Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱԾ. լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Դեկտեմբեր 13,2017 17:37

Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տեղեկատվության, հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Նմուշառված բրնձի խմբաքանակը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով:

Համաձայն դրանց արդյունքների՝ քաղաքացու մատնանշած խանութից նմուշառված բրինձը անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին:

Իրացման ցանցում ՍԱՊԾ մասնագետներին տրամադրվել է համապատասխանության հայտարարագիր, համաձայն որի բրինձը հանդիսանում է առաջին կարգի, և՝ որ արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում ընդունված տեխնիկական պայմանների համաձայն: Զգայաբանական վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ներկայացված նմուշը, համաձայն 6292-93 ԳՕՍՏ-ի, հանդիսանում է ոչ թե առաջին կարգի, այլ մանրատված տեսակի բրինձ: Նմուշն ունեցել է արտահայտված հոտ, որը կարող էր պայմանավորված լինել այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ:

Իրացման կետից ստացած տեղեկատվության հիման վրա նմուշառում է արվել նաև հավանական ներմուծողի պահեստից: Նմուշառված խմբաքանակը ենթարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ պահեստավորված բրինձը նույնպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջներին:

Զգայաբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցից և պահեստից վերցված նմուշները նույնական չեն (տհաճ հոտով բրինձը մինչ այդ վաճառքից ամբողջությամբ հանվել էր): Հարկ ենք համարում նշել, որ իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաև նմուշների՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները (համեմատության համար երկու նմուշներից բացի հետազոտվել է նաև բարձրորակ բրնձի նմուշ. այրման ընթացքում բոլոր երեք նմուշները դրսևորել են միանման վարքագիծ): Բացի այդ, պարզվել է, որ նմուշների ածխաջրային կազմը գտնվում է բրնձին բնորոշ տիրույթում:

Փաստացի, լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխարենը իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ: ՍԱՊԾ-ն կշարունակի այլ հավանական եղանակներով ուսումնասիրությունները՝ սպառողներին ամբողջական պատկերը ներկայացնելու համար:

 

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031