Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կրկին վարկ կվերցնի. այս անգամ 18.5 մլն եվրո

Դեկտեմբեր 13,2017 20:02

Կառավարությունը մտադիր է կրկին պարտք վերցնել: Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում է ներառված ՀՀ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 18.5 միլիոն եվրոյի վարկային պայմանագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Ըստ այս նախագծի, վարկը տրամադրվում է «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի համար:

«Ծրագրի իրականացման համար 18,500,00.00 եվրո գումարի չափով վարկային միջոցների տրամադրումը սահմանված է «2012թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրով»,-նշված է նախագծում: Ըստ դրա, ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակով դեռեւս 2014-ի դեկտեմբերի 19-ին ստորագրվել են 50 մլն եվրո գումարի չափով վարկային եւ 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց շրջանակներում տրամադրված միջոցները նախատեսված են Կապսի ջրամբարի վերականգնման համար, մասնավորապես, Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու եւ շինարարական աշխատանքներն ավարտելու համար:

18,5 մլն եվրո վարկը տրամադրվում է ծրագրի երկրորդ փուլի համար: Նախագծում նշված է, որ վարկի գումարով նախատեսվում է ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը, ապահովել մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը:

Այս վարկը մինչեւ 15 տարի մարման ժամկետով է տրամադրվում, որից մինչեւ 5 տարին՝ արտոնյալ, մայր գումարը մարվելու է՝ սկսած 2023 թվականի մայիսի 15-ից եւ ավարտվելով 2033-ի նոյեմբերի 15-ին, տոկոսադրույքը՝ լողացող (6-ամսյա EURIBOR + ֆիքսված սպրեդ), պարտավճարը՝ 0.25%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից 12 ամիս անց, կառավարման վճարը՝ վարկի գումարի 1%-ի չափով միանվագ վճար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031