Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»

Դեկտեմբեր 12,2017 22:33

Մեդիա կենտրոն, Երևան: Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը, «Հյումն Րայթս Հաուս» Երևան գրասենյակի ղեկավար Հովհաննես Մադոյանը և Երևանի թիվ 17 պոլիկլինիկայից Սաթենիկ Բադալյանը:

Քննարկման սկզբում Վիոլետա Զոփունյանն ասաց, որ առողջապահության համընդհանուր հասանելիությունն ունի մի քանի բաղադրիչներ: Առաջինը ֆինանսական հասանելիությունն ու մատչելիությունն է:

«Շատ կարևոր է նշել, որ բոլոր օրենսդրական կարգավորումները կարևորում են այն, որ պետք է առողջությունը հասանելի լինի բնակչության բոլոր խմբերի համար և խտրականություն չպետք է դրվի որևէ սոցիալական խմբի հանդեպ կամ որևէ հիվանդության հիմքով»,-ասաց Զոփունյանը:

Նա նաև կարևորեց տարածքային մատչելիությունը և հասանելիությունը, որը, նրա խոսքով, պետք է մատչելի ու նույն որակով լինի թե Երևանում, թե մարզերում:

«Սա ՀՀ-ի կողմից վավերացրած իրավական ակտերում հիմնարար իրավունք է:  Իրավական կարգավորումները կան մենք այստեղ ավելի շատ ունենք պացիենտի իրավունքը իրացնելու խնդիրը, որպեսզի օրենսդրական դաշտը գործի այնպես, ինչպես այն կա»,-ընդգծում է Զոփունյանը:

Հովհաննես Մադոյանն ասում է, որ խոչընդոտները, որոնք կան Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար, առաջին հերթին  ֆինանսական են:

«Երկիրը ցավոք չի էլ փորձում կատարել այդ օպտիմալ պարտավորությունը: Մեր նման երկրներին առաջարկվում է ՀՆԱ-ի նկատմամբ 4-5 տոկոս ֆինանսավորում ուղղել առողջապահության ոլորտին, մեր երկիրը հիմա ուղղում է ՀՆԱ-ի նկատմամբ ֆինանսների 2 տոկոսը, և կառավարությունը իր միջնաժամկետ ծախսերի  ծրագրով նախատեսում է նվազեցնել այն 1, 8 տոկոսի»,-ասում է Մադոյանը և հավելում, որ պետությունը ռեգրեսիվ է կատարում իր պարտավորությունը:

Մադոյանը ընդգծում է, որ ամենամեծ խոցելի խումբը միլիոնից ավելի մարդիկ են, ովքեր պաշտոնական տվյալներով ապրում են աղքատության շեմից ցածր:

«Դա ամենախոցելի խումբն է, որը զրկված է այդ համընդհանուր մատչելիությունից: Երկրորդ խոչընդոտը խտրականությունն է, որ որոշ հիվանդություններ ունեցող անձինք չեն կարողանում օգտվել համընդհանուր մատչելիությունից:  Դա ավելի շատ զգում են ՄԻԱՎ և տուբերկուլոզ ունեցող մարդիկ: Այդ մարդիկ դրա պատճառով հաճախ ուշ են դիմում բուժ. հաստատություններ և ուշ են ախտորոշվում»,-նշում է Մադոյանը:

Սաթենիկ Բադալյանն էլ ասում է, որ առաջնային օղակը` պոլիկլինիկաները, բնակչության բոլոր խավերի համար անվճար են, բայց դա չի նշանակում բոլոր ասպեկտներով անվճար:

«Անվճար է այն հատվածով, ինչքանով որ պետությունը ֆինանսավորում է պետ պատվերով, որը անսահմանափակ չէ: Բնակչության մոտ թյուր կարծիք կա, որ առաջնային օղակում ամեն ինչը պետք է լինի անվճար, բայց դա այդպես չէ: Դժվարամատչելի հետազոտությունների մեծ մասը և նաև որոշակի հետազոտություններ` ստացիոնար բուժօգնությունը, սոցիալապես անապահով խմբերի համար անվճար չի իրականացվում: Անվճար չի իրականցվում նաև, եթե չկա բժշկական ցուցում, բայց հիվանդը ինքն է ուզում անցնել այս կամ այն զննումը»,-ասում է Բադալյանը:

Նա ընդգծում է, որ մնացած բոլոր դեպքերում թե թերապևտիկ, թե լաբորատոր գործիքային ստուգումները, թե նեղ մասնագետների խորհրդատվությունները և մնացած բոլոր ծառայությունները անվճար են ու մատչելի բնակչության համար:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Մանրամասներն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031