Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հարցաքննեց «Լիա» գեղեցկության սրահի աշխատակցուհուն

Դեկտեմբեր 13,2017 19:55

«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականին տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում միջնորդություն ներկայացվեց հրապարակել հարցաքննված երկրորդ վկայի՝ Սերժ Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նա այս գործով մեկ այլ վկա Արա Վարդանյանի (հայտնի «Ճվճվ Արո») որդին է:

Սկզբում այս վկան պնդում էր, որ որեւէ մանրամասն չի հիշում դեպքից, բայց երբ դատարանը հայտնեց, որ նրա հիշողության հետ կապված հնարավոր խնդիրները պարզելու համար կնշանակվի համապատասխան փորձաքննություն կամ կտուգանվի, վկան սկսեց պատմել դեպքից: Նրա նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ միջնորդությանը առարկեց փաստաբան Լուսինե Սարգսյանը՝ ասելով, որ եթե վկան ասում է՝ ոչինչ չի հիշում, ապա դա չի նշանակում՝ հակասություն կա նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջեւ: Դատարանը որոշեց չհրապարակել այս վկայի նախաքննական ցուցմունքը:

Այսօր հարցաքննված երրորդ ու վերջին վկան վարսավիրանոցի աշխատակցուհին էր, որը հայտնեց, որ դեպքի օրը ոչ մի հատուկ բան չի նկատել, ընդամենը նկատել է՝ պատուհանից արագ անցնող երկու հոգու եւ այն հանգամանքը, որ այդ օրը վարսավիրանոց գնացող-եկողները սովորականից մի քիչ շատ էին: Նա պնդեց, որ դեպքի օրը վարսավիրանոցի տնօրենին՝ Իսրայել Պետրոսյանին, (հայտնի չարբախցի Գեղամ անունով) չի տեսել:

Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որի ժամանակ ինքն ասել էր, որ Գեղամին տեսել է դեպքի օրը, երբ ընդմիջման ժամին նրա կինը ճաշ էր բերել նրա համար, բայց դատաքննության ժամանակ նա ասաց, որ Գեղամին տեսնելու մասով ինքը նկատի է ունեցել ոչ թե դեպքի օրը, այլ դրան նախորդ օրը:

Հիշեցնենք, որ գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առաջացած հրաձգության հետեւանքով մահացել էին Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել «Լիա» գեղեցկության սրահի տնօրեն Պետրոս Իսրայելյանին՝ հայտնի չարբախցի Գեղամ մականունով: Նա մեղադրվում է, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Ալիկ Բանդուրյանին, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Իսկ Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031