Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կողբի համայնքապետ. «Երբ որ այս երկրում համայնքապետերին նայեն որպես համայնքապետի, ոչ թե որպես ընտրություն կազմակերպողի և ձայն բերողի, պատկերը այլ կլինի». «Ժամանակ»

Դեկտեմբեր 12,2017 10:40

Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, որը 7 տարուց ավելի է՝ համայնքապետ է, նշեց, որ իրենց կողմերը՝ սահմանամերձ համայնքներում, վիճակը բոլորովին այլ է։ Սերժ Սարգսյանի նկարագրած երևույթները չկան։ «Համայնքի բյուջեն խղճուկ բյուջե է։ Պետք է ուտելու բան էլ լինի, որ ուտեն։ Թե չէ փող ուտելն այդքան հեշտ բան չէ։ Սահմանամերձ համայնքներում բոլոր համայնքապետերը վարկերի տակ են։ Ում էլ հարցնեք՝ վարկ ունի։ Ես մի համայնքապետի չեմ ճանաչում, որ տենց փող ուտող ա կամ կերել ա արդեն։ Բայց եթե Սերժ Սարգսյանն ասում է, ուրեմն գիտի մի բան»,- հավելեց մեր զրուցակից համայնքապետը։

Աղաբաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ելույթը, հանձնարարականները փող ուտողների կամ միջնորդողների համար զսպող դեր չի կարող ունենալ, քանի որ դա նրանց էությունն է, աշխատաոճը։ «Մարդու տեսակից է կախված։ Համայնքի ղեկավար լինելը ամեն մարդու գործ չէ։ Սա ասֆալտի գործարան չի, որ գնաս դառնաս տնօրեն, ժամը 18-ին էլ գործից գնաս տուն։ Համայնքի ղեկավարը 24 ժամ պետք է աշխատանքին լծված լինի։ Համայնքի ղեկավարը պետք է տեսակով ղեկավար լինի, նա չպետք է ժողովրդի փող ուտող լինի։ Բայց, իհարկե, կան համայնքի ղեկավարներ, որ իմ նշած տրամաբանությամբ են առաջնորդվում։ Էս երկրում ով է իր տեղում որ։ Համայնքապետեր կան, որ բացարձակ տեղյակ չեն իրենց կարգավիճակից, լիազորություններից ու պարտականություններից»,- նշեց Կողբի համայնքապետը։

Դիտարկմանը, թե այս վիճակը չի՞ առաջացել նույն իշխանության մեղքով, նրա՞նք չեն ժամանակին ներել ՀՀԿ-ական համայնքապետերի տարբեր չարաշահումներ ու հանցագործություններ՝ միայն թե համայնքի ղեկավարը մնա իրենց ցանկալի անձը, ով ընտրություններին ձայներ է ապահովում իրենց համար։ «Երբ որ այս երկրում համայնքապետերին նայեն որպես համայնքապետի, ոչ թե որպես ընտրություն կազմակերպողի և ձայն բերողի, պատկերը այլ կլինի։ Համայնքի ղեկավար լինելը շատ լուրջ առաքելություն է, քան ընտրություն կազմակերպելը, երբ նրա վրա կոնկրետ պարտականություն է դրվում սրա-նրա համար այսքան ձայն ապահովել։ Մի բան էլ ընտրությունից հետո ասեն՝ լավ է աշխատել, թե ոչ։ Կրկնում եմ՝ երբ որ իրենք համայնքապետին նայեն որպես համայնքի ղեկավարի, նման դժգոհությունների առիթ չի լինի։ Ես այսքան տարի է՝ համայնքապետ եմ, մի դրամ մեկին չեմ տվել, որ ինձ ընտրեն կամ մեկի համար ձայն ապահովեն։ Սահմանամերձ համայնքներում պատկերն այլ է, բայց չեմ բացառում, որ շատ համայնքներում նաև համայնքապետերն են փողով ընտրվում, նրանք ընտրություն կազմակերպող են, փող ուտող։ Մի բան հաստատ գիտեմ, որ մեր երկրում շատ մարդ իր տեղում չէ, դրա համար էլ էս պատկերն է»,- եզրափակեց Աղաբաբյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031