Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում հայկական վանքերն ու եկեղեցիները դարձնում են գոմ, պահեստ, քարհանք». Գևորգ Պետրոսյան

Դեկտեմբեր 15,2017 15:20

Թուրքիայում հայկական վանքերն ու եկեղեցիներն օգտագործվում են որպես գոմ, քարհանք, պահեստ:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, բնութագրելով Թուրքիայում հայկական հուշարձանների պահպանության վիճակը, այն համարեց անմխիթար ու մանրամասնեց. «Մասնավորապես թուրքական պետության կողմից անուշադրության, անմխիթար վիճակ է: Թեև Թուրքիան հիմնադրվելով՝ Լոզանի պայմանագրով ստանձնել է ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանում, բայց մեծ հաշվով Լոզանի պայմանագրի կետերը չեն իրականացվում: Այդ պատճառով ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անմխիթար, և շտապ քայլեր ձեռնարկելու կարիք կա»:

Պարոն Պետրոսյանն ահազանգեց՝ Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության մի մասը կանգնած է  վերջնական վերացման առաջ:

Գևորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ լուրջ խնդիր է նաև գանձագողությունը. «Թուրքիայի արևելյան հատվածներոմ տարածված հայի ոսկու տենդը շարունակվում է նաև 21-րդ դարում: Շատերը հայ եկեղեցների, գերեզմանատների հիմքերը փորելով, վտանգավոր քանդման միջոցով ոսկի են փնտրում՝  վնաս հասցնելով հուշարձաններին»:

Ըստ թուրքագետի՝ տեղացիների կողմից շատ հայկական պատմամշակութային կոթողներ օգտագործվում են որպես գոմ, պահեստ, քարհանք: Նա հատկապես շեշտեց Մուշի Սուրբ Կարապետի վանքի՝ անմխիթար վիճակում լինելու փաստը. «Երևի թե ամենաանմխիթար վիճակում գտնվող վանքերից է, որը մեծ հռչակ ունի: Տեղում խոսակցություններ կան, որ գյուղը պետք է տեղահանվի, և սկսվեն վանքի վերականգնման աշխատանքները: Տարբեր աղբյուրներ նշում են, որ նման բան հնարավոր է, թեև չկա պաշտոնական տեղեկություն այդ մասին»:

Անմխիթար վիճակում է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին: Գևորգ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ թուրք- քրդական բախումների կիզակետում հայտնվելուց հետո եկեղեցին որոշակիորեն տուժել է հատկապես ներքին հարդարանքի տեսանկյունից: Բացի այդ, դեռևս եկեղեցին օգտագործելու արգելքը գործում է:

Թուրքագետը որպես ցցուն օրինակ համարեց Վանի կողքին գտնվող Արտամետ բնակավայրում հայկական գերեզմանատանը զուգարան կառուցելու փաստը և հավելեց. «Ըստ Թուրքիայի մշակույթի նախարարության՝ կարծես թե հարցը պետք է լուծվեր, բայց այժմ տեղեկություն չունեմ՝ զուգարանը ապամոնտաժվե՞լ է, թե՝ ոչ»:

Հարցին՝ տեղի բնակչությունը ագրեսիվություն ունի՞ հայկական պատմամշակութային կոթողների նկատմամբ, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Այն վայրերը, որտեղ քիչ են այցելությունները, ավելի բարդ վիճակ է. հայկական հուշարձանները կա՛մ ոչնչացված են, կա՛մ ոչնչացման եզրին:  Իսկ այն վայրերը, որտեղ հայերը հաճախ են այցելում, տեղի բնակչությունը ոչ միայն ագրեսիվ չէ, այլև ավելի դրական է ընդունում հայերին»:

Հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության լավ օրինակ պարոն Պետրոսյանը համարեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պահպանությունը. «Եկեղեցու պահպանումը բարձր մակարդակի վրա է, ինչի արդյունքում այս տարվա առաջին ինն ամիսներին Աղթամար կղզի այցելել է 110.000 մարդ: Այդպիսի վայր է նաև Նեմրութի Հին աստվածների սրբավայրը. 2017-ի առաջին ինը ամիսներին ունեցել է 52.000 այցելու: Անիի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ևս դրական քայլ էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031