Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող այս գործերը պատշաճ քննվեն, այդ ժամանակ կարելի է ասել, որ նախագահի խոսքը տեղ է հասել». Գարիկ Սարգսյան

Դեկտեմբեր 19,2017 14:21

«Ողջունում եմ ՀՀ նախագահի պատրաստակամությունը համայնքապետերին ուղղված՝ այլեւս չներել ու նման վարվելակերպ թույլ չտալ, բայց այս պահին դատախազությունում, դատարանում կան քրեական գործեր մեր համայնքի նախկին ղեկավարի ու համայնքի մանկապարտեզի տնօրենի նկատմամբ, վերջինիս դեպքում վիճարկվում է յուրացում, պաշտոնական կեղծիք հոդվածները, թող այս գործերը պատշաճ քննվեն, այդ ժամանակ կարելի է ասել, որ նախագահի խոսքը տեղ է հասել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց «Նոր կյանքի» համայնքապետ Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, թե «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնն ու օգտագործում են անհասկանալի եկամուտներ ունենալու համար, սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով օտարում են համայնքներին պատկանող հողերը, անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ…շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանա այս ինստիտուտը»:

Փաստաբան, «Նոր կյանքի» շահերը ներկայացնող Ռուստամ Բադասյանն էլ նկատեց, որ մանկապարտեզի դրվագով հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկվում են մանկապարտեզում յուրացումների հետ կապված խնդիրներ, ինչը դեռ չի նշանակում, որ յուրացումների համար պատասխանատուն մանկապարտեզի տնօրենն է. «Որովհետեւ կարող է պարզվել, որ մանկապարտեզի տնօրենը առնվազն որոշակի պատասխանատվություն ունենալու է, բայց նույն համայնքի ղեկավարը կարող է պատասխանատու անձ հանդիսանալ նշված դեպքով»:

Փաստաբանի խոսքով, այս պահին իրենց համայնքի հետ կապված կան նաեւ քաղաքացիական գործեր՝ համայնքի սեփականության իրավունքի վերականգնման պահանջով. «Որոշ հողամասեր, մեր կարծիքով, ապօրինի են դուրս եկել համայնքի ղեկավարությունից, այժմ համայնքի ղեկավարի ընտանիքին են պատկանում»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն էլ նկատեց, որ Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ մոտեցումները տարբեր են. «Ավելի շատ Խորհրդային միության ոճի քրեական գործեր էին դրանք, քրեական գործերի մասին սկսում է խոսել, երբ կա ելույթ դրա մասին եւ պատժում է, երբ կա կոնկրետ հրահանգ, մինչդեռ այդ մարմինները պետք է իրենց աշխատանքն առանց այդ հրահանգի էլ կատարեն, չկա արդարադատություն, կոռուպցիայի կամ այդ խնդիրների դեմ պայքարը չեն լուծում մի քանի հոգու ընտրելով ու պատժելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031