Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը)

Սկիզբը՝ նոյեմբերի 26-ի համարում, դեկտեմբերի 3-ի համարում, դեկտեմբերի 10-ի համարում

– Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը: Գրելիս մտածու՞մ ես ընթերցողի մասին, քանի որ ժամանակը, բարքերը, քաղաքականությունը ինչ-որ չափով ոչնչացրին  ընթերցողին, թե՞ քեզ համար նշանակություն չունի՝ քանի հոգի է «քեզ կարդում»:   

–  Գրողը իր ստեղծագործությունների անաչառ գնահատողը չի կարող լինել, որովհետև ընթերցելիս, տեսնում է ոչ միայն այն, ինչը հաջողել է հանձնել թղթին, այլև «չգրածը»` «ներսում» մնացածը: Մեծարենցի «Ինքնադատության փորձ մը» հոդվածը բացառություններից է, որ հաստատում է կանոնը:

Ներշնչանքի էքստազում և առօրեական վիճակում գտնվող մարդը նույն էության տարբեր դրսևորումներն են:

Այդ պատճառով, ժամանակ անց, «ուրիշի» աչքով ես նայում գրածիդ և տպավորությունն այլ է: Արվեստում ամեն ինչ կարելի է անել, եթե գեղարվեստի առումով արդարացված է: Ես դասական արժեքներին վերաբերվում եմ որդիական խոնարհությամբ, բայց ոչ ստրկաբար. յուրաքանչյուր ժամանակ արժեքի սեփական մեկնաբանությունն ունի: Տարիներ առաջ Սևանում հյուրընկալվել էի մեկի տանը, որի պատից «Դանայա» էր կախված: Գնդիկավոր գրիչով կրծկալ ու ներքնաշոր էին «հագցրել»: Դա էլ է չափի և ամոթխածության պատկերացում: Մենք հաճախ նկատում ենք  ստեղծագործության զուտ գեղարվեստական արժանիքը,  սակայն, չենք տեսնում այն ժամանակը, որի մեջ այդ գործը ստեղծվել է, մինչդեռ,  երկու բաղադրիչները միասին տեսնել չկարողանալը բացառում է ճշգրիտ գնահատականը: Չնայած, կա այլ մեկնակետ ևս: Ռոբերտ Էլիբեկյանն ասում էր. «Եթե նայես տիեզերքից, որտեղ չեն գործում ժամանակի  մեր պատկերացումները, հայ ամենախոշոր նկարիչը գուցե Բաժբեուկը լինի»: Այլ է, երբ խոսքը վերաբերվում է  ժամանակակից գրականությանը: Այստեղ էլ գործում է լեռան լանջից գագաթի բարձրությունը չտեսնելու հանգամանքը: Ես գրելիս թելադրող չեմ: «Ես էլ, ասենք, զարմանալի ընթերցող եմ», որ փորձում եմ աղմուկից զերծ՝ լսել սրտիս ձայնը: Գրելու ընթացքը կեղեքող զգացողությունից ազատագրվելու ճիգ է: Մի՞ թե հնարավոր է այդ պահին որևէ այլ բանի՝ ասենք ընթերցողի մասին մտածել: Նրանք, ովքեր հաջողում են, այդ պահին նվազ չափով են ներշնչանքի «գերին», հետևաբար գրածը կունենա   հաճոյանալու ստորաքարշ տարր: «Ժամանակը», «բարքերը», «քաղաքականությունը» ո՞ր ընթերցողին են ոչնչացրել. նրան, ով «տակից» գիրք էր առնում՝ հարմարեցնելով  կահույքի գույնի՞ն, թե՞ գրքով «անբուժելի հիվանդներին»: Այդ տեսակը հիմա էլ կա: Երկրում, ուր մենք ապրում էինք, արվեստը, գրականությունը  կոչված էր հանրահռչակելու իշխող գաղափարախոսությունը, սակայն մարդը ընտրում էր՝ ինչ «պետք» էր: Բնության նույն օրինաչափությունն է. արածելիս կովը համատարած չի «հնձում» պատահած խոտը: Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակ միշտ էլ ընտրում է,  այլ հարց է, թե  ո՞վ  կամ  ի՞նչ է ընտրում: Այնպես որ, մենք ենք քիչ կարդում՝ զբաղվածության, առողջական խնդիրների և այլ պատճառներով:

Այսուհանդերձ, ներկա հասարակարգը իր բոլոր առավելություններով, նյութի պաշտամունք է քարոզում: Տեսե՞լ  եք մի երեխա, որ երազի օդաչու կամ ջութակահար դառնալու մասին: Խնդիրը կա, բայց չպետք է սրա վրա բարդել այն արհեստական խոչընդոտները, որ քարաթափության նման փակել է մեր ժողովրդի զարգացման ճանապարհը: Գրական քաղաքականության հայելին գրական շուկան է, որը, չնայած առանձին մարդկանց ջանքերի/հիմնականում «Անտարեսը», չի կայացել և դատելով երկրի զարգացման ընթացքից, չի էլ երևում, թե երբ կկայանա: Նույնիսկ հաջողության դեպքում  պոեզիան, որպես ոգու ամենախիտ արտահայտություն, նվազագույն չափով է ենթակա շուկայի օրենքներին: Հասարակական ընկալման մեջ գրականությանը վերագրվում են գործառույթներ, որ իրականում չունի: Գրականությունը, այսուամենայնիվ, նեղ մասնագիտություն է, որը ենթադրում է  պրոֆեսիոնալ ընթերցողի որակ:

Լավ ես զգում, եթե որևէ մեկը ծանոթ է գրքիդ, առավել ևս՝ հավանել է: Չէ՞ որ գրելը ակամա խոստովանություն է: Այդ «գաղտնիքին» հաղորդակից լինելը հարազատեցնում է մարդկանց: Սակայն, ավելի հաճախ վախենում ես  հարցնել՝ ի՞նչն եք հավանել: Կարող են աբսուրդային բացատրություններ լինել: Այս կապակցությամբ է Սերգեյ Դովլաթովն ասել. «Ես հիմա մոտ մեկ տասնյակ ընթերցող ունեմ, աստված տա՝ նրանց թիվը նվազի»: Իմ ինքնագնահատականը կարող է իրականից էլ ցածր լինել, որովհետև շատ բարձր են չափանիշներս: Ասում են՝ «տաշած քարը գետնին չի մնա», թե որքանո՞վ է քարը տաշած՝ դատողը միայն ժամանակն է: Ամեն մարդ պիտի անի իր  գործը:  Եթե  զբաղվում ես գովազդով, ապա գրողի քո տեղը այդ պահին դատարկ է:

                                        

-Կարողանո՞ւմ ես արդյոք Լիոնից հետևել  հայ գրականության  ընթացքին: Եթե՝ այո,  ինչպե՞ս կբնութագրես:

– Ես գրական-հասարակական ակտիվություն երբեք չեմ ունեցել:  Իմ կարծիքով բարձր գրականությանը ուղղակի նսեմացնում է հանրային լսարան համադրությունը: Իհարկե, միշտ հետևել եմ: Գրականությունը  հայելի չէ, մի քիչ այլ բան է, սակայն այստեղ էլ կարելի է տեսնել հասարակական վայրիվերումների ընթացքը: Ստի, երեսպաշտության, աղետի էլ ավելի խորացած պատկերն է երևում: Իմ երիտասարդության տարիներին կային  խոստումնալից պոետներ, որոնց կյանքը տարավ այլ ուղիներով. հիշել են, որ «բանաստեղծ են», սեփական գոյությունը արդարացնելու ճիգով գրքեր են  հրատարակում,  փառաբանում իրար։ Թվում է՝ ի՞նչ վատ բան կա, եթե մարդը ցանկանում է ավելի լավը երևալ:

Գրաֆոմանիան հիվանդություն է, դրանով իսկ ներելի… Սրանք սթափ  փորձում են ներկայացնել, որ այսօրվա հայ գրականությունն իրենք են:  Ինչ չափով մարդը չպետք է սիրի գրականությունը:   Երբեմնի կուսության ու մաքուր զգացմունքների դիմաց, այսօր են գլխի ընկել, որ կարելի էր վարձավճար պահանջել: Դա հոգևոր դրամանենգություն է: Օրինակ՝ Արմեն Դավթյանն այդ մարդկանցից չէ, որովհետև  իսկապես տաղանդավոր  է,  և կորուստ էր նրա գրականությունից հեռանալը: Իմ բախտը բերեց: Ես «անմտերեն» հավատարիմ մնացի պատանեկան իդեալներիս և, երբ հասկացա, որ գուցե սխալվել եմ՝ արդեն ուշ էր: Ինչի՞ մասին կգրեի: Իմ մասին, իսկ ու՞մ մասին են գրում գրողները: Թվում է, թե աշխարհի, բայց դա աշխարհի այն սուբյեկտիվ ընկալումն է, որ ունի նրանցից յուրաքանչյուրը: Ջրտուքի ժամանակ հողագործը փխրեցնում է ծառի բունը և մինչև հագենալը առու- առու ջրում ծառը:

Արտը ջրվում է բոլորովին այլ սկզբունքով / եթե ջրվում է/: Ես արտ եմ: Դա է երևի պատճառը, որ ուղղակի որևէ ազդեցություն իմ պարագայում նկատելի չէ: Չնայած, ազդեցությունը հաճախ ոչինչ էլ չի նշանակում: Չարենցը համատարած ազդեցություն էր, սակայն Մասիս սարի չափ երևույթ է: Խստապահանջությունը՝ գաղափարին հավատարմությունն է: Դեգրադացված հասարակության մեջ  սկզբունքայնությունը հաճախ շփոթում են չարության հետ,սակայն,՝ խառնակ ժամանակներում, արվեստագետի առաքելությունը    արժեքները  պահպանելն է:

Մի շատ լավ (իհարկե ոչ այնքան, որքան ինքն է կարծում) բանաստեղծ կա, որ ասում են՝ ընկերություն է անում հայտնի գեներալի՝ հոր «պատճեն» քաղաքապետ որդու հետ… Արվեստագետի հոգևոր էկոլոգիան չափազանց զգայուն է. ուզում ես, թե  ոչ, ամեն ինչ  թողնում է իր հետքը…Հայկազ Քոչարը պատմում էր. «Հայրս իր աշակերտին՝ Վահանին, ինչ-որ առիթով ասաց. «Եթե նկարիչը փողոցում քիթը տգեղ մաքրում և նայում է  շուրջբոլորը, տեսնում, որ ոչ ոք չի նկատել, կապ չունի, նրա նկարածի մեջ դա երևալու է»:

Այդպես «ընտրության» չէինք գնում, կարծելով, արտահայտում ենք մեր բողոքը. իրականում, դրանով շատ էլ չէինք տարբերվում ընտրակաշառքով քվեարկողներից:  Ինքներս մեզնից քաղաքացի  չկարողացանք կերտել, ստրուկը մեր մեջ  ամուր էր նստած, և այսօրվա պատկերի մեղավորը բոլորս ենք: Արվեստը բացառապես անհատական դրսևորում է: Նրանք, ովքեր պաշտպանվում են (իրականում դա հարձակման ձև է), ասելով՝ «մեր սերունդը»,  մտածե՞լ են, իսկ ովքե՞ր էին Տերյանի կամ Չարենցի սերունդը, իսկ Հոմերոսի սերունդն ո՞վ  էր:

Լատիշները սգո երգի բանահյուսական շերտ ունեն «Պլաչ»/մեզանում էլ կա՝ ավելի քիչ ուսումնասիրված և արդեն մոռացվող/ հոգեցունց երաժշտություն է:

Պոեզիան լացի անկեղծությունը պիտի ունենա: Թաղում էինք գնացել: Հանգուցյալին արդեն իջեցնում էին փոսը՝ վայնասուն բարձրացավ: Կինը /այլ սցենար գյուղը պարզապես չէր ընդունի/, «գիտակցությունը կորցրել էր»: Երկար ուշքի էին բերում: Հայրս սևեռուն նայում էր, հետո բարկացած՝ «քո չստերը… »: Ես զգույշ հարցրեցի. «Դա ի՞նչ նոր հայհոյանք է» : Ասաց. «Բա չե՞ս տեսնում մի ժամ է չեն կարողանում ուշքի բերել, բայց չստերը ոտքից բաց չի թողնում»:

Շատերն այդպես են բանաստեղծություն գրում…

Կան նաև կարծես հանրագիտարանից արտագրված, զուտ տեղեկատվություն պարունակող գործեր: Ամեն գնով էֆեկտ ակնկալող գրքեր էլ են տպագրվում՝ «էշերգության» նվաղկոտ բաղձանքներով: Սիրտ տաքացնող բանաստեղծություններ ևս նկատվում են: Վերջերս Անի Ամսեյան էի կարդում՝ ծաղկաթերթի  նման տողեր ունի : Գրական ընթացք է՝ այս ամենը  եղել է, էլի կլինի:

Սակայն լավ պոեզիայի կողնից նորից մոլախոտի նման գլուխ է բարձրացրել մեռած բառի պաշտամունքը:

Եթե ստեղծագործությունը զուտ մտքի պտուղ է, դա «գրական սատանայապաշտություն» է: Խաչիկ Մանուկյանը մի հոդված էր գրել Հակոբ Մովսեսի դեմ՝ երկար կանգ առնելով վերջինիս բեղերի վրա…Մեկն էլ՝ մոտավորապես  բանաստեղծ,  արվեստաբան,  լուսանկարիչ, ֆեյսբուքյան իր էջում դրվատել էր. «Հիմա Երևանի փողոցներում սովորական մարդկանց խառնված քայլում է նա՝  կենդանի դասականը՝ իր հրաշալի բեղերով»: Բեղերը՝ ահա  գրականության ինչպիսին լինելու որոշիչը: Արձակում շատ ավելի հետաքրքիր երևույթներ են նկատվում: Շնորհալի երիտասարդների այդ սերնդից ինձ ամենից հարազատը Համբարձում Համբարձումյանն էր, և ես համոզված եմ, որ նա, դեռ կվերադառնա գրականություն:

Գրող, որ արդեն հաստատել է իր տաղանդավոր լինելու հայտը՝ Արամ Պաչյանն է, ավելի ավագներից՝ Հովհաննես Երանյանը: Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը  արձակում նշաձողի նույն դերակատարությունն ունեցավ, ինչ որ  պոեզիայում  Եղիշե Չարենցը 30-ական թվականներին: Եվ հիմա, նույնիսկ ասածս չընդունողները, այդ բարեբեր տարածքում են ստեղծագործում:

-Կա՞ գիրք, որ կարող ես համարել քո սեղանի գիրքը:

-Աշխարհի բոլոր գրքերը հնարավոր չէ կարդալ, սակայն գոյություն ունի, ինչպես ֆիզիկայում, կրիտիկական զանգվածի ձևավորման սահման, որը կերտում է քեզ, քո գեղագիտությունը: Դրանից հետո մեկ գիրք ավել կամ պակաս կարդալը այնքան էլ մեծ նշանակություն չունի։

Իմ սեղանի գիրքը՝ Գիրքն է, ինչպես բանաստեղծը կասեր. «Ներշնչանքի նման սպասված և, սակայն, ներշնչանքի նման անակնկալ » ՝  մարդկային հոգու բացահայտումներով:

Երբեմն, առաջին սիրո վերուշի նման թանկ, Տերյան եմ  կարդում և ուրիշ պոետների…

(շարունակելի)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք