Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակուստիկայի մեղավորները ճարտարապետներն են»

Դեկտեմբեր 15,2017 13:30

Մասնագետը «խոտանում» է երեւանյան դահլիճները

Երեւանյան թատրոնների, համերգասրահների վատ ակուստիկայի մասին խոսակցությունները դեռեւս խորհրդային տարիներից են: Ալեքսանդր Թամանյանը ժամանակին նամակով դիմել էր ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, պրոֆեսոր Լիֆշիցին՝ հրավիրելով մասնակցել ժողտան, հետագայում՝ օպերային թատրոնի շենքի նախագծման աշխատանքներին: Ակուստիկայի վատ վիճակի մասին խոսուն փաստ է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբներին ռուս անվանի սոպրանո Անտոնինա Նեժդանովայի հուշագիրքը, որտեղ կարդում ենք, թե Մեծ թատրոնի բեմում նա որոշակի տեղեր էր նշել, որտեղից ձայնը թռչում-գնում էր ու լսելի դառնում նույնիսկ դահլիճի ամենահեռավոր մասում: Անդրադառնալով մեր մշակութային օջախների ակուստիկային, նշենք, որ, օրինակ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հանդիսատեսը շուրջ քառորդ դար է՝ նեղսրտում է, թե դերասանի խոսքը պարտերից հեռու լսելի չէ, ինչի պատճառով որոշ արտիստներ ստիպված բղավում են:

Տարածաշրջանում 1980 թվականից գործում է միակ ակուստիկայի գիտական կենտրոնը, որը 2014թ. ընդգրկվեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կազմի մեջ որպես ակուստիկայի գիտական կենտրոն: Վերջինիս պետը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանը, մեզ հետ զրույցում հաստատեց երեւանյան թատրոնների, համերգասրահների ակուստիկ վատ վիճակը եւ ասաց. «Խորհրդային տարիներին էլ երեւանյան դահլիճները չեն փայլել իրենց որակյալ ակուստիկայով: Վերջինս գնալով վատթարացել է՝ կապված վերանորոգման աշխատանքների հետ: Մինչ օրս ինձ ակուստիկայի խնդրի հետ կապված դիմել են Խորեն Աբրահամյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինությունը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորը»: Ռեպլիկին՝ ասում են լավ ակուստիկայի մասով միակը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճն է, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Ժամանակին այդ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ինձ դիմեց, դահլիճի պատերին ամրացվեցին ակուստիկ սարքեր, որոնք մասամբ կլանում են, մասամբ արտացոլում են ակուստիկ ալիքները՝ կապված դահլիճի ռելիեֆից, ինչի արդյունքում, չեմ ասի թե կատարյալ, բայց իսկապես այդ դահլիճն այսօր միակն է, որն ապահովում է բավարար հնչողություն: Այս մասին ինձ ասել են մեր անվանի երաժիշտներից դիրիժորներ Յուրի Դավթյանը, երջանկահիշատակ Արամ Ղարաբեկյանը եւ մյուսները»:

Հետաքրքրությանը, թե «Լինսի» հիմնադրամով վերանորոգման ընթացքում իրենց չե՞ն դիմել այդ խնդրով, Աշոտ Առաքելյանն ասաց. «Ոչ միայն չեն դիմել, այլ ի պատասխան անձնական հետաքրքրությանս՝ ստացել եմ հետեւյալ պատասխանը. դրա դարն անցել է, հիմա բարձրախոսներ կան: Կարելի է մտածել, որ օպերային երգիչը միկրոֆոնով է հանդես գալիս: Չեն մտածում, որ ավստրիացիներն ու գերմանացիները, որոնք իրենց լուսաձայնային վերջին ճիչ հանդիսացող սարքերով էլեկտրաակուստիկացրին դահլիճները, այսինքն տեղադրեցին բարձրախոսներ՝ իբր ակուստիկայի թերությունները կոծկելու համար»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, թե մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն է իրեն դիմել «Առնո Բաբաջանյան» համերգասրահի համար, հավաստիացնելով, որ կատարված աշխատանքներից հետո միանշանակ բարելավվել է սրահի ակուստիկ որակը: Հիշեց նաեւ, որ ներկայիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոյի տնօրեն աշխատած տարիներին բազմաթիվ անգամ է դիմել ռադիոյի ստուդիաների ակուստիկայի խնդրով, որտեղ իրականացվում են ֆոնդային ձայնագրություններ: Հետաքրքրվեցինք՝ ակուստիկայի խնդրով չե՞ն դիմել օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Պարոններն այդ պաշտոնները համեմատաբար վերջերս են ստանձնել: Հուսով եմ, որ նրանք դեռ կդիմեն մեզ»,-հնչեց պատասխանը: Կանխելով հաջորդ հարցը՝ պարոն Առաքելյանն ասաց. «Պատրաստվում եմ ընդունելություն խնդրել մեր նախագահի տիկնոջից: Ախր, երեւանյան անխտիր բոլոր դահլիճների ակուստիկ վիճակն է վատ: Մենք պատրաստ ենք ակուստիկ մասը անվճար ապահովել: Իսկ ինչու եմ դիմում Ռիտա Սարգսյանին. որովհետեւ նա մասնագիտությամբ երաժիշտ է եւ տարբեր մշակութային ձեռնարկների է աջակցում»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ իսկ, ասենք՝ նախկին ԽՍՀՄ տարածքում կա՞ գոնե մեկ դահլիճ, որի ակուստիկայից ինքը գոհ է, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Դա Մոսկվայի Սյունազարդ դահլիճն է, որտեղ աթոռները սովորական չոր աթոռներ են, դահլիճի հատակը չի ծփում գորգերի առատությունից: Մեզ մոտ հակառակն է՝ դահլիճները գերխլացված են: Թեկուզ հարմար եւ աչքի համար հաճելի աթոռները կլանում են ձայնը, էլ չեմ խոսում գորգերի, ծանր վարագույրների մասին»:

Աշոտ Առաքելյանը զրույցի ավարտին ասաց. «Այս պահին չեմ հիշում, որ հանճարեղ մարդու խոսքն է՝ ճարտարապետությունը սառեցված երաժշտություն է: Այսինքն՝ եթե երաժշտությունն ընկալում ես, ուրեմն ճարտարապետությունը նույնիսկ սառեցված վիճակում կընկալվի: Որ ուզում եք իմանաք, վատ ակուստիկայի մեղավորները բոլոր ժամանակներում ճարտարապետներն են: Այո, գոյություն ունի ճարտարապետական ակուստիկա, որը ձայնային ալիքների եւ փակ տարածքների համագործակցությունն է: Չգիտես ինչու, ճարտարապետները շեշտը դնում են միայն արտաքինի վրա»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031