Գալուստ Սահակյանի պատասխանը Շարլ Ազնավուրին

Գալուստ Սահակյանի պատասխանը  Շարլ Ազնավուրին

Ըստ Գալուստ Գրիգորիչի՝ ովքեր Ազնավուրի պես են մտածում,
պիտի գան Հայաստանում ապրեն, որ կարողանան ճիշտ մեկնաբանել

«Երբ մեկը երկու սու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»,- ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված վերջին հարցազրույցում Հայաստանի մասին այսպես էր արտահայտվել ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը:
Այս եւ իշխանությունների հասցեին այլ քննադատությունների հետ կապված մենք խոսեցինք ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ: Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր քաղաքացի, անհատ իր կարծիքն է հայտնում ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդհանուր իրավիճակի մասին, նույնը նաեւ Շարլ Ազնավուրը: Առանց Շարլ Ազնավուրի էլ մեր ամբողջ մամուլում կամ տարբեր առիթներով եւ լրագրողները, եւ առանձին դեպքերում նման խնդիրներ արծարծում են: Ես ավելի շատ խնդիրը տեսնում եմ, որպեսզի հնարավորինս լուծումներ գտնենք, եւ Հայաստանը պիտի գնա այն ապագայով, ինչ ապագայի համար այսօր մենք փորձում ենք բոլորս մտածել, երազել: Գտնում եմ, որ ինչ-որ ժամանակ կգա այն ապագան, որը մեզ համար անհրաժեշտ է»:

Հարցին՝ ճշմարտության հատիկ չկա՞ Ազնավուրի ասածներում հենց միայն անարդարության առումով՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարելի է ե՛ւ գտնել ճշմարտության հատիկ, ե՛ւ չգտնել, որովհետեւ ես ինքս այստեղ եմ ապրում, ամեն ինչ ավելի մոտիկից եմ տեսնում: Խոսքը Շարլ Ազնավուրին չի վերաբերում, բայց նրանք, ովքեր այդպես են գտնում, պիտի գան Հայաստանում ապրեն, որ ճիշտ կարողանան մեկնաբանել բոլոր երեւույթները»:

Մեր դիտարկմանը՝ այն, որ մեր երկրում կա գողություն, որ պաշտոնյաները գողանում, իրենց տուն են տանում, դրա մասին խոսեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ համայնքապետերի հետ հանդիպմանը, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը դրա մասին չի խոսել: Խոսեց հետեւյալը, որ նրանք պիտի ավելի լավ աշխատեն, այսինքն՝ եթե հանցագործություն է կատարվում, համապատասխան օրգաններ կան, կարող են ձերբակալել եւ, ըստ օրգանի կառուցվածքի, մոտեցումների, առաջ տանել: Խնդիրը վերաբերում է համայնքային պետերի աշխատանքին, որովհետեւ արդեն 2018-ին մենք գնում ենք խորհրդարանական ղեկավարման ձեւերի, իսկ համայնքային ընտրությունները եւ համայնքի կատարած աշխատանքը առավել բարձրանում են, եւ դրա հետ է կապված ժողովրդի հետագա ապրելակերպը»:

Նախագահն ամոթանք տվեց համայնքապետերին, ասաց՝ ամոթ է, երբ ժողովրդի փողերը տանում եք ձեր տները, եւ զգուշացրեց, որ այլեւս չի ներելու, եթե միջնորդություններ լինեն, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Իհարկե, եթե մարդը ժողովրդի ունեցվածքը տանում է տուն, ամոթ է, իսկ դրա համար համապատասխան մարմիններ կան, պիտի նրանք լավ աշխատեն, որովհետեւ համայնքների կարողությունից է կախված հետագայում մեր ժողովրդի լավ վիճակը»:

Եթե տանում են տուն, ինչո՞ւ չեն պատժվում՝ Գալուստ Սահակյանն այսպես մեկնաբանեց. «Գիտեք ինչ, էդ ամեն տանելն ու պատժելը սովորական մարդը մտածում է, որ դա միանգամից հնարավոր է կատարել, եւ ամեն ինչը միանգամից լինում է: Իհարկե, նրանք, ովքեր առել ու տարել են տուն, նրանց մեծ մասը պատժվել է: Բայց երբ որ մտածում ես, որ ամեն առնող տուն տանողի պիտի կարողանան անմիջապես բռնել, այդպիսի գործընթացներ չեն լինում: Պիտի հասարակությունը իր ճանապարհն ունենա, իր որդեգրած ճանապարհը: Եթե հասարակության մեջ մտել է, եւ հասարակության անդամը այդ ճանապարհով է գնում, ապա դրա հիմնական գործոնը գտնվում է հասարակության ձեռքին: Հասարակությունը պիտի դաստիարակված լինի եւ այդ ճանապարհով չգնա:

Ահա թե ինչի մասին ենք մենք խոսում, պիտի մեր ազգը դաստիարակության փառահեղ ճանապարհ անցնի, որպեսզի փառահեղ պետություն ունենանք: Մենք բոլորս մտածում ենք ինչ-որ ձեւով ապրել, որեւէ մեկին աշխատանք են տալիս, սկսում է հափշտակել, եւ մենք մտածում ենք, որ պիտի դրանով շատ երջանիկ ապագա ունենանք: Ազգը պիտի դաստիարակվի»:

Երբ պարոն Սահակյանին հիշեցրինք, որ հասարակության այդ «ոչ դաստիարակված», «հափշտակող» նմուշներին Հանրապետականն է ընտրում եւ դնում պաշտոնների, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում՝ ազգը պիտի բաժանել կուսակցության մասնիկների, մենք մեկ ազգ ենք, եւ ՀՀԿ-ական բառը երբ կրկնում եք, մի փոքր վերապահում ունեցեք: Երբ ասում եք, որ ՀՀԿ-ականն է անում, ես մի փոքր ինձ վրա դա չեմ վերցնում, եւ իմ շատ-շատ ընկերներ դա իրենց վրա չեն վերցնում: Կուսակցությունները յուրաքանչյուր անձ տարբեր պատճառներով ընտրում է տարբեր կուսակցություններ: Այսօր, փաստորեն, ընդդիմադիր կուսակցությունները այսպես թե այնպես մարդ էլ չունեն, որպեսզի կարողանան ընդգրկել իրենց կուսակցություններ, որովհետեւ մարդիկ մտածում են՝ կգան ՀՀԿ, հանկարծ ինչ-որ մի բան կստացվի, ու իրենք էլ ինչ-որ ճանապարհով կգնան: Դա ՀՀԿ-ի կարծիքը չէ, ՀՀԿ-ի կարծիքը լրիվ ուրիշ է»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

20.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք