Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում ընտանիքում բռնության ծանր դեպքերը լինում են նախկին սկեսուր-սկեսրայրի մասնակցությամբ. Վիգեն Քոչարյան

Դեկտեմբեր 12,2017 19:44

Այսօր երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկվեց աղմուկ բարձրացրած Ընտանեկան բռնության մասին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» կոչվող օրենքի նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն անդրադարձավ առաջին ընթերցման ժամանակ պատգամավորների կողմից հնչած հարցերին, որոնց ժամանակի սղության պատճառով չէր կարողացել արձագանքել: Պատգամավորները հարցրել էին՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին ամուսնու ծնողներին օրենքով ընտանիքի անդամների մեջ ներգրավելը:

Քոչարյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ նույնպես առկա են ռիսկեր, որպեսզի բռնության դեպքեր չլինեն: Պրակտիկային, երբ նայում ենք, վերջին շրջանում բռնության հիմնական դեպքերը ծանր հետեւանքներով հենց եղել են նշված անձանց մասնակցությամբ»:

Հարց կար՝ կապված, արդյո՞ք չարժե անհետաձգելի միջամտության դեպքում որոշումը հաստատի դատարանը: Վիգեն Քոչարյանն ասաց, որ նախնական տարբերակում այդպիսի ձեւակերպում էր, սակայն հետո եկան այն եզրակացության, որ եթե բռնություն գործադրող անձը համաձայն է դրա հետ, չի բողոքարկում, ապա դատարաններին ծանրաբեռնելու անհրաժեշտություն չկա:

Քոչարյանն ասաց, որ ապաստարանների տեղակայման հարցը պետք է որոշվի համայնքի լիազոր մարմնի կողմից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը իր հայտարարություններից հետո պատգամավորների կողմից հակադարձման էր արժանացել: Նրան արձագանքել էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ ասելով. «Ինչ վերաբերում է հայհոյախառը, հայհոյական մշակույթն ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է եւ ես այդ տիրույթում անելիք չունեմ»:

Այսօր իր ելույթում Բաբուխանյանը սկսեց դժգոհել, թե չի հասկանում այն շտապողականությունը, որով այս հարցը արտահերթ նիստում մտել է քննարկման. «Պատգամավորները պետք է իրավունք ունենային առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի հետ կապված գրավոր առաջարկ ներկայացնել: Դա դարձավ անհնար, որովհետեւ օրենքն ընդունվել է ուրբաթ առաջին կեսին, որոշումը հրապարակվել է ցերեկը եւ պատգամավորներին 2 ժամ ժամանակ է մնացել աշխատելու, այս հսկայական օրենքի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու»:

Բաբուխանյանն ասաց, որ ինքը անգամ շաբաթ-կիրակի է աշխատել, որ հասցնի առաջարկություն ներկայացնել այս օրենքի նախագծի հետ կապված. «Ներկայացրել եմ թվով 28 առաջարկություն, որոնք ուղարկվել են եւ կառավարություն, եւ համապատասխան հանձնաժողով»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ հակադարձեց Բաբուխանյանին, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հետ կապված որեւէ խնդիր չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031