Լրահոս
Օրվա լրահոսը

Չգրված օրենքների փոփոխության հրամայականը

Դեկտեմբեր 12,2017 22:00

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի
ստորագրումից հետո մեր երկիրը կանգնել է նոր ճամփաբաժանին

Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրմանը հետեւած օրինաչափական էյֆորիան քիչ-քիչ նահանջում է, եւ ի հայտ է գալիս մի նոր իրողություն, որից ծնվում են մի շարք կենսական կարեւորության հարցեր: Եվ այդ հարցերի պատասխանները կանխորոշելու են այն ուղին, որով եւ մեր երկիրը կընթանա ոչ այդքան հեռավոր ապագայում: Նախ, ի վերջո, ընդունա՞կ ենք եւ պատրա՞ստ ենք մենք այսօր կատարելու այդ համաձայնագրով նախանշված դրույթները, թե՞ համաձայնագրի իրագործման պատասխանատուներին կարող է թվալ, որ սա «Եվրոպայից մի քիչ փող պոկելու» հնարավորություն է, «երկուսը կգրենք, երեքը կմտապահենք», իմիտացիա կանենք կգնա՝ ինչպես անցած քառորդ դարում, ու այնպես «կփոխենք», որ առանձնապես ոչինչ չփոխվի, իսկ կոռուպցիոն համակարգն ինքնապահպանման համար, մողեսի բնազդով՝ մի քիչ կհրաժարվի իր որոշ «պոչերից», որպեսզի պահպանի «գլուխը»:

Սերժ Սարգսյանի աննախադեպ հայտարարությունը կոռուպցիայի՝ ազգային անվտանգության սպառնալիք լինելու մասին, որով նա հանդես եկավ Հատուկ քննչական ծառայությունում, չափազանցություն չէ, այլ փաստի ուղղակի արձանագրում: Ավելին, կոռուպցիան ազգային անվտանգության թիվ մեկ ներքին սպառնալիքն է, որից ածանցվում են մի շարք այլ սպառնալիքները, այդ թվում՝ արտաքին, այդ թվում՝ մեր «դարավոր բարեկամությունը» կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից կառավարվող երկրի հետ, որի ազդեցության բոլոր լծակների հենման կետը կոռուպցիան է, այլ ոչ թե Պուշկինը, Չայկովսկին կամ Սախարովը, կամ էլ, ասենք, Արա Աբրահամյանի սարքած ռուսական եկեղեցին:

Սակայն մյուս ելույթում, տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարածքային կառավարման հարցերին նվիրված կոնֆերանսում, Սերժ Սարգսյանը, խոսքն ուղղելով այդ օղակի ներկայացուցիչներին, ըստ էության փաստում է, որ նրանցից «ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն»: «Ամո՛թ է»,- ասում է Սերժ Սարգսյանը: Անշուշտ, ամո՛թ է, բայց ոչ միայն, քանզի խոսք է գնում, ինչպես ընդունված է ասել, քրեական հանցագործության հատկանիշների մասին: Հետեւաբար սա ոչ միայն ամոթ է, այլեւ Քր.օր.-ի շատ կոնկրետ հոդված, եթե գործին տրվի համապատասխան ընթացք: Սակայն դժվար չէ պատկերացնել, որ երեւույթն այն աստիճանի է տարածված, որ եթե սկսի գործել ֆորմալ օրենքը, ապա երկրի մի կեսը պետք է հայտնվի բանտերում, իսկ մյուս կեսը դառնա նրանց համար բանտապահ, որպեսզի չփախչեն: Դժվար չէ նաեւ հետեւություն անել, որ մինչ այժմ նրանք, ում դեմ գործել է ֆորմալ օրենքը, առիթ են տվել կա՛մ իրենց լկտի պահվածքով, կա՛մ որպեսզի «վիճակագրություն համալրեն», կամ էլ գործել է Մուսոլինիի կանոնը. ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք, այն է՝ սելեկտիվ արդարադատություն:

Սակայն, դատելով Սերժ Սարգսյանի ելույթների բովանդակությունից, հարցը ոչ միայն չի լուծվում, այլեւ, ըստ էության, որակվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք: Ունենալով բավարար ծավալի եւ խստության օրենսդրություն՝ տեսնում ենք, որ խնդիրը լուծում չի ստանում՝ նույնկերպ, ինչպես միջնադարյան Ֆրանսիայում: Փարիզի Պլաս դը Գրեւ հրապարակում երբ հրապարակայնորեն գլխատում-քառատում-կախում-այրում էին գրպանահատներին, հրապարակում հավաքված եւ մահապատժի տեսարանն ըմբոշխնող ամբոխը հենց այդ րոպեների ընթացքում դառնում էր առավել հանդուգն գրպանահատների զոհը:

Այսինքն՝ գործ ունենք չգրված օրենքների փոփոխության հրամայականի հետ, օրենքների, որոնք հենված են բարոյական նորմերի, սովորույթի եւ ավանդույթի վրա: Դեռ Հին Հռոմում գիտեին դրա մասին: «Որոշ չգրված օրենքներ ավելի ամուր են, քան բոլոր գրված օրենքներն իրար հետ վերցրած»,- ասում էր Լուցիուս Աննեուս Սենեկան…

Իսկ սա այն դեպքն է, երբ գործում է բացառապես «արա՛ ինչպես ես» սկզբունքը: Ընդամենը մեկուկես տասնամյակ առաջ Վրաստանն առանձնանում էր կոռուպցիայի լեգենդար, ամենաէկզոտիկ դրսեւորումներով, կոռուպցիան ոչ թե երեւույթ էր, այլ կառավարման համակարգի կմախք: Միխեիլ Սաակաշվիլիի կողմից միայն հրամանը բավարար չէր լինի արմատախիլ անելու համար այդ տոտալ համակարգային գողությունը, եթե չլիներ իրական քաղաքական կամքը եւ անձնական օրինակը: Եվ միայն ա՛յդ ժամանակ երկրում հայտնվեցին անկաշառ ոստիկաններ, դատավորներ, մաքսավորներ, պետական այլ պաշտոնյաներ, բարձրակարգ ճանապարհներ, մեծածավալ ներդրումները եկան երկիր: Իհարկե, երկիրը չվերածվեց դրախտի, սակայն միանշանակորեն վերադարձավ այն ճանապարհից, որը հաստատապես տանում էր դեպի դժոխք:

Եթե հենց դա նկատի ունի Սերժ Սարգսյանը, ապա միայն կարելի է ողջունել, սակայն դժվար չէ պատկերացնել, թե քաղաքականապես եւ ֆինանսապես քանի ոտք ու գլուխ պետք է տրորվի այդ ճանապարհին, եւ ոչ միայն: Քրեական գործերը «խոշորին բռնելու» հետ կապված՝ նույնպես օրենքի, իսկ ավելի կոնկրետ՝ Քր.օր.-ի պահանջ է, որը, կարծես թե, ոչ ոք չի չեղարկել:

Իսկ հիմա նայե՛ք, թե ինչ որակի բարքեր են տիրում իշխող վերնախավում, լսե՛ք նրանց ցինիկ հայտարարությունները թանկացումների վերաբերյալ, որտեղ դրսեւորվում է, ինչպես կասեր «մեր ռազմավարական դաշնակցի» ղեկավարը, նրանց ցածր սոցիալական պատասխանատվությունը, ինչ աստիճանի քարանձավային մտքեր են արտահայտում որոշ քաղաքական գործիչներ եւ հոգեւորականներ տարբեր հարցերի շուրջ, երբ այդ մասին բանավեճերը Եվրոպայում ավարտվել են, ասենք, 400-500 տարի առաջ: Ուշադիր հետեւեք իրավապահ կառույցների ղեկավարների ծանր հոգոցներին, երբ լրագրողները կոնկրետ հարցեր են տալիս կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ արդյունքների բացակայության մասին: Եվ այստեղ է, որ օր առաջ պետք են «հաջողության պատմություններ», որոնք չկան, բայց դրա փոխարեն կան բազմաթիվ անպատասխան հարցեր:

Իհարկե, կյանքը ցույց տվեց, ի հեճուկս բոլշեւիկների կուռքի, որ «ամեն կուխարկա», այնուամենայնիվ, ոչ միայն ողջ երկիրը, այլեւ նույնիսկ գյուղ կամ վարչական շրջան չի կարող ղեկավարել, որ 21-րդ դարում կառավարումը ոչ միայն մեծ ծավալի գիտելիքներ է պահանջում՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հասարակագիտություն, մենեջմենթ, այլեւ հասարակության կողմից ընդունելի բարոյական նկարագիր, ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշվետվողականություն: Իսկ Մաքս Վեբերը դեռ հարյուր տարի առաջ հիմնավորեց, որ կապիտալիզմն առանց պատշաճ էթիկայի՝ բողոքական էթիկայի չի կարող գործել, եւ ամենեւին էլ դրա համար անհրաժեշտություն չկա՛ գնալ եւ դառնալ բողոքական: Բայց դրա համար անհրաժեշտ է ամենալայն կոնսենսուս հասարակության շրջանում ոչ այնքան նրա մասին, թե ինչ է պետք անել, որքան, թե ինչ պետք չէ՛ անել, չի՛ կարելի անել, եւ չի՛ կարելի ոչ մեկին: Եվ միայն դա՛ կարող է կոտրել այն արատավոր մտայնությունը, թե «սրանք գոնե կշտացել էին, նորերը եկան՝ ավելի ագահ են», որը տիրում էր, օրինակ, 90-ականներին եւ այնքան էլ անհիմն չէր, քանզի այդպես էլ ոչինչ չարվեց Նոր քաղաքացու՝ Անկախ պետության քաղաքացու ձեւավորման համար: Իսկ այդտեղ անելիք ունեն ընտանիքը, ուսուցիչը, հոգեւորականը, քաղաքական գործիչը, հանրությանը հայտնի ինտելեկտուալը, ստեղծագործողը, պաշտոնյան, երկրի քաղաքական դասը, փորձագիտական հանրույթը, քաղաքացին՝ ինքը, բոլորը:

Ֆորմալ առումով մենք ամեն ինչ ունենք այս արատից ձերբազատվելու համար. Սահմանադրություն, օրենսդրություն, Քրեական օրենսգիրք, դատարաններ, իրավապահ մարմիններ, նույնիսկ ելույթներ ամենաբարձր մակարդակով՝ կոռուպցիայից ձերբազատվելու անհրաժեշտության վերաբերյալ: Սակայն այդ ամենն իրականություն դառնալու համար այդ ողջ համալիրը պետք է ունենա ամուր բարոյական հիմք՝ նորովի ձեւավորված չգրված օրենքների ձեւով. սա՛ է օրվա հրամայականը: Այո՛, դրա համար Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թույլ է տալիս, որպեսզի կառավարման համակարգի առողջ եւ երիտասարդ, առաջադեմ եւ ինտելեկտուալ մասը դառնա գերակշռող, ընդլայնվի, ձերբազատվի ցինիկ, գավառամիտ, քարանձավային մտածողության կրողների բեռից եւ լուծի վերջապես այս խնդիրը՝ տանելով երկիրը դեպի անվտանգ եւ բարեկեցիկ ապագա:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031