Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորների ունակությունները պետք է բարձր լինեն, որ սա աշխատի». Անվտանգության փորձագետը՝ ԶՈՒ-ին վերահսկելու մասին

Դեկտեմբեր 15,2017 14:19

Անվտանգության փորձագետ, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնը ներկայացնող Ֆիլիպ Ֆլյուրին այսօր մասնակցում էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմակերպած միջազգային սեմինարին՝ ԶՈՒ-ի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմայով:

Նա ասաց, որ երկրներ կան, որտեղ զինված ուժերի ներկայացուցիչները համազգեստ չունեն, քաղծառայողներ են, կան երկրներ, որտեղ համազգեստ են հագնում, բայց դա ժողովրդավարության հետ կապ չունի: Խորհրդարանական վերահսկողության համար անհրաժեշտ է խորհրդարանին օժտել լիազորություններով. «Վերահսկողություն չի նշանակում, որ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ղեկավարը պետք է միկրոմենեջմենթով զբաղվի: Սա չէ խորհրդարանական վերահսկողությունը, այն համագործակցության գործընթաց է: Սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությանն է նման, տարբեր գործիքներ են անհրաժեշտ, որ հնչի ճիշտ երաժշտություն, եթե հսկեք, թե ինչ է յուրաքանչյուր երաժիշտ նվագում ամեն պահի, երաժշտական կատարում չի լինի: Մենք պետք է խորհրդարանին լիազորություններ տանք օրենքով եւ Սահմանադրությամբ, որ կարողանա որոշակի վերահսկողություն իրականացնել: Գաղափարը ոչ միայն այն է, որ ժողովրդի ընտրյալ ներկայացուցչներն իրենց անելիքն ունենան, թե ինչ է տեղի ունենում ՊՆ ԶՈՒ ոլորտում, դա իր հերթին ստեղծում է վստահություն այդ ոլորտի հանդեպ: Խոսքը ոչ միայն հաշվետվողականությանը, հրապարակայնությանն է վերաբերում, բարեվարքին, որ հաշվետու լինեն ՊՆ ոլորտի ղեկավարները, այլ նաեւ վստահություն կառուցվի հասարակության մեջ առ այն, որ ոչ միայն երկիրը ապահով ու անվտանգ է, ոչ միան ՊՆ-ն մատուցում է այն ծառայությունը, որի համար մենք վճարում ենք, այլ նաեւ նրանք դա անում են հաշվետու եւ թափանցիկ ձեւով: Մեզ անհրաժեշտ են խորհրդարանական հանձնաժողովներ՝ համապատասխան անձնակազմով»:

Փորձագետը նշեց, որ հնարավոր չի օրենքում պարզապես ամրագրել, որ այսօրվանից մենք կունենանք խորհրդարանական վերհսկողություն եւ ունենանք: Հետաքննության լիազորություններով օժտելը, օրենսդրական դաշտում ամրագրելը հարցի մի կողմն է. «Մենք պետք է ներդրումներ անենք պատգամավորների վրա, որ նրանք ի վիճակի լինեն դրանից օգտվել: Այսպիսով, մենք նախագահողի հետ մի շարք համագործակցության ոլորտներ ենք դիտարկում, որոնց կուզեինք, որ Ժնեւի կենտրոնն իր նպաստը բերեր»:

Ֆլյուրիի խոսքով՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք ԶՈՒ-ում մարդու իրավունքներին, զինվորական արդարության հետ կապված խնդիրներին. «Խորհրդարանական հանձնաժողովը պետք է ունենա ունակություն, լիազորություն, հավակնություն, սրանցից մեկն էլ չեղավ՝ լավ չի աշխատի: Անհատական պատգամավորների ունակությունները պետք է բարձր լինեն, որ սա աշխատի: Սխալ կլինի որդեգրել նեղ իրավական մոտեցում եւ ընդամենը ասել՝ մեզ օրենքներ են պետք: Շատ երկրներ են փորձել արդյունքի հասնել այդպես՝ ընդամենը օրենքներ բարելավելով: Սա չի աշխատելու: Ուկրաինայի օրինակը վերցնենք՝ տասնյակ օրենքներ ունեն՝ ոչ մեկը ինքնին չի աշխատում: Իրավապաշտ նեղ մոտեցումը անցումային փուլին բավարար չի, դրանով արդյունքի չես հասնի»:

Նա կարեւորեց քաղհասարակության, ՀԿ-ների փորձը եւ խորհուրդ տվեց «սեղանի շուրջ» նրանց էլ տեղ տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031