Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի որեւէ քայլ չեմ մեկնաբանում. Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2017 10:46

Ներկայացնում ենք հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից:

Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունն» անցնող տարվա ընթացքում հրավիրեց համագումար, ժամանակ առ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտնվում, հայտարարություններ անում։ Կուսակցության գործունեությունը ԱԺ ընտրություններից հետո, սակայն, տեսանելի չէ հանրությանը։

-«Ժառանգությունն» իր ուժերի ներածին չափով մասնակցում է մեր երկրի քաղաքական կյանքին, ծրագրի դրույթներին համահունչ փորձում է ծավալել գործունեություն Հայաստանից դուրս գտնվող գործընկերների հետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում, այդ ձեւաչափերով։ Ձեր հարցը ընդունելի չէ, որովհետեւ «Ժառանգությունը» միշտ էլ ունեցել է սկզբունքային դիրքորոշում։ Եվ որեւէ ընդդիմադիր կուսակցություն այսօրվա Հայաստանում չունի գործունեության դաշտ։ Այն, ինչ կատարվում է, դա տեղի է ունենում մեր ջանքերի, կամավորության շնորհիվ, որովհետեւ պետությունն ամբողջովին ռեսուրսազրկել է ընդդիմադիր կուսակցություններին, նրանց անդամների նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է հետապնդումներ, որոշներին գայթակղել է, տեղեկատվական դաշտում «Ժառանգությունը» չունի որեւէ կայքէջ, չկա ֆինանսավարում։ Մենք մեր գործունեությունը ծավալում ենք ինչպես Հայաստանի քաղաքական դաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Մեր իրականությունը ներկայացնում ենք միջազգային գործընկերներին միջազգային հարթությունում, մեր պետական շահը փորձում ենք այնտեղ ներկայացնել։ «Ժառանգությանը» «կծելն» այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ Հայաստանի այն եզակի կուսակցություններից է, որը ոչ միայն ժողովրդավարական ընթացակարգ ունի իր ներսում, այլեւ գործում է ինքնուրույն։ Չկա որեւէ մեկը, որ ասի, թե կուսակցությանը թեկուզ տասը դրամ օգնություն է ցույց տվել, չկա որեւէ քաղաքացի, որ ասի՝ տասը դրամ տվել եմ, որ «Ժառանգությունը» իմ շահերը պաշտպանի։ Եվ այդքանով հանդերձ՝ «Ժառանգությունը» ծավալում է իր գործունեությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրա ակտիվությունը, երբ ընտրությունները կեղծվեցին, եւ որոշ ընդդիմադիրներ նպաստեցին դրան։ Ինչպե՞ս կարող է կուսակցությունն ակտիվ լինել, երբ հասարակությունը հիասթափված է եւ խիստ ապատիկ վիճակում է գտնվում, միակ ելքը տեսնում է արտագաղթի մեջ։ Կուսակցության գործունեությունը միայն այն չէ, որ հանրահավաքներ հրավիրի։ Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ կուսակցությունն օրը 24 ժամ հանրահավաք է հրավիրում եւ դրանով իր ակտիվությունն է ցուցաբերում։ Տեղեկատվական դաշտն էլ իշխանության ձեռքում է․ կուզեն՝ ակտիվություն ցույց կտան, կուզեն՝ ցույց չեն տա։ Եվ դրա համար, այն, ինչ կատարում է «Ժառանգությունը», քաղաքական առումով հերոսություն է։

Ձեր նախկին կուսակից, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա վերջերս մեկնել էր ԱՄՆ, հայությանը համախմբելու կոչեր է հնչեցնում, ուզում է ներգրավվել սփյուռքահայերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում։ Նրա նախաձեռնությունները համահո՞ւնչ չեն Ձեր մոտեցումներին։

-Զարուհի Փոստանջյանի որեւէ քայլ չեմ մեկնաբանում։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031