Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է կայացել

Դեկտեմբեր 18,2017 22:50

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանին և Սամվել Արսենյանին՝ ի գնահատություն երկրին և ժողովրդին մատուցած իրենց օգտաշատ ծառայությունների:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա երեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Այնուհետև մեծարյալների գնահատարժան ծառայություններին անդրադարձան նրանց գործընկերներն ու մտերիմները: Պրն. Սուրեն Զոհրաբյանը ներկայացրեց Սամվել Արսենյանի եկեղեցանվեր իրագործումները: Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն անդրադարձավ Արզաս Ոսկանյանի վաստակաշատ գործունեությանը: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի փոխտնօրեն Սահականուշ Սահակյանը խոսեց Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու մասին: Ստեփան Ռոստոմյանի գնահատելի վաստակը ներկայացրեց պրոֆեսոր Աննա Արևշատյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց տիար Սամվել Արսենյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանից տեղեկացանք Տիրախնամ թեմին մատուցած Ձեր օգտաշատ ծառայությունների մասին: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք ինքնաբուխ սիրով հովանավորեցիք Գնդեվազ գյուղի Սուրբ Եղիշե մատուռի և մատաղատան կառուցման և տարածքի բարեզարդման աշխատանքները: Ձեր եկեղեցանվեր հանձնառությունը բարի վկայություն է Ձեր աստվածսիրության, ազգասիրության ու եկեղեցասիրության:

Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատավոր Մեր զավակները շարունակում են աստվածահաճո իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությանց բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ թեմակալ առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:

Վստահ ենք, որ մեր Եկեղեցու նկատմամբ Ձեր որդիական զգացումները պիտի շարունակվեն արդյունավորվել աստվածահաճո նորանոր գործերով՝ ի շահ սիրեցյալ մեր ժողովրդի և ի զորացումն համազգային մեր կյանքի»:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Արզաս Ոսկանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Գոհունակություն է Հայրապետիս համար անդրադառնալ հայ երաժշտարվեստի ասպարեզում շնորհաշատ հայորդուդ բեղմնավոր գործունեությանը: Կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Դուք երիտասարդ հասակից սկսեցիք ելույթները հայաստանյան ու արտերկրի բեմերում` Ձեր աստվածպարգև տաղանդի արգասիքները մատուցելով արվեստասեր հասարակությանը:

Իբրև երգահան` ստեղծագործական արդյունավոր գործունեությամբ հավաքեցիք ու մշակեցիք հարյուրավոր հայկական երգեր ու մեղեդիներ` ղեկավարելով ժողովրդական երգերի հավաքման բազմաթիվ գիտարշավներ Հայաստանի տարբեր շրջաններ ու բնակավայրեր: Վաստակաշատ Ձեր գործունեության տարիներին ստեղծեցիք ու ղեկավարեցիք նաեւ ժողովրդական համույթներ ու երգչախմբեր` ծառայելով ազգային երաժշտարվեստի պահպանման ու տարածման նվիրական առաքելությանը:

Գնահատելի է Ձեր ավանդը երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործում: Մանկավարժական նախանձախնդիր գործունեությամբ Դուք Ձեր սաներին փոխանցել էք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը` նրանց հաղորդ դարձնելով ազգային երաժշտության մաքուր ակունքներին: Մենք գոհունակությամբ ենք նաև անդրադառնում, որ Արարատյան Հայրապետական թեմի Մեր փոխանորդության տարիներին Դուք, որպես Հայորդյաց տների գեղարվեստական խորհրդի անդամ, ազնիվ ջանքեր եք ներդրել մանուկների ու պատանիների երաժշտական ձիրքերի զարգացման, մեր մշակույթի ու արվեստի հանդեպ սիրո զորացման համար:

Հայ արվեստի և մշակույթի անդաստանում Ձեր վաստակի բարձր գնահատանքով Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ներկայացրեց տիար Ստեփան Ռոստոմյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում ի մասնավորի արձանագրված է. «Բարձրագույն կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում, Դուք լծվեցիք ստեղծագործ աշխատանքի` աստվածպարգև Ձեր կարողություններն ի սպաս բերելով արվեստի ճանապարհով Հայրենիքին ու հարազատ ժողովրդին ծառայելու առաքելությանը: Այսօր Ձեր կյանքի հոբելյանական հանգրվանը Դուք դիմավորում եք երաժշտական արվեստի ասպարեզում արդյունավոր վաստակով: Մեր երկրի մշակութային կյանքի զարգացմանը Դուք գովարժան ծառայություն մատուցեցիք նաև «Քսանմեկի հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադրումով, որի շնորհիվ արդեն ավելի քան մեկ ու կես տասնամյակ շարունակական ընթացքով Հայաստանում ելույթներ են ունենում աշխարհահռչակ երգիչներ ու երաժիշտներ՝ մեր ժողովրդին ներկայացնելով իրենց բարձրակարգ արվեստը:

Մենք գոհունակությամբ Մեր բարձր գնահատանքն ենք հղում Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ մշտապես դրսևորած Ձեր անկեղծ սիրո ու նվիրումի համար, որ բարի արդյունավորմամբ դրսևորել եք նաև Ձեր գործունեության մեջ: Դուք երկար տարիներ անհոգնաբեկ աշխատանքով իրականացրեցիք «Շարական» շարքի հրատարակությունը, կազմակերպեցիք հոգևոր երաժշտության փառատոններ և հայ եկեղեցական երաժշտության գոհարները ներկայացրեցիք տարբեր երկրներում՝ ավանդ բերելով աշխարհում հա հոգևոր երգարվեստի հարուստ ժառանգության ճանաչմանը:

Ուրախ ենք նաեւ, որ Դուք Ձեր ջանքերն ու կարողությունները ծառայեցրել եք երաժիշտների նոր սերունդի պատրաստության կարևոր գործին՝ երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում:

Երգարվեստի անդաստանում Ձեր ավանդի բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ  Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խնդրանքին, Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ընթերցեց տիար Վիգեն Չալդրանյանին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը, որում մասնավորապես ասված է. «Գոհունակություն է Հայրապետիս համար Մեր գնահատանքը բերել Ձեզ՝ մշակութային ասպարեզում մեր երկրին ու հավատավոր ժողովրդին մատուցած Ձեր երկարամյա արդյունավոր ծառայությունների համար: Կինոարվեստի հանդեպ սերը Ձեզ տակավին դպրոցական տարիներից տարավ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի ստուդիա, որտեղ անվանի ուսուցիչների առաջնորդությամբ առաջին քայլերը կատարեցիք կինոյի լայնահուն աշխարհում: Ձեր ուսումը ամբողջացրեցիք Երևանի Գեղարվեստաթատերական և Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում՝ գիտելյաց հարուստ պաշարով և ստեղծագործելու բուռն ցանկությամբ սկսելով Ձեր գործունեությունը՝ որպես դերասան, ռեժիսոր ու բեմադրիչ:

Այսօր տասնամյակների գովարժան վաստակն ու ձեռքբերումներն են զարդարում Ձեր կյանքի ընթացքը: Ձեր նկարահանած կինոնկարներն ու բեմադրած թատերական ներկայացումները կրում են Ձեր խոհական մտքի, հավատավոր ոգու ու հայրենասիրական զգացումների կնիքը՝ առանձնանալով հեղինակային յուրօրինակ ձեռագրով ու ճաշակով: «Ապրիլ», «Ձայն բարբառո», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության» և Ձեր բազմաթիվ այլ ստեղծագործությունները հարստացրել են հայ ժամանակակից կինոյի ժառանգությունը՝ նախանձախնդիր ու շնորհաշատ մտավորականի ճանաչում բերելով հավատավոր հայորդուդ և արժանացնելով Ձեզ հայրենական ու միջազգային պարգևների ու մրցանակների։

Ձեր գործունեության ընթացքին կարևորել եք նաև երիտասարդ սերունդի պատշաճ կրթությունը` մանկավարժական առաքելություն իրականացնելով Երևանի Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտում և Ձեր փորձն ու գիտելիքները սիրով փոխանցելով Ձեր սաներին։

Բարձր գնահատելով Ձեր մատուցած օգտաշատ ծառայությունները մեր երկրին ու ժողովրդին` Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ  Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Կոնդակների ընթերցումից հետո Գարեգին Բ Վեհափառը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին Հայ Եկեղեցու ուշադրության և կարևոր գնահատանքի համար:

Երեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի երգչախումբը և  «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաները:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում իր արժանավոր զավակներին, ովքեր իրենց կյանքն ամբողջապես նվիրել են իրենց առաքելությանը, աշխատանքին ու արվեստին` ապրելով ու արարելով հոգևոր արժեքներով և իրենց վաստակը ծառայեցնելով Հայրենիքին, ազգին և Ս. Եկեղեցուն:

Վեհափառ Հայրապետը համոզում արտահայտեց, որ շնորհված պարգևները պիտի դառնան խրախույս, ոգևորության նոր առիթ` նորանոր ձեռքբերումների ու ստեղծագործական իրագործումների, որոնցով պիտի առավել ևս հարստանա մեր ժողովրդի ազգային, մշակութային և հոգևոր կյանքը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031