Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գեներալին նվիրվելիք ոսկյա ժամացույցը «Բրաբիոնում» փաթեթավորվեց եւ կորավ

Դեկտեմբեր 13,2017 15:00

Գագիկ Փանոսյանը երկու տարի առաջ «list.am» կայքում հայտարարություն է տվել իր՝ գրպանի ոսկյա ժամացույցը 8.000 դոլարով վաճառելու մասին: Հայտարարության տակ նշվել է նաեւ Գագիկի որդու հեռախոսահամարը:

2016 թվականի օգոստոսի 20-ին Գագիկի որդին հորը հայտնել է, թե հայտարարության հետ կապված «ոմն Ալիկ» է իրեն զանգել, ում էլ փոխանցել է հոր հեռախոսահամարը: «Ոմն Ալիկը» զանգել է Գագիկին, ասել, թե այդ ժամացույցը ցանկանում է գնել: Պայմանավորվել են, որ Գագիկը գինը կիջեցնի եւ ժամացույցը կվաճառի 7.000 դոլարով:

Նշենք, որ ժամացույցը այդ ժամանակ գրավ էր դրված «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում եւ կողմերը պետք է հանդիպեին՝ վերջնական որոշելու ժամացույցի ճակատագիրը:
Գագիկը մարում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում ունեցած վարկի պարտքը, բանկից ստանում 130 գրամ ընդհանուր քաշով ոսկյա ժամացույցը:

Եվ քանի որ «ոմն Ալիկի» հեռախոսն առժամանակ անհասանելի էր, Գագիկն ինքն է փորձում զանգել նրա երկու հեռախոսահամարներին:

Ոմն գնորդն ի վերջո զանգում է եւ հայտնում, թե բացակայում է Հայաստանից, գալուն պես կզբաղվի ժամացույցի հարցով:

Գագիկին զանգում է հիմա էլ «ոմն Արտյոմ», ներկայանում «ոմն Ալիկի» եղբայր: Ալիկը զանգում է եւ առաջարկում Գագիկին, որ ժամացույցի գնման հարցով հանդիպի Արտյոմի հետ: «Ռենո» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով, որպես Արտյոմի լիազորված անձ, ներկայանում է «ոմն Լեւոն», որը ցանկանում է տեսնել ժամացույցը:
Ի դեպ, Լեւոնը Գագիկին հանդիպելիս ասում է, որ Արտյոմի հետ աշխատում են ՀՀ ՊՆ գնումների դեպարտամենտում. «ժամացույցը նվեր են տալու ինչ-որ գեներալի»: Գագիկը ներկայացնում է ժամացույցը, ասում, թե այն ոսկուց է պատրաստված, վրան ադամանդե փոքր քարեր կան, խաչաձեւ, եւ որ կենտրոնական մասում Նարեկացու էմալապատ դիմանկարի արտապատկերով կրծքանշան էլ ունի վաճառքի, արժեքը մոտ 6.000 դոլար է: Այն ցույց է տվել Լեւոնին, որն էլ զանգում է Արտյոմին, ասում կրծքանշանի մասին: Ի վերջո, գալիս են համաձայնության՝ թե ժամացույցը, թե կրծքանշանը 11.000 դոլարով վաճառելու շուրջ: Լեւոնը Գագիկին «փոխանցում է» Արտյոմի խնդրանքը՝ Թումանյան փողոցի վրա գործող «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ծաղկի սրահում փաթեթավորեն գրպանի ոսկյա ժամացույցն ու կրծքանշանը, մինչ այդ Արտյոմը կգա եւ կվճարի: Ամալյա անունով փաթեթավորողին Գագիկը հանձնում է ոսկին, կրծքանշանը, նրան ասում, որ փաթեթավորի ու երբ վերադառնան, դրանք հանձնի իրեն:

Արտյոմը խնդրում է գալ իր աշխատավայր՝ ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ, քանի որ զբաղված էր, նաեւ ասում է, թե շենքից դուրս կգա, կվճարի:

Գագիկը Լեւոնի ավտոմեքենայով ՊՆ վարչական շենք են գնացել: Սակայն որքան էլ զանգել են, նա չի պատասխանել:

Հետագայում պիտի պարզվեր, որ Լեւոնը տաքսու վարորդ է եւ «համագործակցության» համար պետք է ստանար 30.000 ՀՀ դրամ վարձատրություն: Գագիկը զգալով, որ խաբվել է, ընկերոջը խնդրել է, որ գնա «Բրաբիոն», զգուշացնեն, որ իրենից բացի, որեւէ մեկին զարդերը չտան:

Ըստ գործի նյութերի, վերադառնալով ծաղկի սրահ, Գագիկին հայտնում են, որ ինչ-որ անձ մոտեցել է սրահի աշխատակցին ու տարել զարդերը:

«Բրաբիոն Ֆլորա սերվիս» ընկերությունը, ըստ հայցվորի, որը ճանաչվել էր պատասխանող, փաթեթավորումից հետո զարդերը պետք է հանձներ Գագիկին: Մինչդեռ սրահի աշխատակիցը 11.000 դոլարին համարժեք՝ մոտ 5.200.000 ՀՀ դրամ արժողության զարդերը հանձնել է իբրեւ անծանոթ անձի: Ի դեպ, հայցվորի դիտարկմամբ, չէր կարող անձը լիներ անծանոթ:

Կատարվածի մասին Գագիկը հայտնել էր ոստիկանությանը: Հարուցվել էր քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի վստահություն չարաշահելու եղանակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույքին տիրանալու հատկանիշներով: Գագիկ Փանոսյանը ճանաչվել է տուժող: Ոստիկանությունը ծաղկի սրահից առգրավել էր տեսաձայնագրությունները, որտեղ պարզ երեւում է երկու անուն զարդերը սրահի աշխատակցին հանձնելու, դրանք միայն Գագիկին վերադարձնելու փաստերը հիմնավորող ապացույցները:

Ծաղկի սրահի ներկայացուցչի առարկություններով, «Տվյալ դեպքում, հայցվորին պատճառված վնասը հասցվել է անհայտ անձի հակաիրավական արարքի հետեւանքով, այսինքն՝ բացակայում է նաեւ վնասի հատուցման համար պարտադիր պայմաններից պատասխանող կողմի մեղքը: Հետեւաբար, առկա չէ նաեւ «Բրաբիոնի» գործողությունների եւ վրա հասած վնասի պատճառահետեւանքային կապը»:

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը՝ պատասխանող «Բրաբիոն Ֆլորա սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Գագիկ Փանոսյանի բռնագանձել 11.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի գումարը` 10.000 ՀՀ դրամ:
Վճիռը բողոքարկվել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում, բեկանվել էր, եւ այն ուղարկվել էր նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Դեկտեմբերի 5-ին տուժող-հայցվորը դիմել է Վճռաբեկ դատարան:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031