Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղում ցուցարարները քարեր, շշեր, փայտեր են նետել մեր ուղղությամբ». վկա ոստիկաններ

Դեկտեմբեր 12,2017 17:04

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա ցուցմունք տվեց ոստիկան Ժիրայր Սարգսյանը, որը դատարանին հայտնեց՝ ծառայություն է կատարել Որմնադիրներ-Գլինկա փողոցների հատման վայրում:

Նրա պատմելով՝ աղմուկ են լսել Սարի թաղի վերեւի հատվածից, որտեղից քաղաքացիները՝ երթի մասնակիցները, քարեր են նետել. «Նույնիսկ մեզ էին քարերը հասնում: Շիշ, փայտ էին շպրտում: Մեր միջեւ ոստիկանների մեկ այլ ջոկատ կար, որը մեզանից վերեւ էր»:

Անդրիաս Ղուկասյանին առնչվող գործողությունների մասին, սակայն, Ժիրայր Սարգսյանը դատարանին ոչինչ չհայտնեց՝ միայն նշեց, որ Ղուկասյանին չի էլ տեսել: Նա չհիշեց, թե արդյո՞ք երթի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական շարքերը:

Մյուս վկան՝ ոստիկան Կարեն Հունանյանը եւս պատմեց, որ քաղաքացիները ոստիկանների ուղղությամբ շշեր ու քարեր են նետել: Հունանյանը տեղեկացրեց, որ քաղաքացիների են բերման ենթարկել, որովհետեւ վերջիններս բղավում էին:

Նրա բացատրությունը զարմացրեց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանին: Նրա հարցերին ի պատասխան վկան այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե ինչ խախտման համար էին ցուցարարներին բերման ենթարկել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031