Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանին օգնում է պաշտպանել երեխաների իրավունքները թվային միջավայրում

Դեկտեմբեր 20,2017 10:47

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2%-ը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7%-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6%։ Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաև հետաքրքրել են թմրամիջոցները, ոգելից խմիչքները և ծխախոտը (5.1%), անվայել բառապաշարը (1.8%), համացանցային խանութները (1.1%) և նշված տարիքի երեխաների 0.4%-ին հետաքրքրել է պոռնկագրությունը։ Այս մասին վկայում է Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը, որը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։

«Կասպեսրսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նաև պարզել են, որ դեռահասների 56%-ն ասում է, թե մշտապես համացանցում է, 8-ից 16 տարեկան երեխաների և դեռահասների 58%-ն իրենց ծնողներից թաքցնում է իրենց որոշ գործողությունները համացանցում, 18%-ը համացանց են մտնում այն ժամանակ, երբ ծնողները տանը չեն։ Միաժամանակ, ծնողների ավելի քան 95%-ը վախենում է իրենց երեխաների վրա համացանցի բացասական ազդեցությունից։ Այդ կապակցությամբ ծնողների ամենատարածված վախը երեխայի առողջության վրա համացանցի ազդեցությունն է, որից զգուշանում է ծնողների 59%-ը։ Նրանց 54%-ը վախենում է երեխաների մոտ համացանցից կախվածության առաջացումից, 53%-ը՝ որ երեխաները կտեսնեն անցանկալի բովանդակություն։ Նաև, ծնողների 44%-ի վախերը կապված են համացանցում անծանոթների հետ երեխաների հնարավոր շփման հետ, իսկ 36%-ը վախենում է, որ այդ շփումը կարող է վերաճել իրական կյանքում շփման։ Այդ պայմաններում ծնողների 20%-ը ոչինչ չի ձեռնարկում համացանցի բացասական ազդեցությունից իրենց երեխաների պաշտպանության համար, և միայն 20%-ն է կիրառում ծնողական հսկողության գործառույթներով պաշտպանական ծրագրային ապահովում։

«Համացանցում երեխաների և մեծահասակների կյանքը գնալով ավելի շատ է նմանվում իրականին, և ռիսկերն էլ դարձել են գրեթե միանման. դա վերաբերում է ինչպես բռնությանը, հալածանքին, սեռական ոտնձգությանը և թմրամիջոցների հետ կապելուն, այնպես էլ ֆինանսների, անհատական տվյալների կորստին և այլ սպառնալիքների։ Համացանցի նման սպառնալիքներից երեխաների պաշտպանության համար խորհուրդ է տրվում կիրառել ծնողական հսկողության գործառույթներով ծրագրային ապահովում, ինչպիսին է Kaspersky Safe Kids-ը։ Այն թույլ է տալիս երեխաներին արգելափակել անցանկալի կայքերից և հավելվածներից, հետևել նրանց զանգերին և սոցիալական ցանցերում շփմանը, ինչպես նաև վերահսկել նրանց տեղաշարժը և համացանցին միացած սարքերի օգտագործման ժամանակը»,- պարզաբանեց կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ 2017 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանի գործընկերների հետ ձեռնարկել է թվային միջավայրում հայաստանցի երեխաների պաշտպանության որոշակի քայլեր։ Այսպես, փետրվարին կայացել է ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։ Այն աջակցում է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, համացանցից անվտանգ օգտվելու երեխաների և ծնողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային միջավայրում անվտանգության կանոնների մասին իրազեկության բարձրացմանը։

Արդեն մարտին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Արման Թաթոյանը և Լևոն Մկրտչյանը Երևանում ստորագրեցին Կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր:

Իսկ հոկտեմբերին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) անցկացրին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» սեմինարը, որի ժամանակ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքի շնորհանդեսը։ Կայքը ներկայացրել է ՀՀ ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ելույթ է ունեցել «Երեխայի իրավունքների իրավիճակը թվային իրականությունում՝ միջազգային և տեղական մակարդակներում» թեմայով, իսկ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բովանդակության վերլուծության բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատևը սեմինարի մասնակիցներին ծանոթացրել է «Թվային իրականությունում երեխաների իրավունքները և անվտանգությունը 2017 թվականին» թեմային։ Սեմինարին մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նաև ներկայացվել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի թեմատիկ հրատարակությունների՝ «Գոյատևել թվային աշխարհում» և «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները։ Դրանք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքում, ինչպես նաև «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան»-ի «Կիբեռանվտանգություն» բաժնում, որը հատուկ ստեղծվեց այդ գրքույկների համար։

 

Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031