Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը միայն 1 միլիոն եվրո կներդնի Ամասիայում՝ բրդի արտադրության մեջ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2017 19:23

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, որն այսօր եկել էր Գյումրի՝ տոնելու Եվրոպական Միության հիմնադիր փաստաթղթի՝Հռոմի համաձայնագրի 60-ամյակը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համար «լավ տարին», տեղեկացրեց, որ 2018 թվականին մի քանի ծրագրեր են իրականացնելու Շիրակի մարզում։ «Տոնում ենք նաև Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններում նոր գլուխ բացող գործընկերության և խորացված համաձայնագրի ստորագրումը»,- ասաց դեսպանը՝ հիշեցնելով, որ Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է, միակն է, որ ունի Եվրոպայի հրապարակ։

Խոսելով ծրագրերի մասին՝ դեսպանն ասաց, որ կենտրոնանալու են այնպիսի ծրագրերի վրա, ինչպիսիք են՝ ստեղծարար արտադրության գործունեության ոլորտը։ Ըստ նրա, 2018 թվականի հիմնական հանգուցային ծրագիրը կենտրոնանալու ու իրականացվելու է Գյումրիում։ «Շուտով կստորագրենք մեկ միլիոն եվրոյի պայմանագիր, ներդրումներ կկատարվեն Ամասիայում բրդի արտադրության շղթայի կատարելագործման, կայացման ուղղությամբ։ Հուսով ենք, սա էականորեն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և խթան կհանդիսանա Շիրակի մարզի հյուսիսային հատվածում տնտեսական զարգացման համար։

Շուտով կստորագրենք նոր դրամաշնորհի համաձայնագիր, որով աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական մասնակցությամբ բյուջեների կազմմանը և իրականացմանը Շիրակի մարզի խոշորացված համայնքներում։ Խոշորացված համայնքներում հնարավորություն կընձեռվի բնակչության կամարտահայտության միջոցով որոշել այն ծրագրերը և այն ուղղությունները, որոնցում կծախսվի Եվրոպական Միության ֆինանսավորումը։ Աշոցքում և Արփիում կունենաք փորձնական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն բացօթյա զբաղմունքի, ժամանցի և զբոսաշրջության խթանմանը։ Հայաստանում Եվրոպական Միության՝ մեր ուշադրության կենտրոնում մոտակա տարիներին կլինեն Գյումրին և Շիրակի մարզը»,-ասաց դեսպանը։

Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքվածը խորացված գործընկերության համաձայնագիր է, ասոցացման համաձայնագիր չէ, իսկ այն որպես համագործակցության իրավական հիմք՝ կօգնի իրենց ավելի մեծ օժանդակություն ուղղորդել Հայաստան, մասնավորապես Շիրակի մարզ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031