Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանը՝ Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի մասին. «Երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն». «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2017 10:54

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ։

Ձեր կուսակից Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կարեւոր է՝ կարագն ու միսը թա՞նկ են, թե՞ էժան:

-Չեմ կարող դրական վերաբերմունք ունենալ, որովհետեւ դա, իմ խորին համոզմամբ, վայել չէ սոցիալական հանձնաժողովի նախագահին: Հատկապես:

Իսկ իշխող կուսակցության ներկայացուցչի համա՞ր, որը պետք է պատասխանատու լինի, որ մարդիկ կարողանան նաեւ միս ու կարագ գնել:

-Գիտեք՝ Հանրապետական կուսակցությունում էնքան պատահական մարդիկ են առաջ քաշված պաշտոնների, որ, իհարկե, մեր կուսակցության տեսակետը չէ, այլ մարդկանց, որոնք ապրում են ճոխության մեջ եւ, բնականաբար, չեն կարողանում հասկանալ աղքատ մարդկանց վիճակը: Հետեւաբար, ես ոչ բոլորին եմ ընդունում որպես կուսակցական ընկեր եւ հատկապես նրանց, ովքեր չեն ապրում ժողովրդի վիճակով: Կոնկրետ ինձ համար ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը որ կուսակցությունն է ներկայացնում։ Ես ունեմ այդ սկզբունքները եւ դրանցով առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում:

Չե՞ք կարծում, որ ՀՀԿն Հակոբ Հակոբյանի ասածների համար պետք է ներողություն խնդրի ժողովրդից:

-Ոչ, ուղղակի պետք է կուսակցությունը միջոցներ ձեռնարկի: Չգիտեմ՝ ինչ կարող է անել, բայց կուսակցությունը պետք է անպայման իր վերաբերմունքը ցույց տա՝ լինի կուսակցության խորհուրդ, Գործադիր մարմին։ Բա հո էդպես չի՞ լինի, որ կուսակցության պատասխանատու դեմքերից մեկը նման անպատասխանատու հայտարարություն է անում:

Բա ո՞նց ստացվեց, որ ինքը, լինելով 100 տարվա հանրապետական, նման անպատասխանատու հայտարարություն արեց:

-Չեմ կարծում, որ Հակոբ Հակոբյանը 100 տարվա հանրապետական է: Մի հատ լավ ուսումնասիրեք նրա կենսագրությունը: Եվ հետո՝ ուզում է 100 տարվա լինի, դա իմ կարծիքն է, հարցնում եք՝ ասում եմ։ Ի՞նչ նշանակություն ունի, թե քանի տարվա կուսակցական է: Սա իմ վերաբերմունքն է ոչ միայն Հակոբ Հակոբյանի, այլեւ բոլորի, հատկապես էն մարդկանց նկատմամբ, որոնք չեն մտնում ժողովրդի ծանր վիճակի մեջ: Նույնը վերաբերում է Խոսրով Հարությունյանին, նա էլ հո հանրապետական չէ՞: Եվ չեմ էլ հասկանում՝ նա ի՞նչ կուսակցություն է ներկայացնում: Եվ նրանք, ովքեր էդպես հեշտությամբ ԱԺ պատգամավոր են դառնում, նույնքան հեշտությամբ վերաբերվում են բառերին, մտքերին: Հետեւաբար, երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031