Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ կանանց ծանր կյանքը՝ կտավների տեսքով

Դեկտեմբեր 12,2017 20:30

«Դալան» ցուցասրահում այսօր՝ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «12 պատմություն» կտավների ցուցահանդեսը։ 4 օր շարունակ կներկայացվեն 12 սիրիահայ կանանց և աղջիկների վերապրած ծանր ճանապարհը՝ կտավների տեսքով։ Միջոցառման սկզբում լավագույն կտավների համար մրցանակներ հանձնվեցին 3 նկարիչների՝ Էլեն Ավանեսյանին, Հարություն Հովսեփյանին և Անուշ Մհերյանին։

Ցուցադրման կազմակերպիչներից «Վորլդ Վիժն» (World Vision) միջազգային բարոգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիաննա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ալտերնատիվ եղանակով բռնության ենթարկված փախստական կանանց խնդիրների մասին իրազեկելու առաջարկը ստացել են ԱՄՆ դեսպանատնից․ «Ընտրեցինք 9 երիտասարդ նկարիչ և 12 կին, ովքեր համաձայնեցին պատմել իրենց պատմությունները։ Կանայք պատմում էին, իսկ նկարիչները այդ ամենը հանձնում էին կտավին։ Ամեն նկար ունի իր կոնկրետ պատմությունը»։ Նա նաև տեղեկացրեց, որ «12 պատմություն» -ը ցուցահանդես-վաճառք է, և հասույթը տրվելու է ստեղծագործության հերոսուհուն և նկարչին։

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի համակարգող Մարգարիտա Աչիկյանը, որը ցուցահանդեսի նախաձեռնողներից մեկն է, ասաց, որ նման ձեւաչափով ցուցահանդես Հայաստանում առաջին անգամ է կազմակերպում․ «Դժվարությունը կայանում էր նրանում, որ դժվար էր գտնել այնպիսի մարդկանց, ովքեր անցել են ցավի միջով և պատրաստ էին նորից վերապրել։ Այս ցուցահանդեսի հաջողությունը կարծում եմ այն է, որ սիրիահայ կանանց 12 կերպարները բացվեցին, արդյունքում այն կանայք, ովքեր ընկճվածության մեջ են եղել, չեն կարողացել գտնել մարդ, ում հետ կկիսվեին, այս դեպքում կիսվեցին ու թեթևացան։ Նրանք հաղթահարեցին իրենց ներքին վախն ու հանրության ներկայացան»։

Սիրիահայ Երանուհի Հակոբյանը, որի նկարը նույնպես ցուցադրված էր, հուզմունքով պատմեց իր կյանքի դժվարությունների մասին․ «Ես ամեն անգամ կխոսեմ, ներսս կեռա, մենակ մնալու դեպքում էլ խոսում եմ: Ցավս մեծ է ախր, տղայիս, եղբայրներիս, տունս–տեղս, ամեն ինչ կորցրի»։

Տիկին Երանուհին ցուցադրված աշխատանքը շատ էր հավանել, ասում է՝ նկարիչը կարողացել է ճշգրիտ ու գեղեցիկ պատկերել այն։

Այս նկարը գրավել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ուշադրությունը, որն Аravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այն բավական ռեալիստորեն է պատկերացված․ «Շատ նկարներ կան, որ իմ ուշադրությունը գրավել են․ նրանք ունենք ուժեղ պատմություններ են։ Ես տպավորված եմ նկարների տարբեր ոճերով և արտիստների ընտրություններով։ Կարծում եմ՝ բոլորն էլ կարողացել են որսալ միևնույն միտքը՝ հույսն ուժից առավել է»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031