Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի 2018 թվականի տարեկան բյուջեի քննարկումը հետաքրքրել էր ավագանու միայն մի քանի անդամների (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 15:20

Վանաձոր համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեն հաստատելու համար այսօր հրավիրվել էին հանրային բաց լսումներ: Քննարկմանը ներկայացել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության 7 եւ Հայկական վերածնունդ կուսակցության 1 ներկայացուցիչ, քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ:

Քննարկման սկզբում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի քաղաքի բյուջեն կազմելիս փորձել են հույսը դնել միայն սեփական եկամուտների վրա. «Աշխատել ենք բյուջեն կազմելիս հիմնականում հենվել սեփական ուժերի վրա: Ավելի շատ ցանկացել ենք, որ բյուջեն կազմելիս առաջնորդվենք մեր սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ, եւ հանիրավի կառավարության վրա ծանրություն ու պարտավորություն չդնելով: Որովհետեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեր մասնավոր զրույցներում, մեզ վստահեցրել են, որ հարկ եղած դեպքում կամ միջոցների առկայության դեպքում մեզ գումարներ, իհարկե, կհատկացվեն: Բայց մենք բյուջեում ակնկալիքով գումար չենք հատկացրել»:

Քննարկման ընթացքում ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը լրագրողներից հետաքրքրվեց. «Էս ինչպե՞ս է, որ մյուս լրագրողները չկան, միայն դու՞ք եք»:

Քալանթարյանի հարցին ի պատասխան, հնչեցին կարծիքներ. «Չեն կարեւորել, չեն եկել: Քաղաքացիներից էլ մինչեւ այս պահը ոչ մի առաջարկություն չի եղել»:

«Քննարկումները հետաքրքիր են, նաեւ խմբակցությունները պետք է մասնակցեն: Սա նիստ չէ, սա քաղաքի հետ կապված լրջագույն գործընթաց է: Ես շատ զարմանում եմ եւ վրդովված եմ, ինչքան կարելի է չմասնակցել քաղաքի կառուցողական գործառույթին»,- ավելացրեց Քալանթարյանը:

«Էն մարդիկ, ովքեր հակված են աշխատելու, աշխատանքի միջոցով առաջարկություններ կամ ուղղություններ տալու, իրենք միշտ էլ ակտիվորեն մասնակցում են կամ կմասնակցեն: Իսկ ովքեր, որ ուղղակի իրենց համար տեղ են թողնում մերկապարանոց հայտարարություններ անելու համար, այդ մարդիկ էլ զուտ այդ գործով են զբաղվելու, որ ականջի կամ աչքի համար հաճելի շոուներ կազմակերպեն, որը բնավ քաղաքի բյուջեի կամ իրատեսականության հետ չի առնչվում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նա անդրադարձավ նաեւ վերջին շրջանում մամուլում քննարկվող Վանաձորի քաղաքապետարանին պատկանող ծառայողական մեքենաներին վերաբերող հարցին: Նշեց, որ այդ մեքենաները բավականին հին են, ինչի պատճառով էլ առաջանում են մի շարք խնդիրներ, իսկ ամենանոր մեքենան 2008 թվականի արտադրության է. «Այդ ծախսերը, որոնք որ ներկայացվում են, այդպես չէ, այդքան գումարներ չեն ծախսվել: Դրանք նախատեսված գումարներ են: Այն «Նիվա» ավտոմեքենայի համար, որ այդքան չարչրկվում էր, այդ մեքենան վթարի է ենթարկվել: ԱՊՊԱ-ից ստացվող գումարը բնականաբար այդ մեքենայի հաշվին է նստել, դրա համար է գումարն այդքան մեծ է: Բայց այդ մեքենայի համար դրա կեսից պակաս է գումար ծախսվել»:

Քննարկման ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը հանդես եկավ առաջարկությամբ. «Խմբակցությունների օրենքի պահանջ է, նախատեսվում է, որ խմբակցություններում պետք է լինի գործավար, փորձագետներ: Եթե գոնե գործավարներ լինեն, լավ կլինի»:

«Պարոն Մատինյան, բնականաբար 2 միլիարդանոց բյուջեում ավագանու ու ֆրակցիայի աշխատանքները կազմակերպելու համար մենք էդ 5 միլիոն դրամը կգտնենք: Բայց ոչ թե բյուջեի մեջ փոփոխություն կատարելու միջոցով, այլ պայմանագրային ճանապարհով»,- վստահեցրեց համայնքի ղեկավարը:

Հարցեր եղան նաեւ՝ տեղական տուրքերի ու վճարների հավաքագրման, քաղաքի աղբահանության հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031