Դարձյալ երրորդի ներկայությունը

Դարձյալ երրորդի  ներկայությունը

Մի օր, երբ հերթական անգամ չէի կարողանում գիրս շարունակել եւ մոլորվել էի հերթական անգամ, հանկարծ աչքս ընկավ անցած օրերի իմ ձեռագրերին, որոնք նման էին վաղ գարնան ցանքսի, ու մտածեցի, թե ի՞նչ պտուղ կտան այն սերմերը, որ ես արդեն ցանել եմ:
Մտածեցի ու հասկացա, որ ես երբեք էլ չեմ իմանալու ու չեմ տեսնելու իմ ցանածի աշունը, որովհետեւ ես ընդամենը ավանդված ճանապարհն եմ անցնում` չճանաչելով վերջնական նպատակը:

Նպատակ, որի մասին տեղյակ է Միակը` աշխարհի ստեղծումից առաջ Ապրողը, ում կանաչ աչքերը անդադրում եւ անվրեպ հետեւում են մեր ցանքս ու գրին, որն ընդամենը մեր անցողիկ կյանքն է, եւ որի անցողիկ հավերժական հոսքի միջով մենք անընդհատ հեռանում ենք իրարից, հեռանում ենք սիրուց` փորձելով գտնել ավելին, քան ունենք, փորձելով գտնել սերը տիեզերական: Այնինչ մենք ընդամենը ձուկ ենք ժամանակի կենդանի ջրերի մեջ, եւ մի օր կամ բախտը, կամ անբախտությունն է որսալու մեզ…

Իսկ ջրերը շարունակ վերադառնում են եւ վերադառնալու են, ափսո՛ս, արդեն առանց մեզ, որովհետեւ մենք չհավատացինք երազին եւ չվստահեցինք նրան, ով երազանք ուներ:
Եվ որովհետեւ մեր դիմաց դրեցինք չառաջադրված խնդիրներ, ու չհասցնելով ճանաչել` մոռացանք մեզ տրվածն ու մեր լուծելին…

Եվ որովհետեւ նայեցինք հայելուն ու հիացանք մեզանով` առանց տեսնելու, թե ինչ կա հայելու հակառակ կողմում…

Եվ որովհետեւ չհագեցանք մեզ համար նախասահմանված մի կում երջանկությամբ ու փառք ու վայելքի ծովեր փնտրեցինք…

Եվ որովհետեւ չհասկացանք, որ մենք փառք ու վայելքի մեջ շատ ավելի դժբախտ ենք, քան երկուսով առանձին, երբ շարունակ ներկա է երրորդի բացակայությունը:

Եվ որովհետեւ չհասկացանք, որ ոչ թե սովորույթի ուժն է մեզ կապում իրար, այլ մենք ենք մեր անճարակությամբ ուժ տալիս սովորույթին` իբրեւ թե փախչում ենք մենակությունից…
Եվ վերջապես, քանի դեռ չենք սովորել անձրեւի կաթիլի մեջ տեսնել չվող ամպերը, իսկ արցունքի կաթիլի մեջ տեսնել երկինքը լազուր` մենք կմնանք փոշոտ ճանապարհի եզրին աճած դառնահամ օշինդրի նման եւ անվերջ կանիծենք մեր բախտը, որը մեզ տրված էր աշխարհաստեղծումից առաջ ապրած կանաչ աչքերով Միակի կողմից, եւ Ով անվրեպ հետեւում է մեր գրին ու ցանքսին մեր:

Ու հիմա մտածում եմ` եթե մենք մի օր հանդիպենք Նրան` կանաչ աչքերով Միակին, ի՞նչ ենք պատասխանելու Նրա հարցին.
– Ի՞նչ արեցիր, հանուն ինչի՞ վատնեցիր այն, ինչ քեզ տվել էի:
Չգիտեմ, ես չգիտեմ, իսկ ով գիտի, թող ձայն տա ինձ:

Գուցե դո՞ւ ձայն տաս:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք