Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որոշումը հարվածի տակ է դնում ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայունությունը

Դեկտեմբեր 18,2017 18:44

Այս տարվա հուլիսի 27-ին ընդունված կառավարության 910-Ն որոշումը բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել ոչ առևտրային կազմակերպություններին։  Այս որոշմամբ ստեղծվել է նոր հանձնաժողով, որը զբաղվում է սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ, փոփոխող կամ կասեցնող որակման հարցերով։

Դեկտեմբերի 15-ին քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների և պետական կառույցների մասնակցությամբ քննարկում կազմակերպվեց դրամաշնորհային ծրագրերի իրականացման իրավակարգավորումների և դրանցից բխող խնդիրների վերաբերյալ։ Քննարկումը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

«Ուսումնասիրելով որոշումը, գտնում ենք, որ այն ամբողջովին չի կարգավորում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը և սահմանում է հարկման խտրական մոտեցում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ»,- ասաց ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը և ներկայացրեց կառավարության վերոնշյալ որոշման հետ կապված մի շարք խնդիրներ։

Խնդրահարույց է համարվում, որ որոշմամբ սահմանվում է՝  արտոնյալ կարող են որակավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են ՀՀ տնտեսության զարգացումը:

Այս սահմանումը  հարվածի տակ է դնում ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայունությունը և հետագա գործունեությունը․ Հայաստանում կա շուրջ 4000 ՀԿ, որոնք գործունեություն են իրականացնում ոչ միայն վերոնշյալ ոլորտներում, օրինակ, արդարադատության, մշակույթի, սոցիալական ոլորտում, փոքր և միջին բիզնեսի, և այլն։ Նման մոտեցումը հանգեցնում է անհավասար մրցակցային պայմանների և դրսևորվում է որպես ակնհայտ խտրականություն դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կառույցների միջև, հետևապես և՝ սահմանում է խտրական հարկման մոտեցում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների «Կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը նշեց, որ չկա որևէ հիմնավորում, չի կատարվել  որևէ հետազոտություն, թե ինչու են ընտրվել վերոնշյալ ոլորտները և ոչ այլ ոլորտներ նույնպես։

Սրան ի պատասխան՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ այս իրավակարգավորման անհրաժեշտությունն առաջ է եկել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դեպքում առաջ եկած խնդիրը․ երբ ՏՏ ընկերությունը կարող էր խոշոր դրամաշնորհ ստանալ, դրա շրջանակներում ծառայություն մատուցել, աշխատանքներ կատարել և չհարկվել։  Միևնույն ժամանակ հաշվի է առնվել հակամրցակցային գործունեությունը կանխարգելու հանգամանքը։

Ս․ Սողոմոնյանը ներկայացրեց նաև այն խնդիրը, որ վերոնշյալ հանձնաժողովը, որը քննելու է, թե արդյո՞ք դրամաշնորհները արտոնյալ են, թե՝ ոչ, կազմված է բացառապես պետական կառույցների ներկայացուցիչներից։ Հաշվի առնելով դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու առանձնահատկությունները, հարկավոր է նախատեսել նաև քաղհասարակության ոլորտի անկախ փորձագետների ներգրավում հանձնաժողովի աշխատանքներին՝ խորհրդատվական ձայնի իրավունքով: Վերջիններս կարող են փորձագիտական/մասնագիտական եզրակացություն տրամադրել գնահատվող ծրագրի և դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ կարգավորումները վերաբերում են միայն սուբսիդիաներին, սուբվենցիաներին և դրամաշնորհային ծրագրերերին։ ՔՀԿ ներկայացուցիչները նշեց, որ այս որոշումից պարզ չէ, թե արդյո՞ք ենթադրամաշնորհային ծրագրերը նույնպես դիտվում են որպես դրամաշնորհային, թե՝ ոչ, և արդյո՞ք դրանց նկատմամբ նույնպես կիրառվելու են սույն կարգի դրույթները: Հետևապես, տարընկալումից խուսափելու նպատակով առաջարկում ենք այս հարցում հստակություն մտցնել։

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Մարգարյանը հարց տվեց այն մասին, թե ի՞նչ չափորոշիչներով են որոշվելու, թե որ դեպքերում է եկամուտը արտոնյալ և որ դեպքում՝ ոչ։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ասանեթ Ալոյանը ներկայացրեց, թե որ դեպքերում և ինչպես են հարկվելու վերոնշյալ եկամուտները, սակայն միևնույն ժամանակ հստակ պատասխաններ չհնչեցին չափանիշների կամ ենթադրամաշնորհների արտոնյալ համարվելու կամ չհամարվելու վերաբերյալ։

Բուռն քննարկման ավարտին մասնակիցները որոշեցին խնդրահարույց հարցերն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները համակարգել և ներկայացնել ֆինանսների նախարարություն։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031