Լրահոս
Օրվա լրահոսը

Բիրգյուլ Օղուզ. «Սուգն անճարության է մատնում, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն է»

Դեկտեմբեր 16,2017 17:31

Դեկտեմբերի 16-ին «Նավավարում» կայացավ թուրք ժամանակակից արձակի ներկայացուցիչ  Բիրգյուլ Օղուզի հետ հանդիպում, որի՝ տասնյակ լեզուներով թարգմանված եւ Եվրամիության գրական մրցանակին արժանացած «Հահ» վեպը «Անտարես» հրատարակչությունը նաեւ հայերեն է հրատարակել:

Aravot.am-ը թուրք գրողից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է իր ձեռագրի եւ գրական կարիերայի վրա անդրադարձել իր՝   անգլոամերիկյան գրականության մասնագետ լինելը:

«Սովորաբար շատ լավ չեն վերաբերվում այն գրողներին, որոնք գրականության մասնագետ են, մտածում են, որ դա ստեղծագործական մտքին լավ չի անդրադառնում: Ինչ վերաբերում է ինձ, ես շատ եմ սիրում գրականությունը, եւ որպես գրող գրականությունն ու իմ կարիերան միշտ կողք կողքի են քայլել: Մտածել եմ, որ եթե երբեւէ գրականագետ լինելս խանգարի գրող լինելուս, կդադարեմ ստեղծագործել»,- ասաց Բիրգյուլը:

Անդրադառնալով հայ-թուրքական գրական կապերին, թուրք գրողն ափսոսանքով հայտնեց, որ թարգմանված արեւելահայ գրականությունը շատ սակավ է, մինչդեռ նրա խոսքերով, հայերը 5-րդ դարից առ այսօր հզոր գրականություն են ստեղծել, իսկ թարգմանությունները կաթիլ են այդ հսկա ծովում:

Բեսթսելլեներին Բիրգյուլն առանձնապես լավ չի վերաբերվում, կարեւորում է այն գրականությունը, որը համամարդկային արժեքներ է քարոզում, ինչպես ասենք,  Սրվանտեսի Դոն Կիխոտը:

«Երկու տարի առաջ իմ ընկեր Արմեն Օհանյանի շնորհիվ իմ առաջ բացվեց արեւելահայ գրականության դուռը»,-նշեց թուրք գրողը, որը նաեւ հավելեց, թե ցանկանում է լինել Մատենադարանում:

Հարցին՝ իր կարծիքով ինչու հենց իր «Հահ» գրքին տրվեց Եվրամիության գրական մրցանակը, Բիրգյուլը պատասխանեց, որ դա P.E.N-ի թուրքական գրասենյակի որոշումն էր դա: «Հավանաբար հաշվի են առել լեզվական խաղերը եւ այլ դրսեւորումները, նորարարությունը: «Հահ»-ը դյուրընթեռնելի գիրք չէ, լեզվի մեջ շերտեր կան, սա էլ գրավիչ է եղել ժյուրիի անդամների համար: Ինչ վերաբերվում է վերնագրին, «Հահը» եւ ափսոսանք է նշանակում  եւ ինչ-որ բանի գիտակցում»,-ասաց Բիրգյուլը:

Aravot.am-ի դիտարկմանը, որ իր գիրքը ինչպես կյանքի, այնպես էլ մահվան փառաբանություն է, ինչո՞ւ է սգի  ու մահվան մասին այդքան գեղեցիկ գրում, Բիրգյուլ Օղուզը պատասխանեց. «Սուգն ու կորուստը ծանր զգացողություններ են, մտածում էի, որ  եթե կարողանամ մահը հասկանալ, այդ դեպքում կկարողանամ վերադառնալ կյանք: Սուգն անճարության է մատնում մարդուն, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն է»:

«Հահ»-ի խմբագիրներից Զավեն Բոյաջյանի ձեւակերպմամբ, միշտ չէ, որ մրցանակներ տրվում են արժանի գրքերին, իսկ այս դեպքում մրցանակն իսկապես գտել է հասցեատիրոջը: Նրա խոսքերով, այս գրքում ներկայացված է վշտի անատոմիան, որը կարող է հոգեհարազատ լինել ցանկացած մարդու անկախ ազգությունից եւ կրոնից. «Գործ ունենք մի ստեղծագործության հետ, որտեղ հեղինակն օգտվել է պոստմոդեռնիստական հնարքներից, գիրքը գրավում է նաեւ նրանով, որ ունի հուզական լցոն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031