Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորիդ այսուհետեւ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք». Մարուքյանը՝ բանակից խուսափածների մասին

Դեկտեմբեր 13,2017 14:09

«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» աղմուկ բարձրացրած օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց ՊՆ-ին ընդհանրապես վճարումները հանեն եւ թույլ տան, որ 27 տարին լրացած բանակում չծառայած քաղաքացիները վերադառնան հայրենիք՝ առանց քրեական հետապնդման արժանանալու:

Նրա այս հայտարարությունը ՀՀԿ-ի կողմից պոպուլիզմ որակվեց:

Այս առնչությամբ Aravot.am-ը էդմոն Մարուքյանին հարցրեց՝ ձեր այդ առաջարկից հետո Ֆեյսբուքում գրում էին՝ «կարգին տղա ա Մարուքյանը, ինչ լավ առաջարկ է անում», բայց այդ առաջարկն ինչքանո՞վ էր արդարացի այն զինվորների նկատմամբ, որոնք բանակից չեն խուսափում եւ կատարում են իրենց պարտքը, չեն գնում օտար ափերում ման գալիս, հետո վճարում կատարում եւ ազատվում քրեական հետապնդումից, ասես ոչ մի պարտք-պահանջ չի եղել: Նա պատասխանեց. «Խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք այլեւս ծառայելու հնարավորություն չունեն:

Արդեն նրանք բաց են թողել այդ հնարավորությունը, չեն կարող ծառայել, ոչ թե նրանց մասին է, ովքեր կարող են ծառայել ու մենք արդարացնում ենք, ասում ենք՝ թող չծառայի ու գա: Նման բան չկա: Խոսքը այն 11 հազար քաղաքացու մասին է, որոնց 27 տարին լրացել է եւ նրանք հնարավորություն չունեն գալու եւ ծառայելու ՀՀ զինված ուժերում, ինչ-ինչ հանգամանքներով հիմա գնացած են: Հայաստանը արական սեռի, ընդհանրապես մարդկային ռեսուրսի կարիք ունի: Երբ որ ասում են 4 մլն քաղաքացիներով երկիր ենք դարձնելու, բան, դա ուղղակի հայտարարություն չի, դրա համար պետք է քայլեր անել, քայլերից մեկն էլ դա է՝ 11 հազար մարդ դու հենց հիմա ունես, որոնք ռոզիսկի տակ են՝ հետախուզվում են, բեր այդ մարդկանց, թող գան շենացնեն երկիրը: Ես վստահ եմ, որ մենք ներենք՝ այդ 11 հազարից կեսից ավելին կմնան Հայաստանում:

Մնացածը կարող է գան անձնագիր հանեն, թղթերը կարգավորեն, գնան, բայց մեծ մասը կմնա Հայաստանում: Դրսում շատ ենք լինում մեր հայերի հետ, այնպես չի, էլի, որ այնտեղ շատ ճոխ ապրում են, փողեր ունեն, կարող են մուծել, ազատվել: Մեծ մասը շատ վատ վիճակում են, հիմնականում նրանք, որոնք ՌԴ-ում են: Եվ այդ մարդկանց ասել՝ 1.8 մլն դրամ է վճարը, հիմա 3.6 մլն ենք սարքում, դեռ եղել է 9 մլն-ի առաջարկ, դա արդար չի, դա ճանապարհ է, որ ընդհանրապես մի՛ եկեք: Եթե մենք մեր քաղաքացիներին չենք ուզում, որ գան մեր երկիրը, ո՞նց ենք մեր թիվն ավելացնելու, այդքան մա՞րդ է ծնվելու Հայաստանում: Տարբերակներից մեկը դա էր, այդտեղ ոչ մի պոպուլիզմ չկար, դա առաջարկ էր ու շատ խիստ առաջարկ, որ ընդհանրապես փակում ենք ճանապարհը բոլորի համար, բոլորիդ այսուհետեւ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք: Մի հատ համաներում ենք անում ու էլ չենք երկարացնում: Դա նույնն է, որ ասեն՝ ինչի՞ եք համաներում անում մեկ-մեկ, բա դա այն լավ քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի՞, որ նրանք գողություն չեն արել, հանցագործություն չեն արել, իրենց կյանքով ապրում են, բանտերում նստածին ներում եք: Գոյություն ունեն հումանիտար սկզբունքներ: Այդ մարդիկ փախած են, բայց պետության շահին համընկնում է, այդ մարդիկ պետք են: Մեր պետական շահը խոսում է այն մասին, որ պետք է բերվեն այդ մարդիկ, որովհետեւ վաղը, մյուս օրը սահմաններում որ մի սրացում ունենանք, այդ արական սեռի 11 հազար քաղաքացին կես բանակ է, խաղ ու պար չի»:

Մարուքյանը վստահեցրեց, որ այդ առաջարկն ինքն արել է հաշվարկով, ոչ թե նրա համար, որ բան ասի, իրեն շատ սիրեն. «Երկու ուղերձ եմ ասել տվեք, առաջինը, որ կներենք, երկրորդը՝ բոլորին դատելու ենք: Ինքը երկկողմանի սուր է եւ դա ընդունել՝ որպես պոպուլիստական հայտարարությո՞ւն: Իրենցը պոպուլիստական չի, մե՞րն է պոպուլիստական, ինչ անում են իրենք, պոպուլիզմ է, բայց տակը մատերիալ չկա, նյութական որեւէ բան չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031