Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակոբ Հակոբյանը բոլորովին չէր ուզենա կրուտոյ տղայի կարգավիճակում լինել». Հրանուշ Խառատյան

Դեկտեմբեր 12,2017 15:14

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար կարևոր չէ այն, թե ինչ են ասել ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը:

«Մեդիա կենտրոնում» «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով քննարկմանը տիկին Խառատյանն այս առիթով մանրամասնեց. «Կարևորն ամփոփումն է, որ մենք՝ պետությունն, այստեղ անելիք չունի: Հակոբ Հակոբյանը ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահն է, որը երկրում հենց այդ հարցերի կարգավորմանն ուղղված քաղաքականություն պիտի ձևավորի: Փաստորեն, պետությունն անելիք չունի մի տեղ, որտեղ բնակչության 30 տոկոսն իր կենսաապահովման նվազագույնի համար միջոցներ չունի: Հակոբ Հակոբյանը բոլորովին չէր ուզենա «կրուտոյ տղայի» կարգավիճակում լինել, հավանաբար շատ կուզենար չափված, ձևված, համապատասխան ոճի մեջ լինել: Ենթադրելի է, որ այս դեպքի հետ կապված կուսակցության ներսում քննարկում, զրույց, որոշում է եղել, որ իշխանությունը այստեղ անելիք չունի: Այս մարդն ուղղակի մասսայականացրել է այդ որոշումը: Վստահ եմ՝ դժվար թե կամովին, այլ ակամա»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խնդիրը մի քանի հարթություններում դիտարկեց: Ըստ նրա՝ նման հայտարարությունները նաև գավառական մոտեցման արդյունք են. «Հաջորդն այն է, որ մեզ մոտ իշխանությունն արդեն վաղուց կտրված է հասարակությունից և չի պատկերացնում, թե ինչ է կատարվում ստորին շերտերում: Իրենք իրենց շրջապատով են հանդիպում հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին և նրանց համար երկրորդական է, թե հանրությունն ինչպես է ապրում: Անկախ իրենցից նման հայտարարություններ են անում և չեն էլ պատկերացում, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա: Նրանք թքած ունեն հանրության կարծիքի վրա: Իսկ քանի որ կուսակցությունում չկա ներքին դեմոկրատիա, անպայման պետք է մեկը մյուսին պաշտպանի՝ թեկուզ հիմարություն ասելով: Իրենք այդ աղքատներին չեն համարում պետության մասնիկ, այլ համարում են օգտագործվող օբյեկտ»:

Պարոն Իշխանյանը վրդովվեց, թե նույն հակոբ հակոբյաններն ամբողջ ազգային հարստությունը կարողացել են իրենց կարծիքով՝ «շուստրի ձևով» իրենցով անել, այն դեպքում, երբ դա բոլորին էր, նաև այդ աղքատներինը, որոնք չեն կարողանում կարագ առնել, և հիմա ծաղրում են նրանց:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ այս իրավիճակի պատճառը նաև ձախակողմյան գաղափարախոսության բացակայությունն է. «Այս նույն հակոբ հակոբյանները Զիմզիմով են՝ որ մեկին դեսը բոթե, մեկելին դենը բոթե, մեր ղոչաղը նայե: Մեզ մոտ տիրում են զիմզիմովյան ղոչաղյան տրամադրությունները, բայց չկա այդ ձախակողմյանը, որ հակակշռի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031