Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտոնությունով բնակարան ձեռք բերողների մեջ մեկ անձ կա, որը եռամսյակը մեկ 6.6 մլն դրամի եկամտահարկ է հետ ստացել պետությունից»

Դեկտեմբեր 12,2017 16:38

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը հրավիրած արտահերթ նիստում հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում կատարել եւ մասնավորապես, փոխում է հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման դրույթը: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ դա տարեկան 2.8 մլրդ դրամի բեռ է եղել պետության վրա ու 3 տարի անց կառավարությունը հասկացել է, որ այդ գումարը ծախսելու ավելի առաջնային տեղեր կան:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց՝ 3 տարին շատ մեծ ժամանակ չէ՞ր դա հասկանալու համար, որ անարդյունավետ է այդ ծախսը, միգուցե պետք էր ավելի շուտ հասկանալ՝ փոխնախարարը համաձայնեց դիտողությանը: Նա ասաց, որ երբ ուսումնասիրել են, պարզել են, որ արտոնությունով բնակարան ձեռք բերողների մեջ մեկ անձ կա, որը եռամսյակը մեկ 6.6 մլն դրամի եկամտահարկ է հետ ստացել պետությունից, այսինքն, այդքան անշարժ գույք է ձեռք բերել: Թե ով է այդ անձը, փոխնախարարը չասաց՝ վստահեցնելով, թե իրենք էլ չգիտեն, կոդավորված է:

Իսկ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ ի սկզբանե պետք է պարզ լիներ, որ դրանից պետք է օգտվեր միջին խավը, որը դեռ գնողունակ է: Ըստ նրա, հարուստները վարկով տուն չեն գնի:

Թանդիլյանի համար զարմանալի է, ինչո՞ւ են սահմանափակում օրենքով եւ ասում, որ պետք է անպայման մինչեւ 55 մլն դրամանոց բնակարան ձեռք բերի, այսպես թե այնպես սահմանափակում են եկամտահարկի հետ ստացման չափը՝ 1,5 մլն: Նա ասաց, որ կարող է ես եմ՝ բազմազավակ ընտանիք եմ, տասը տարի գումար եմ կուտակել, որ բնակարան ձեռք բերեմ, ինչո՞ւ եք դուք միջամտում, թե ես ինչպես լուծեմ իմ սոցիալական խնդիրները. «Տան արժեքը պետք է դուրս գա, դուք չեք կարող իմ փոխարեն որոշել»: Ըստ Թանդիլյանի, այնպես չի, որ սա մեծ բեռ է պետության վրա, հատկապես, որ շինարարությունը կակտիվանա, խթան կլինի:

Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ այլեւս շինարարական բում դժվար թե լինի ՀՀ-ում, նման կանխատեսում չկա, բացի այդ, կան արդեն իսկ կառուցված եւ չիրացված բազմաթիվ բնակարաններ ՀՀ-ում: Ինչ վերաբերում է միջին խավին, նա ասաց, որ ամսական 1 մլն դրամ եկամուտ ունեցողը ՀՀ-ում միջին խավ չի, հարուստ է. «Ես դա ցավով եմ ասում, ՀՀ-ում աղքատությունը այնքան է, որ մենք այսօր 1 մլն դրամ ունեցողին խիստ վերապահումով կանվանենք միջին խավ»:

Ինչ վերաբերում է շեմին, Դավիթ Անանյանն ասաց, որ կառավարությունը չի ուզում նույնիսկ մասնակիորեն հարուստին օգնել բնակարան ձեռք բերելիս. «Եթե հարուստը էլիտար շենքում ձեռք է բերել 250 մլն-անոց տուն, գնում վարկ է վերցնում 50 մլն-ի մասնակի ֆինանսավորումով, ես չեմ ուզում նույնիսկ մասնակիորեն ֆինանսավորել նրա՝ գույքի ձեռք բերումը: Հարուստը չի գնալու 55 մլն-անոց տուն առնի: Դա առնելու է միջին խավը: Մեր նպատակադրումը դա է»:

Դավիթ Անանյանն ասաց, որ ավելի մեծ հաճույքով եկամտահարկը կվերադարձնեն մարդկանց, եթե բիզնես դնի, քան թե իր գումարները տանի սառեցնի՝ բնակարան ձեռք բերելով, անշարժ գույք գնելով: Մարդը եթե ունի բնակարանի կարիք, պետությունը իր կողքին կկանգնի, բայց՝ միայն մեկ անգամ:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ միջամտեց, որ ավելի լավ է հարուստն իր փողը դնի շինարարության մեջ, որը էլի կբերի տնտեսական աճի, քան թե պահի իր մոտ. «Այդ փողը ի վերջո գնալու է կամ դուրս կամ ոչ մի տեղ էլ չի գնալու: Ամբողջ շղթան նայեք՝ շինանյութի արտադրություն, շինարարություն»:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը պլանավորել է մինչեւ 2040-ը դառնանք 4 մլն, ուրեմն եթե մարդը 3 տղա ունի, ուզում է իր տղաներին հայկական ավանդույթով տներով ապահովել, չի՞ կարող օգտվել այս համակարգից: Բացի այդ, նա ասաց, որ 55 մլն-ի շեմը վիճելի է, դա անում է 150 հազար դոլար:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ ֆիննախը կառավարությունում առաջարկել է շեմը սահմանել 40 մլն, վարչապետն է ասել, որ դա ճիշտ թիվ չի, քննարկելով՝ սահմանել են 55 մլն. «Աստված պահի բոլորի որդիներին, թող բոլորը շատ որդիներ ունենան, բայց երկիրն էլ հարուստ լինի, այս շեմը բարձրացնի: Հիմա երկիրը չունի մեծ հնարավորություններ»:

ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանն էլ առաջարկեց, որ մեկ շեմ սահմանեն՝ բնակարանի գնի 55 մլն-ը, բայց չսահմանափակեն, թե քանի անգամ կօգտվի դրանից, որովհետեւ ընտանիք է, կարող է ընդլայնվել, նոր բնակարան ձեռք բերեն՝ ավելի մեծ: Փոխնախարարն էլ ասաց, որ մեր երկիրը այդ հնարավորությունը չունի, որ մեկ անձի կողքը կանգնի մի քանի անգամ, պետք է կանգնի մեկ անգամ, իսկ եթե 5-6 անգամ պետք է օգնեն, դա արդեն բիզնեսի մասին է խոսում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031