Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս հայտարարությունն անզգուշության արդյունք էր, ապա այն չափազանց էր…

Դեկտեմբեր 15,2017 14:00

Մի քանի օր է, ինչ սոցիալական կայքերը ողողված են ԱԺ-ի սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի արած հայտարարությունից այն մասին, որ եթե ապրանքների գները թանկանում են, ապա այն բացասաբար չի անդրադառնում ժողովրդի վիճակի վրա, քանզի ժողովուրդը գնում է միայն այն ապրանքները, որոնք հասու են իրեն: Այլ խոսքով, ըստ հայտարարության հեղինակի, գները որքան ուզում է բարձրանան եւ նույնիսկ հասնեն անվերջության, միեւնույն է՝ կա գների մի սահման, որից վերեւ արժեցող ապրանքներին ժողովուրդը չի էլ մոտենալու, քանզի դա իր գնողունակությունից դուրս է: Հավանաբար, հեղինակն ուզում է ասել, որ միշտ էլ եղել ու կլինեն ապրանքներ, որոնց տարբեր տեսակները՝ տարբեր գներ ունեն (օրինակ, տարբեր ավտոմեքենաների գները կարող են տատանվել 1 000-ից մինչեւ 1 000 000 դոլար եւ միշտ էլ մարդը գնել է այն ավտոմեքենան, որին բավարարել են իր միջոցները եւ որն ինքն է նախընտրել) եւ նման պարագայում գնորդը գնում է այն ապրանքը, որին առաջին հերթին բավարարում են իր միջոցները եւ հետո միայն ճաշակը: Սակայն այս մոտեցումը իրականում ոչ մի կապ չունի հեղինակի արած հայտարարության բովանդակության հետ, քանզի խոսքը գնում է նաեւ ամենօրյա լայն սպառման ապրանքների շարունակական թանկացումների մասին: Եթե ավելի պարզորոշ ասենք, ապա սկսած հացից, ինչպես ամբողջ սննդամթերքը, այնպես էլ բազմապիսի այլ ապրանքներ շարունակաբար թանկանում են, հետեւաբար յուրաքանչյուր ապրանքի համար ո՞րն է գնի այն սահմանը, որից այն կողմ ժողովուրդը չի մոտենա կամ չպե՞տք է մոտենա այդ ապրանքներին:

Պատկերավորության համար, ենթադրենք՝ կանխագուշակել ենք այն սահմանը, որին հացի գինը պետք է հասնի, ուրեմն ի՞նչ, ժողովուրդն այլեւս չպե՞տք է հաց առնի: Նույնը կարելի է ասել մնացած սննդամթերքի եւ բոլոր այլ ապրանքների համար: Եղբայր, հասկանալի է, որ նախկինում էլ, այսօր էլ եւ հետագայում էլ միշտ լինելու են ապրանքներ ու գներ, որոնք ժողովրդի համար հասու չեն լինելու եւ ժողովուրդն անգամ փորձ չի անելու դրանց մոտենալ, սակայն դա չի նշանակում, դե ոչինչ, գները վայրի ձեւով ինչքան ուզում է թող բարձրանան, միեւնույն է՝ մեր հասկացող ժողովուրդը չի մոտենա դրանց, այսինքն չի գնի՝ գները բարձրացրած այդ ապրանքները եւ այդքանով համարել, որ հարցը վերջնականապես լուծված է: Այսինքն, հեղինակը կարեւորում է ոչ այնքան այն հանգամանքը, որ պետք է հացի, մնացած սննդամթերքի եւ այլ ապրանքների գները տատանվեն խելամտության սահմաններում եւ եթե այդպես չէ, ապա պետք է զսպել դրանց աճը, որպեսզի ժողովուրդը՝ զուտ գոյատեւելու (չեմ ասում ապրելու) համար, ունակ լինի գոնե առաջին անհրաժեշտության սննդամթերք ու այլ ապրանքներ գնել, այլեւ այն, որ գները որքան ուզում է թող բարձրանան, միեւնույն է՝ ժողովուրդը դրանք չի գնի: Հայտարարության հեղինակը երեւի մոռացել է, որ պետությունն՝ ի դեմս Կենտրոնական բանկի, որի հիմնական գործառույթը հենց գների կայունացման ապահովումն է, պետք է քայլեր ձեռնարկի՝ զսպելու գների շեշտակի բարձրացումը, ապահովի գների տատանման խելամտության սահմանները (այս հայտարարությամբ հարցականի տակ է դրվում նաեւ Կենտրոնական բանկի գոյության իմաստը), որպեսզի մարդիկ՝ ամեն մեկն իր կարողության սահմաններում կատարի իր գնումները, այլ ոչ թե բարձրաձայնի, եթե ժողովուրդը գների հետեւից չի հասնում, թող գնում չանի: Հարց. բա, այդ դեպքում ժողովուրդն ի՞նչ անի, տանը նստի սպասի, թե ով իրեն ինչ է նվիրելո՞ւ: Հասկացանք, որ չկա առաջվա խորհրդային տնտեսությունը, եւ մեր տնտեսությունը վաղուց արդեն ազատական է, բայց դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռները լվանա, մի կողմ քաշվի ու ասի. մեր երկրում գները ազատական են, կարո՞ղ ես՝ ետեւից հասիր, չե՞ս կարող՝ մեռիր: Այլ խոսքով, հերն անիծած, որ ամեն ինչ կորցրած ժողովուրդը նաեւ սովամահ կլինի…
Որքանով է բարոյական, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը նույն ժողովրդին ուղղված նման հայտարարություն անի…

Տեր, փրկիր մեզ գների այս կատաղի աճից…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, վերլուծաբան

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031