համար: «Մեդիալաբը», որի ղեկավար Մարիանա Գրիգորյանը բացառիկ լրագրող է, մշտապես կարողացել է գտնել դժվարին թեմաներին անդրադառնալու ստեղծագործ ու հնարամիտ ուղիներ՝ Հայաստանն առավել ազատ, արդար և ժողովրդավար դարձնելու ձգտմամբ: Շատ հաճախ նրանք մարդկանց ասել ու ցույց են տվել այն, ինչի մասին նրանք չէին ուզում լսել, և ես ջերմորեն ողջունում եմ նրանց խիզախությունը, ինչը զուգակցված է եղել նրբանկատությամբ, հումորով ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով», – ասաց դեսպան Միլսը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան տկն. Էլիսոն Չիքը հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «Կրոնի կամ հավատամքի ազատության պաշպանությունը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին պաշտպանության արժանի սկզբունք է, այլև քանի որ մենք վստահ ենք, որ այն հասարակությունները, որոնցում մարդիկ ազատ են արտահայտելու իրենց միտքն ու հավատամքը, ավելի կայուն են ու բարեկեցիկ: Ուրախ եմ հայտարարել, որ այս տարվա Ազատության պաշտպան մրցանակը ստանում է Իզաբելլա Սարգսյանը՝ ի գնահատումն բազմազանության, մտքի ազատության և կրոնական հանդուրժողականության խթանմանն ուղղված իր անխոնջ ջանքերի», – ասաց տկն. Չիքը:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրեցին «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը»: Այս մրցանակը, որը ֆրանս-գերմանական համաշխարհային նախաձեռնության մաս է կազմում, միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անձին, որը բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարի գործում: Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտն ասաց. «Ես հպարտ եմ, որ Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները միավորվել են աջակցելու քաղաքացիական հասարակության ջանքերին, որոնք ուղղված են բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող առավել ներառական հասարակության խթանմանը»: Գերմանիայի դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերն ասաց.  «Ուրախ եմ հայտարարել, որ առաջին ֆրանս-գերմանական մրցանակի համար մենք ընտրել ենք Գյումրիի «Ագաթ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ին: Անչափ ոգևորիչ է այն, որ անցած 10 տարիների ընթացքում «Ագաթ»-ն իրականացրել է ավելի քանի 50 ծրագիր: Դրանք դրական արդյունք են ունեցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 մարդկանց և նրանց ընտանիքների համար:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031