Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին պրագմատիզմի մասին

Դեկտեմբեր 15,2017 10:05

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները դարձյալ փչացել են: Եվ, ի դեպ, դարձյալ Պաղեստինի պատճառով: Դա նշանակում է, որ Իսրայելի Կնեսետում կրկին կսկսեն խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ոմանք գուցե ոգեւորվեն այդ հանգամանքից: Բայց իզուր. նախ՝ դժվար թե դա տեղի ունենա, այս հարցը, ինչպես միշտ, թեթեւ քաղաքական շանտաժի թեմա է: Իսկ ամենակարեւորն այն է, որ որեւէ մեկի կողմից Ցեղասպանությունը ճանաչելուց կամ չճանաչելուց մեզ համար ոչ մի բան չի փոխվի:

Ուրիշ հարց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ է Արեւելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք, Իսրայելը գուցե որոշ ժամանակ զենք չվաճառի մեր ռազմական հակառակորդին: Այ, դա նպատակ է, որի համար արժե ջանքեր թափել, որովհետեւ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը: Թե չէ՝ «աշխարհի արդարության» մասին երազանքները…

Ես կրկին խոսում եմ պրագմատիզմի մասին: Բայց միայն պրագմատիզմով առաջ չես շարժվի: Միայն երազանքներով՝ նույնպես: Երկուսը միասին են հաջողություն բերում թե՛ անձին, թե՛ ազգին: Երազել, այո, պետք է: Հարցն այն է, թե ինչի մասին: Որ Պուտինը թուրքերի հետ կկռվի եւ դրա հետեւանքով մեզ Մասիս սա՞րը կնվիրի: Որ Հայաստանը ծովից ծո՞վ կդառնա: Որ Բաքուն կգրավե՞նք: Դրանք ոչ թե երազանքներ են, այլ բարդույթավորված մարդկանց պատրանքներ: Դա մի քիչ նման է հայաստանցի քաղքենիների խոսակցություններին՝ «Վախ, քո բախտ բաժանողի, ինչի՞ ես այսինչ հարուստի նման քաղաքում 4 հատ «Բրաբուս» չունեմ»: Ես հավատում եմ՝ երբ մարդը կամ ազգը ինչ-որ բան շատ է ուզում, դա իրականություն է դառնում: Բայց վերը թվարկածը իրական ցանկություններ չեն, դրանք պարապ խոսակցություններ են, որոնց հեղինակներն իրենք էլ գիտեն, որ երբեք իրականություն չեն դառնա:

Ես, օրինակ, երազում եմ, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիապես զարգացած, իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ քաղաքացիները կունենան հստակ նպատակներ՝ թե՛ անհատական եւ թե՛ հանրային, եւ որտեղ կա հասարակական համերաշխություն եւ հանդուրժողականություն: Դրանք են, իմ կարծիքով, իրական ազգային իղձերը, ոչ թե այն, ինչ տասնամյակներ շարունակ ընդունված է կոչել այդ բարձր անունով:

Իսկ ե՞րբ մենք կզգանք, որ այս առումով ինչ-որ բան է փոխվում: Շատ պարզ՝ այն պահին, երբ մեր հասարակական-քաղաքական բառապաշարից վերանան «մորթվել ենք» եւ «ներքին թուրք» արտահայտությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ruben says:

    ՀՀ-ն պետք է կազմակերպի Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրած պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, , Չեխոսլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա) դաշինք:
    Հաշվի առնելով դաշնային Ռուսաստանի եւ Հյուսիսամերիկյան պետությունների կոնֆեդերացիաի շահերը, Իսրայելի հետ բանակցություններ սկսել:
    Փոքրիկ-Սյունիքից (Խամսայի մելիքություններից՝ Գյուլիստան կամ Թալիշ, Ջրաբերդ կամ Չարաբերդ, Խաչեն, Վարանդա, Տիզակ կամ Դուզախ) արտագաղթողներին «առաջարկել» ներմուծել հանածը, 30 տարվա կառավարության անդամներին եւ նրանց իրավահջորդներին «առաջարկել» զրոյացնել պետական պարտքը, կենտրոնական բանկը վերադարձնել, ենթարկեցնել Ֆինանսների նախարարությանը…
    Անկախություն եւ բարձր աշխատավարձ դատարաններին, հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին, բանակին եւ ապագա նավատորմին…
    Ուղեղներիդ մի քիչ զոռ տվեք:

  2. Լավատես says:

    Արդարությունը՝ դա արժեհամակարգ է, այն կախված չէ դիմացինդ լավն է թե վատը, քեզնից ուժեղ է թե թույլ, այն քեզ համար է կամ քո մոտիկների, թե քո թշնամիների կամ էլ քեզ հետ ոչ մի կապ չունեցողի համար է, բոլոր դեպքերում արդարությունն այնքան է, ինչքանը դու կարող ես պաշտպանել՝ ուժով լինի թե խելքով, ոգով թե փողով, այսինքն՝ ուրիշից կարող ես պահանջել նույնքան կամ պակաս, բայց ոչ ավել արդարություն, որքան արդարություն դու կարող ես այդ ուրիշի համար ապահովել: Դրա համար մենք պետք է բարձր լինենք բարուց ու չարից, ուժեղանանք եւ պաշտպանենք մեր արժեհամակարգը մեր ուժերի չափով:

  3. Հ.Շ. says:

    Դիւրին չէ հրաժարիլը, մոռնալը, եւ Ցեղասպանութեան ուղղակի թալանը յաւերժապէս լքել զայն գործադրողների ժառանգորդներին, որոնք ոչ մէկ պատասխանատւութիւն իսկ չեն ստանձնում այդ մասին, այլ ընդհակառակն:

    Այո, կայ անշուշտ առաջնահերթութիւնների կարգ, եւ այս պահին այդ խնդիրը ցանկին վերեւները չէ: Սակայն զայն կոչել «պարապ խոսակցություննե՞ր»… Սիրուն չի:

    Առնուազն, նկատի ունեցէք որ շնորհիւ այդ պարապ խօսակցութիւններուն է որ Ցեղասպանութիւնից ճողոպրած հայութիւնը, ահաւոր հոսանքների դէմ, կարողացաւ որպէս հայ գոյատեւել եւ յաջորդող գոնէ երկու սերունդներ տակաւին հայ պահել:

    Անհասկացողութեան պատճառը այն է թէ այս նիւթը, Հայաստանի մէջ, արմատական/ ծայրահեղական, հոգեբանականօրէն մի քիչ խանգարուած, գերզգացական, լուսանցքային անհատների ձեռքը մնացած է: Աւելացնենք ուրիշների մօտ ալ խորհրդային ժամանակների մնացած հետքերը, եւ արդէն շատ դժուար կը դառնայ այս մասին իրարու հասկանալ: Բայց շարունակենք ջանալ:

  4. Հ.Շ. says:

    Մինչեւ 1985, շատե՜ր «պարապ խօսակցութիւն» չէի՞ն նկատէր արդեօք Արցախի ազատագրման նիւթը… Իրականալի, իրապաշտ կը նկատէի՞ն որ նա – այդքան արագօրէն, յաջորդող տարիներուն -, դուրս գայ Ադրբեջանից եւ վերադառնայ Հայութեան… Նոյնիսկ շարժումը սկսելէն ետք ոմանց համար ժամանակ առաւ, որ վերջապէս հաւատան թէ կարելի է իսկապէս տեղ հասնիլ այդ ճանապարհի վրայ…

    • Հ.Շ. says:

      իսկ 1920-ականից մինչեւ 1960-ական թուականները, ո՞րքան լուրջ, իրականանման կը նկատուէր այն գաղափարը թէ Խորհրդային Միութիւնը վերջանալու է, եւ Հայաստանը դառնալու անկախ պետութիւն…

  5. henri says:

    իսկ եթէ ես գոհանամ Գետից – Գետ Հայաստանով վատ ՞ հայ կ՛ըլլամ – ?Տարօրինակ մտածելակերպ է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031