Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժպտում եք, համաձայն եք, որ անհեթեթություն է». «Ծռերի» պաշտպանը՝ դատախազներին

Դեկտեմբեր 12,2017 17:22

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների շահերի պաշտպաններից Լուսինե Սահակյանը միջնորդեց մեղադրող-դատախազներից պահանջել հստակեցնել ամբաստանյալներին մեղսագրվող արարքները: Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրողները «կոլեկտիվ մեղադրական եզրակացություններ» են առաջադրել՝ չնշելով, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրն ինչ արարք է կատարել: Որպես օրինակ պաշտպաններից Արայիկ Պապիկյանը նկատեց՝ Գեւորգ Իրիցյանի եւ Թաթուլ Թամրազյանի մեղադրական եզրակացություններում նշված է մի հանգամանք, որը նրանց հետ կապ չունի: Խոսքը, ինչպես Պապիկյանը նշեց, հետեւյալ նախադասության մասին է. «Արմեն Բիլյանի կողմից սպանվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից՝ Արթուր Վանոյանը»:

Արայիկ Պապիկյանը նկատեց, որ մեղադրող-դատախազներից Արթուր Չախոյանը ժպտում է, ու ասաց. «Եթե ժպտում եք, դուք էլ եք համաձայն, որ անհեթեթություն է»: Մյուս մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանը նկատեց՝ Չախոյանը չի ցանկանում ասել, թե ինչի վրա է ծիծաղում: Ապա Ենոքյանը նշեց, որ մեղադրական եզրակացություններում ամբաստանյալներին մեղսագրվող արարքները հստակ նշված եւ նկարագրված են. «Բացի այդ, սա մամուլի ասուլիս չէ, որ հարցեր ուղղվեն, մեղադրողներն էլ՝ արձագանքեն»:

Ասվածին ամբաստանյալներից Արամ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Քաղաքական պատվեր է այս գործը եւ շինծու, դրա համար էլ փակուղու առաջ ենք: Սա ի՞նչ կապիկություն է, մի խայտառակեք մեր դատարանները»:

Դատավոր Արթուր Օհանյանը համաձայն էր դատախազների պնդման հետ, ուստի պաշտպանական կողմի նշյալ միջնորդությունը մերժեց: Ապա դատավորը, լսելով կողմերի կարծիքները, սահմանեց գործում առկա նյութերի հետազոտման հետեւյալ կարգը: Սկզբում (հաջորդ նիստում) կուսումնասիրվեն գրավոր ապացույցները, ապա ցուցմունքներ կտան այս գործով տուժողներն ու վկաները: Դրանից հետո դատարանը կլսի մյուս մեղադրյալների Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին. գործը երեք անջատ մասով է քննվում.-խմբ.) ցուցմունքները, որից հետո կհետազոտի գործում առկա իրեղեն ապացույցները: Վերջում ցուցմունք կտան այս գործով ամբաստանյալները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031