Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասի բնակարանները համատարած վաճառվում են

Դեկտեմբեր 13,2017 20:20

Երեկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իր մոտ էր հրավիրել գյուղական 7 տարբեր բնակավայրերի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների՝ նրանց բնակարանային խնդիրը լուծելու նպատակով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու։

Մեր ուշադրությունը գրավեց այն, որ նրանց մեծ մասը պատրաստվում են բնակարան գնել Գյումրու «Մուշ» նորակառույց թաղամասում, շատերն արդեն հստակ պայմանավորվածություն ունեն բնակարանատերերի հետ։ Այս մասին մարզպետի հետ զրույցում տեղեկացրեցին նրանք։ Վահրամաբերդի բնակիչ Սոս Ավագյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ եթե այս պահին նախատեսված 3 սենյականոցի փոխարեն գոնե 2 սենյականոց ձեռք չբերի «Մուշ» թաղամասում, փողը կծախսվի, կգնա․ էլեկետրաէներգիայի, գազի վարձավճարներն ու սննդի գները հասցրել են տների գներին։

Aravot.am-ը տնտեսագետ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանին հարցրեց, թե մշտապես բնակարանային փնտրտուքի մեջ գտնվելով՝ ի՞նչ կասի՝ մի՞թե Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասում բնակարանները համատարած վաճառքի են հանված և մի՞թե գներն այդքան մատչելի են, որ շատերը ձգտում են հենց այնտեղ բնակարան գնել։ «Չէի ասի, թե «Մուշ» թաղամասում բնակարաններն էժան են, եթե իրենք ցանկություն հայտնեն «Մսի Կոմբինատ» կամ «Գծի հետև» թաղամասերում բնակարան գնելու, առավել ևս Բուլվարային թաղամասում, շատ ավելի մատչելի գնով կկարողանան ձեռք բերել։ «Մուշ»-ում բնակարանները միջին գնի սահմաններում եմ, համեմատաբար թանկ են Անի թաղամասի բնակարանները․ օրինակ՝ 3 սենյականոցի գներն այստեղ սկսվում են 15 հազար դոլարից, 18 հազարանոց էլ կա։

«Մուշ» թաղամասում 3 սենյականոցի շուկայական գինը 13-15 հազար դոլար է։ Մեր գնած վերջին բնակարանի արժեքը 13 հազար դոլար է, բայց շատ եք փնտրել, եթե չես ուզում փնտրել, 15 հազարով հաստատ կկարողանաս անմիջապես գտնել։ Իսկ Բուլվարային թաղամասում 3 սենյականոց բնակարանը 3-4 հազար դոլարով էժան կգնես։ 10 հազար դոլարով շատ լավ վիճակում 3 սենյականոց կգնես։ Մեր պարագայում ասեմ, որ տնակներում ապրող մարդիկ կատեգորիկ դեմ են Բուլվարային թաղամասի բարձրահարկ բետոնյա շենքերում բնակվելու։

Իսկ «Մուշ» թաղամասում շենքերը նորակառույց են, բնակարանները հարդարված են, այդ պատճառով էլ պահանջարկ ունեն։ Թեև որպես տնտեսագետ ասեմ՝ շուկայական այս վիճակն արհեստական է ստեղծված, իրական պահանջարկ չկա կամ ավելի քիչ է։ Ընդհանրապես անշարժ գույքի շուկայում կա առաջարկ-պահանջարկ, իրական պահանջարկը քիչ է, բայց քանի որ որոշակի շարժ կա, օրինակ՝բնակարանների գնման վկայագրերը, մեր հիմնադրամի կողմից գնվող տները մարդկանց մոտ սպասում է առաջացնում, որ պիտի գնեն իրենց տները։ Ու իրենք բարձր գներ են սահմանում։ Երբ մենք վերջին անգամ բնակարան էինք ման գալիս, «Մուշ» թաղամասի ամեն շենքում էլ վաճառքի բնակարան կար, ուղղակի մեր ուզած գնի չկար։

Ասենք բարերարը 13 հազար ունի, բայց տանտերն ասում է՝ 15 հազարից պակաս չեմ տալիս։ Եթե ուզես տուն գտնել, լիքն են, շենքի մեջ շատերն են վաճառում, մեծ մասը չեն ապրում իրենց բնակարաններում, չապրածների կեսն էլ վաճառում են։ Ես համոզվել եմ, որ «Մուշ»-ում տուն ստացածների մեծ մասն արդեն վաճառել են իրենց տները։ Արդեն մի անգամ վաճառված են այդ տները»,-իր դիտարկումները ներկայացրեց Ղարիբ Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031