Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի պահանջը՝ Գյումրու սառցակալված փողոցներին տեր չլինող քաղաքապետին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 20:45

Օրերս Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի Էլբակյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից՝ վերնագրելով «Գյումրու Վարդանանց հրապարակով ոչ թե սլացող, այլ սահող մեքենաները»։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ հրապարակը մաքրելու ուղղությամբ բացարձակ աշխատանք տարված չէ, Վարդանանց հրապարակը մի մեծ սահադաշտ է հիշեցնում, անհնար է կառավարել ղեկը։ Ի դեպ, հենց այս հրապարակում է գտնվում Գյումրու քաղաքապետարանի շենքը, այսինքն՝ այն քաղաքապետի քթի տակ է։

Նազելի Էլբակյանի տարածած այս տեսանյութը մեծ արձագանք էր գտել, նույնիսկ որոշ լրատվամիջոցներ տեղադրել էին իրենց լրահոսում, գյումրեցի օգտատերերերն էլ, այսպես ասած, թուքումուր էին տվել քաղաքային իշխանություններին։ «Քաղաքային սահադաշտ ունենք, աշխարհը չունի»,-գրել էր մեկը, մեկ ուրիշը հեգնել էր, թե «Գյումրվա տրնգին կպարեն»։ «Քաղաք ունինք, աշխարհը չունի», «Ամոթ է, սա քաղա՞ք է, քաղաքի բոլոր փողոցներն են այս վիճակում»,-զայրացած արձագանքել էին գյումրեցիները։

Հենց նոր ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ստացանք հաղորդագրություն առ այն, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից պահանջում է «գործուն միջոցներ ձեռնարկել  բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը»:

«Գյումրի քաղաքի համայնքային ճանապարհների ձնամաքրման և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ պատշաճ միջոցներ չձեռնարկելու մտահոգությամբ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին:

Սոցիալական ցանցերում 06.12.2017թ. «Ցայգ» մարզային հեռուստաընկերության լրագրողի կողմից հրապարակվել  էր տեսանյութ, որում երևում է, թե  ինչպես են քաղաքի Վարդանանց հրապարակում առկա մերկասառույցի  պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ կորցնում կառավարումը՝ հազիվ խուսափելով վթարներից:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի՝  «Համայնքի ղեկավարն իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա»:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազը շեշտել է, որ ճանապարհների ձնամաքրման ուղղությամբ իրականացված ոչ բավարար աշխատանքների պատճառով առաջացած վիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթար-վրաերթերի, ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Նա Գյումրի համայնքի ղեկավարին առաջարկել է հնարավոր ծանր հետևանքները կանխելու համար իր իրավասությունների և համայնքապետարանի գործառույթների շրջանակում ձեռնարկել գործուն միջոցներ բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը»,-գրված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գյումրու շատ փողոցներ, իրոք, անտեսված են։ Օրինակ՝ քաղաքային իշխանությունները իրենց նեղություն չեն տալիս որևէ աշխատանք կատարելու Անի թաղամասում, որպես օրինակ կարող ենք մատնանշել Գյումրու Անի թաղամասի  Պարույր Սևակի անվան գլխավոր փողոցը, որի վրա գտնվում է Շիրակի պետական համալսարանը։ Ուսանողներն ահ ու դողով են անցնում սառցակալված փողոցով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինը տեղացող ձյունից հետո մշտապես ձեռնամուխ է լինում փողոցների մաքրման և աղ-ավազային խառնուրդով մշակման գործին: Այդ օրը առավոտյան փողոցները մաքրվել և մշակվել են աղ-ավազով, երեկոյան՝ ջերմաստիճանի նվազման և քամու առաջացման պատճառով, հալված ջուրը սկսել է սառցակալել, որից հետո նորից իրականացվել են աղ-ավազով մշակման աշխատանքներ: Քաղաքապետարանի ունեցած տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս քաղաքի ողջ տարածքը միաժամանակ մաքրել կամ մշակել աղ-ավազով, յուրաքանչյուր մեքենայի կցված է 16-18 փողոց, հրապարակ: Եղանակային պայմանները որոշակի դժվարություններ կարող են առաջացնել մեքենաների համար, բայց դա հիմք չէ ասելու, թե փողոցների մաքրման և աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ չեն իրականացվում քաղաքում: Քաղաքապետարանի համապատասխան բաժինը և կոմունալ ծառայությունը համագործակցում է նաև ՀՀ ճանապարհային Ոստիկանության և ԱԻՆ մարզային վարչության հետ, նրանցից ևս տեղեկանում փողոցների դժվարանցանելի հատվածների մասին և անմիջապես ձեռնամուխ լինում խնդիրների վերացմանը: Գյումրին բացառություն չէ, նման իրավիճակներ կարող են արձանագրվել ամբողջ աշխարհում և դրանք կարող են պայմանավորված լինել ոչ միայն մերկասառույցով այլ նաև՝ մեքենաների անվադողների մաշվածությամբ և որոշ վարորդների վարքագծով:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031