Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական հայրենադարձությունը մեր գլխավոր ուղղություններից է լինելու. Հրանուշ Հակոբյան

Դեկտեմբեր 12,2017 20:15

Դեկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նախարարը ողջունեց հասարակական խորհրդի անդամներին, շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած Շահան Գանտահարյանին, Փոլ Հայդոսթյանին և Գոհար Թութունջյանին, նշեց, որ սփյուռքյան մյուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգիվերաբերյալ իրենց համաձայնությունը:

ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի արդյունքների ամփոփման և 2018թ. «Մեր Մեծերը» ծրագրում առաջարկվող անունների հաստատման մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը: Նա նշեց, որ  «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին ընդհանուր թվով մասնակցել է 276 կատարող՝ Սփյուռքից 8 երգչախումբ և 12 անհատ կատարող աշխարհի 11 երկրից, Հայաստանից՝ 7 երգչախումբ և 2 անհատ կատարող:

Անդրադառնալով 2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրին՝ զեկուցողն առաջարկեց գալիք տարվա ծրագրում ընդգրկել Միքայել Արամյանցի, Հակոբ Պարոնյանի, Զապել Եսայանի, Վահրամ Փափազյանի, Վիկտոր Համբարձումյանի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների և հերոսների անունները:

Առաջարկով հանդես եկավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը: Նա նշեց, որ լավ կլինի պատրաստել «Երգում ենք Կոմիտաս», «Նաիրի» փառատոների, Արաքս Մանսուրյանի մենահամերգի տեսաերիզները և  տարածել Սփյուռքի դպրոցներում, մշակույթի տներում: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի» պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջյանը հավելեց, որ սփյուռքում տարածելու համար ճիշտ կլինի պատրաստել նաև «Մեր Մեծերը» ծրագրի հերոսների մասին տեղեկատվական փաթեթ: Սփյուռքի նախարարը հավանություն տվեց առաջարկներին՝ նշելով, որ «Մեր մեծերը» ծրագրով երկու խնդիր է լուծվում: Սփյուռքի երիտասարդությանը ճանաչելի ենք դարձնում հայ ազգի ականավոր դեմքերին և հպարտության զգացողություն ենք ներշնչում ազգային պատկանելության համար:

«Երգում ենք Կոմիտաս» և «Նաիրի» փառատոների մասին դրվատանքի խոսքեր ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը:

Իր զեկուցման մեջ Սփյուռքի նախարարության աշխատակազմի  ղեկավար Ֆ.Զաքարյանը նշեց, որ 2018թ. գերակա խնդիրներն են լինելու հայրենադարձության գործընթացի խթանումը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված քաղաքականության շրջանակներում սփյուռքահայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության փոխանցմանը և ամրապնդմանն աջակցությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, Սփյուռքում հայապահպանության հիմնախնդրի լուծման գործում մշակութային գործոնի ավելացումը: Զեկուցողը կարևորեց նաև ՀՀ կառավարության 2018 թ.  գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների պատշաճ իրականացումը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք հայրենադարձության հայեցակարգ է մշակվել: Նախարարը նշեց, որ «Մշակվել է հայրենադարձության ռազմավարություն և 2018թ. մեր գլխավոր խնդիրը հայրենադարձությունն է»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարության լավագույն գործընկերներին՝ Ավետարանչական ընկերակցությանը, «Փյունիկ» հիմնադրամին, Ռուսաստանի հայերի միությանը, Կարմիր խաչին, ՀՕՄ-ին, ՀԲԸՄ-ին, «Կարիտաս», «Օքսֆամ» կազմակերպություններին՝ նախարարության ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ Գ.Թութունջյանը ներկայացրեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության աշխատանքները՝ ուղղված Սփյուռքում  ըստ մասնագիտությունների համահայկական  ցանցերի ընդլայնմանը: Զեկուցողը մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ընկերակցությունը կապ է հաստատել ավելի քան 50 հայկական դեսպանատների հետ, որոնց միջոցով հնարավորություն է ստեղծվել համագործակցել մասնագիտական համայնքների հետ, նոր մասնաճյուղեր են ստեղծվել աշխարհի 12 երկրներում: Ընկերակցությունը  զբաղվում  է  շինարարական  արդյունաբերության  բնագավառներում  գործող կազմակերպությունների,      ընկերությունների      և      անհատների      մասին      տեղեկությունների հավաքագրմամբ  և  ստեղծել  է  տվյալների  բացառիկ  մասնագիտական բազա: Մենք հավատարիմ ենք մեր նպատակին՝ բոլոր Ճարտարապետներին համախմբել մեկ հարթակում՝ մասնագիտական հայրենադարձություն կազմակերպելու նպատակով»:

«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների մասին զեկուցեց Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ  Գ.Արշակյանը: Նա նշեց, որ համաժողովին մասնակցել է 1837 ներկայացուցիչ աշխարհի 71 երկրից, այդ թվում` 1363-ը` Սփյուռքից (601 կառույց 60 երկրից, 496 կառույցի ղեկավար ավելի քան 50 երկրից):

«Համաժողովն անցկացվել է 4 ուղղություններով` 16 նիստերի և 3 լիագումար նիստերի միջոցով, որին հիմնական զեկույցով հանդես են եկել 106 մասնակից 17 երկրից, հարակից ելույթներով և հարցադրումներով՝ 168 մասնակից 36 երկրից: Համաժողովում հնչած բոլոր առաջարկությունները, կարծիքներն ու դիտողությունները դուրս են բերվել: Առաջարկությունները համակարգվել են ըստ ուղղությունների, և մշակվել է դրանց իրականացման աշխատանքային ծրագիր-ժամանակացույց: Համաժողովը լուրջ հարթակ դարձավ ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք միջհամայնքային գործակցության զարգացման և ամրապնդման համար: Ձևավորվեցին հորիզոնական և ուղղահայաց նոր կապեր», – հավելեց զեկուցողը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  նշեց. «Խիստ կարևոր է ըստ մասնագիտությունների համախմբել Սփյուռքը: Մասնագիտական հայրենադարձությունը մեր գլխավոր ուղղություններից է լինելու, որ սփյուռքահայ մասնագետները իրենց մտավոր և մասնագիտական կարողություններով, փորձով օգնեն Հայաստանի զարգացմանը:

Նախարարը ներկայացրեց անցած եռամսյակում նախարարության իրականացրած այլ միջոցառումները, հատկապես կարևորեց Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված ձեռնարկները, Գրողների, Սրտաբանների համահայկական համաժողովների անցկացումը, ինչպես նաև՝  Բրյուսելում կայացած Եվրոպահայերի 4-րդ համագումարը, Կիպրոսում հուշագրի ստորագրումը, ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպումը:

ՀՀ սփյուռքի նախարարը հասարակական խորհրդի անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի առթիվ՝ մաղթելով, որ 2018-ը լինի նորանոր հայանպաստ ծրագրերի իրականացման, զարգացման, առաջընթացի տարի ու հավելեց. «Բարի խոհ, բարի խոսք, բարի գործ»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031