Գարեգին Նժդեհից մինչև Եվրամիություն

Գարեգին Նժդեհից մինչև Եվրամիություն

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն էլ ստորագրվեց: Նույնիսկ մեջներիս ամենաընդդիմադիրներն ու ամենահոռետեսները համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լավ են արտահայտվում, վատագույն դեպքում լռում են, և նույնիսկ մեր ամենառուսամետները համաձայնագրի դեմ չեն խոսում, և նույնիսկ ռուսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեմ բացեիբաց չեն արտահայտվում, չնայած համաձայնագրի ստորագրման պահից սկսած՝ ռուսական որոշակի շրջանակներ վերստին հիշեցին Գարեգին Նժդեհին ու վերջինիս նացիզմը:

Լավ է, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսն է, և դա բավական լուրջ պատճառ ու հանգամանք է, որպեսզի Հայաստանի իշխող կուսակցության երևելիները Գարեգին Նժդեհին ռուսներից պաշտպանելու գործն իրենց վրա վերցնեն:

Ասացի, որ նույնիսկ ռուսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեմ բացեիբաց չեն արտահայտվում. նկատի ունեի Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներին ու քաղաքական վերնախավին, չնայած էս ասածս էլ է հարաբերական և ընդամենն էս պահի կարծիքս է, որովհետև հատկապես էս օրերին ռուսական հեռուստաալիքների հաղորդումների հակահայկական բնույթն էնքան ընդգծված է, որ կարելի է ենթադրել, որ հակահայկական տրամադրությունները Ռուսաստանում գնալով ավելի ու ավելի մեծ չափեր ու մասշտաբներ կընդունեն:

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի մասին ռուսների տեղեկացվածությանը, կարելի է զարմանալ, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալիս նույն այդ տեղեկացված ռուսները հաշվի չէին առնում, որ «նացիստ» Գարեգին Նժդեհը, փաստորեն, Հայաստանի իշխող կուսակցության գաղափարախոսն ու գաղափարական առաջնեկն է, և այդ «տեղեկացվածները», որ Նժդեհի արձանի թեման գլխավոր թեմա ու մատի փաթաթան դարձրին, մի՞թե տեղյակ չէին, որ արձանից էլ առաջ Հայաստանի մայրաքաղաքում կային Գարեգին Նժդեհի անունով հրապարակ, մետրոյի կայարան և այլն: Ավելին. «տեղեկացվածները» մի՞թե տեղեկացված չէին, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն «նացիստ» Գարեգին Նժդեհը համաժողովրդական քվեարկության արդյունքով ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն հայ:

Թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման պատճառով Հայաստանի դեմ ուրիշ ինչեր կձեռնարկեն Ռուսաստանն ու ռուսները՝ կյանքն ու ժամանակը ցույց կտան: Եվ թե ինչպես և ինչքանով Հայաստանը կկատարի համաձայնագրի ներառած կետերը՝ նույնպես ժամանակն ու կյանքը ցույց կտան: Կարծում ենք՝ այս առումով Հայաստանի իշխանություններն ու անձամբ Հայաստանի նախագահը պիտի որ նախքան համաձայնագրի ստորագրումը մտածած լինեն: Ազատ ու արդար ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում և այլն:

Որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ոչ միայն ռուսներին է շոկի մեջ գցել, այլև ադրբեջանցիներին ու Ադրբեջանի իշխանություններին՝ դա ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ ռուսներն ու հատկապես Ադրբեջանը փորձելու են ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման փաստը Հայաստանի դեմ օգտագործել: Ակնհայտ է նաև, որ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի հակառակորդները ոչ թե պակասելու, այլ նույնիսկ ավելանալու են: Բայց այդ հանգամանքը մեզ ոչ թե պիտի վախեցնի, այլ պիտի բազմակողմանի ու չափազանց լուրջ մտածելու պատճառ հանդիսանա:

Կարևորն այն է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումով պատռվեց այն ղազագիրը, որի առկայությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմի մեջ գտնվելու փաստն էր: Կարևոր է նաև այն, որ հիմա արդեն ԵԱՏՄ կազմի մեջ գտնվող երկրները Հայաստանին չեն վերաբերվի որպես երկրորդական ու երրորդական անդամի: Գերադասելի է, որ քեզ որպես հակառակորդի վերաբերվեն, քան ոչինչ համարեն: Մանավանդ որ՝ մեզ ոչինչ համարելով էլ՝ հակառակորդ էին համարում:

Հիմա առավել ևս հակառակորդ կհամարեն, և էդ հանգամանքից առանձնապես չարժե սարսափել, և ընդհանրապես քաղաքականության մեջ վախենալն ու սարսափելը սխալ է, որովհետև եթե հակառակորդդ զգա, որ իրենից վախենում ու սարսափում ես, ավելի ու ավելի կվախեցնի ու կսարսափեցնի քեզ, և էս ասածս հատկապես ու առանձնապես վերաբերում է Ղազախստանի ու Հայաստանի հարաբերություններին, և եթե Ղազախստանը Հայաստանի հետ նույն ԵԱՏՄ-ի կազմում գտնվելով՝ Ղարաբաղի հարցում չափազանց ադրբեջանամետ դիրքորոշում է հանդես բերում, դրանից ոչ թե պետք է վախենալ ու հուզվել, այլ էդ հանգամանքը ի գիտություն պետք է ընդունել՝ սառնասրտորեն համարելով, որ ԵԱՏՄ-ն ընդամենը տնտեսական միություն է, որի անդամներն ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումներում, և դրա լավագույն ապացույցը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման իրողությունն է, և նրանք, ովքեր կարծում են, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՏՄ անդամները Հայաստանին ավելի թշնամաբար կվերաբերվեն, չարաչար են սխալվում: Մեր համեստ կարծիքով՝ հնարավոր է, որ հակառակը տեղի ունենա: Հակառակն այն է, որ ԵԱՏՄ մյուս անդամները, Ռուսաստանն էլ ներառյալ, Հայաստանից օրինակ վերցնելով՝ իրենք էլ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեն: Եթե, իհարկե, ԵՄ-ից հրավեր ու առաջարկություն ստանան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք