Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ

Դեկտեմբեր 12,2017 17:12

Գործողություն 2. Չեղյալ համարել ՀՕՊ միավորված համակարգը և Զորքերի (ուժերի) միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրերը[i]

Ռուսական գաղութատիրության խորացման մի նոր փուլի հաստատման իրավական հիմքեր են ստեղծել ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին 2015թ. դեկտեմբերի 23-ի և ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրերը:

Հարկ ենք համարում նշել, որ համաձայնագրերի անվանումները խաբուսիկ են: Դրանցով իրականում ստեղծվում են ոչ թե կողմերի հավասար և նրանց ինքնուրույնությունը երաշխավորող միավորված, այլ ռուսական կողմի գերակա դերով միասնական (միացյալ) ՀՕՊ համակարգ և ցամաքային զորքերի (ուժերի) խմբավորում:

Ռուսաստանից Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգային-պաշտպանական (այդ թվում՝ սպառազինական, ռազմատեխնիկական, ռազմատեղեկութային) և այլ ոլորտներում համակարգային կախյալությունը, այն փաստը, որ ՀՀ պետական կառավարման համակարգը և, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռուսական գաղութատիրության գործիքներ են, նշված համաձայնագրերով ռուսական կողմին վերապահված գերակա դերը վերածում են դրանցով ստեղծվող ՀՕՊ համակարգի և Զորքերի խմբավորման նկատմամբ ռազմավարական կառավարման:

Այդ պատճառով ճշգրիտ կլինի համապատասխանաբար կիրառել ՀՕՊ միասնական (կամ միացյալ) համակարգ և Զորքերի միասնական (կամ միացյալ) խմբավորում անվանումները:

Դիտարկվող համաձայնագրերով Հայաստանի ՀՕՊ համակարգի հիմնական մասի և Նախիջևանի ու Թուրքիայի ուղղությամբ տեղակայված ցամաքային զորամիավորումների նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական կառավարում հաստատելու հետևանքով.

ա)Հայաստանի (ներառյալ Արցախը) պաշտպանությունը զգալի չափով հանվում է հայկական կամքի ու հնարավորությունների տիրույթից, քանի որ մենք զրկվում ենք երկիրը բոլոր կողմերից օդային, իսկ Նախիջևանի ու Թուրքիայի կողմից՝ նաև ցամաքային հարձակումներից պաշտպանելու, այդ թվում՝ հարկ եղած դեպքում Նախիջևանի ուղղությամբ հակահարձակվելու ինքնուրույն հնարավորությունից,

բ)ՀՕՊ միասնական համակարգը և Զորքերի միացյալ խմբավորումը, ինչպես նաև համաձայնագրերին համապատասխան դրանց հատկացվող լրացուցիչ ուժերն ու միջոցները (նկատի ունենք դրանց հայկական բաղադրիչները) ռուսական կողմի կամքով կարող են դուրս մնալ Արցախը պաշտպանելու՝ մեր ունեցած ռազմական կարողության հաշվեկշռից, այսինքն՝ չեն կարող մասնակցել Արցախի պաշտպանությանը,

գ)սահմանափակվում է Հայկական կողմի, հատկապես Զորքերի միացյալ խմբավորման կազմում ներգրավված ցամաքային զորամիավորումների ուժերն ու միջոցները Նախիջևանի ու Թուրքիայի ուղղությունից բացի այլ ուղղությամբ կիրառելու հնարավորությունը:

Այս համաձայնագրերով Հայկական բանակի նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներ ձեռք բերելը Ռուսաստանին անհրաժեշտ է իր շահերն իրացնելու նպատակով առաջիկա հավանական պատերազմում մեր ռուսաստանահպատակ վարքը և պարտությունը երաշխավորելու, ինչպես նաև առհասարակ՝ Կուր-Արաքսյան միջակայքում Հայկական Նոր Հանրապետությունը (Կուր-Արաքսյան Հանրապետություն) հաստատելով՝ մեկ դար առաջ ռուս-թուրք գործակցությամբ ձևավորված, սակայն այսօր քայքայման ռեալ միտումներ ցուցանող, տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելու և հայկական գործոն ստեղծելու հեռանկարը բացառելու համար:

Մեզ համար գոյութենական սպառնալիքներ կարող են առաջացնել նաև նշված համաձայնագրերով ստեղծվող վիճակի ածանցյալ հետևանքները:

Հայկական բանակի ռազմավարական կառավարումը Ռուսաստանին հանձնելով և ըստ էության նրա կցորդը դառնալով, մենք կորցնում ենք գործընկեր լինելու և այլընտրանք ունենալու հեռանկարը, դառնում թիրախ Ռուսաստանի հակառակորդների համար: Նույն Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի այլ խաղացողների համար վերածվում ենք մեր հաշվին դաշինքներ կազմելու և առևտուր անելու մատչելի ռեսուրսի:

Մասնավորապես, Ռուսաստանը կարող է Հայկական բանակի ՀՕՊ-ի և նշված զորամիավորումների նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներն օգտագործել Թուրքիայի հետ իր պարբերական սիրախաղերի ու հակամարտությունների ցիկլերի մեջ մեզ ներքաշելու և, ինչպես միշտ, մեր տարածքի վրա ու մեր հաշվին իր շահերն իրացնելու համար: Իր հերթին՝ Թուրքիան կարող է օգտվել առիթից և հնարավորություն ստանալ միջամտելու հայ-ադրբեջանական հավանական պատերազմին:

Նկարագրված վիճակից դուրս գալու և նշված սպառնալիքներից զերծ մնալու նպատակով անհրաժեշտ է չեղյալ համարել դիտարկվող համաձայնագրերը և վերաստանձնել Հայկական բանակի ռազմավարական կառավարումը:

Վարուժան Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031