Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը տորթ չէ, որ բոլորն ուզում են կիսել ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 14:12

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը համարեց պատմական իրադարձություն:

Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը շեշտեց. «Պետք է հստակ գիտակել, որ այդ համաձայնագիրն իր ձևի մեջ եզակի փաստաթուղթ է: Այն դեռևս միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է մի պետության հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Համաձայնագրի ամբողջ հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, կարող է նաև հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»:

Ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ ՀՀ-ի՝ եվրոպական ինքնությունը դույզն իսկ կասկածի տեղիք չի տալիս, և, բնականաբար, յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ընտրի այն արժեհամակարգը, որն իրեն հարազատ է:

Aravot.am-ի դիտարկմանը՝ որքան էլ Ֆրանսիայի դեսպանը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը համարի եզակի և պատմական, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թերահավատ է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի հետ Եվրամիության պայմանագրերը զգալի փոփոխությունների կհանգեցնեն, քանի որ այդ երկրներում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, Ժոնաթան Լաքոթն արձագանքեց. «ՌԴ-ն ներկա է ՀՀ տնտեսական ընդհանուր համայնապատկերում. սա ակնհայտ է, բայց մենք, եվրոպական այլ երկրներ ևս ուզում ենք մեր բաժին մասնակցությունը տեսնել ՀՀ տնտեսական համատեքստում: ՀՀ տնտեսությունն այն գաթան կամ տորթը չէ, որ բոլորն ուզում են կիսել, այլ այն տորթն ու կարկանդակն է, որը բոլորը ցանկանում են ավելի մեծացնել»:

Դեսպանի հավաստմամբ՝ ֆրանսիական ձեռնարկությունները, որոնք ցանկանում են գալ ՀՀ, միանգամայն գիտակցում են, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և իրենց առաջ պիտի ունենան ռուսական մրցակցային դաշտ:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունները դեսպանը գնահատեց «գերազանց»: Նա տեղեկացրեց, որ 2018-ին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան. այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Ժոնաթան Լաքոթն ընդգծեց համալսարանական եւ ընդհանուր կրթական ոլորտի կարեւորությունը և օրինակ բերեց Ֆրանսիական համալսարանը: Այնուհետև տեղեկացրեց, որ մյուս տարվանից այս համալսարանում կբացվի նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Դառնալով հարցին՝ ի՞նչ շոշափելի դրական փոփոխություններ կտա համաձայնագիրը ՀՀ քաղաքացիներին, պարոն դեսպանն օրինակ բերեց այն, որ հայկական ձեռնարկությունները հնարավորություն կունենան մասնակցել ԵՄ անդամ երկրների կողմից հայտարարված հայտամրցույթներին, ՀՀ-ն կկարողանա դասվել Եվրամիության սպառողների պահպանության ընդհանուր միությանը: Համաձայնագրի ստորագրումով ՀՀ կողմից ստանձնած բարեփոխումները նշանակում են հնարավորինս մոտենալ եվրոպական չափորոշիչներին: Սակայն դեսպանը շեշտեց, որ սրանք այնպիսի բաներ չեն, որոնք միանգամից կզգացվեն:

Դառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ Ժոնաթան Լաքոթը նշեց, թե այն ժամանակատար գործընթաց է և հստակեցրեց. «Այդ գործընթացը ավելի շատ պետք է սկսվի հայտ ներկայացնող պետությունում, քան Բրյուսելում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031