Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Քաղցկեղով հիվանդացությունների եւ մահացությունների ցուցանիշով Հայաստանը երկրորդ երկիրն էր՝ Զիմբաբվեից հետո». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 12,2017 10:59

Հարցազրույց բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերթական անգամ ահազանգել է՝ քաղցկեղով հիվանդացությունների եւ մահացությունների ցուցանիշներով Հայաստանն առաջատար դիրքերում է։ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները նույնպես փաստում են, որ վերջին 20 տարիներին քաղցկեղով հիվանդացության եւ մահացության կտրուկ աճ կա Հայաստանում՝ հիվանդացություններն աճել են կրկնակի, իսկ մահացության դեպքերը՝ 1,6 անգամ, մինչդեռ աշխարհում գոնե մահացությունների առումով դրական տեղաշարժ է նկատվում: Ի՞նչն է նպաստում այդ հիվանդության տարածմանը՝ մասնավորապես Հայաստանում:

-Այո, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղով հիվանդացությունների եւ մահացությունների ցուցանիշով Հայաստանը երկրորդ երկիրն էր՝ Զիմբաբվեից հետո, դա մեզ համար ամոթալի եւ ահազանգող փաստ է: Նշեմ, որ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ մշտապես բանավեճի մեջ ենք այդ հարցում: Նրանք պնդում են, թե իրականում ոչ թե հիվանդացության, այլ հիվանդության հայտնաբերման դեպքերն են ավելացել, ինչով էլ պայմանավորված է այդ բարձր ցուցանիշը:

Ես համաձայն չեմ նրանց հետ:
Որքան էլ պետական կառույցները հերքեն՝ դա նախեւառաջ անխնա, անվերահսկելի հանքարդյունաբերության ուղղակի հետեւանք է: Պարզ է, եթե իրավասու կառույցներն ընդունեն այդ փաստը, պետությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել հանքերի շահագործումը մեզանում արգելելու համար, որովհետեւ դրանց բացասական հետեւանքներն արդեն ահռելի չափերի են հասնում: Բայց քանի որ կառավարությունն առաջնորդվում է բիզնեսը գերակա շահ համարելու սկզբունքով, մարդկանց, ազգաբնակչության կյանքն ու առողջությունը երկրորդական են դիտվում:

Այն, որ հանքարդյունաբերության եւ քաղցկեղի տարածման միջեւ անմիջական կապ կա, փաստում է նաեւ այդ հիվանդության աշխարհագրությունը: Այն մարզերում, որտեղ հատկապես ծանր մետաղների մշակման հանքեր են գործում, հանքարդյունաբերությունն ակտիվ զարգացած է, պոչամբարները խիտ կենտրոնացած են, տոկոսային հարաբերությամբ քաղցկեղով հիվանդացությունների եւ մահացությունների դեպքերն ամենաշատն են:

Խոսուն օրինակներն են Սյունիքի եւ Լոռու մարզերը: Ի դեպ, դա ոչ միայն քաղցկեղի տարածմանը, այլեւ արատավոր երեխաների լույս աշխարհ գալուն է նպաստում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին 10 տարիներին ավելացել է արատներով ծնվող նորածինների թիվը, ինչի մասին առողջապահական վիճակագրական տվյալները լռում են:
Ինչպե՞ս է հանքարդյունաբերությունն ազդում մարդու օրգանիզմի վրա եւ հիվանդություններ առաջացնում: Սրա մասին շատ մասնագետներ են խոսում, ահազանգում ու զգուշացնում, որ հանքերի անպատասխանատու եւ փնթի շահագործման հետեւանքով ծանր մետաղներով ու թունավոր նյութերով աղտոտվում է հողը, ջուրը, օդը, իսկ եթե հողն ու ջուրն աղտոտված են, ապա այդ նյութերն անցնում են նաեւ գյուղատնտեսական մթերքների մեջ:

Սյունիքում եւ Լոռիում գյուղատնտեսական հողերը բավական շատ են, եւ շատ հատվածներում այդ միմյանց հակասող ոլորտները՝ հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, կողք կողքի են: Այնպես որ միանշանակ կարելի է ասել, որ այդ մթերքը պիտանի չէ օգտագործման համար, առողջապահական լուրջ ռիսկեր է առաջացնում: Ի դեպ, դրա մասին են վկայում նաեւ մարզերում մասնավոր ընկերությունների իրականացրած ուսումնասիրությունները:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031