Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրական իրավիճակը ԵԱՏՄ երկրներում և Ռուսաստանում

Դեկտեմբեր 26,2017 18:16

Արտակ Մարկոսյան

Պ.գ.թ. ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2013թ. սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի կարևորագույն դրդապատճառներից մեկը, բացի անվտանգության հարցերից, նշվում էր մեծ շուկայի առկայությունը, տնտեսական կանխատեսվող օգուտները և դրանից բխող Հայաստանի ՀՆԱ-ի ավելացումն ու մաքսային ավելի մեծ մուտքերը: Մեծ շուկա ասվածը Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն են, որոնց բնակչությունը 2017թ. հոկտեմբերի տվյալներով համապատասխանաբար կազմում են  146,9, 18,1, 9,5 և 6,2 մլն մարդ, կամ ընդհանուր 180,7 մլն մարդ: Սա ԵԱՏՄ-ին միանալու կարևորագույն պատճառաբանություններից մեկն էր: Թեև տնտեսական տեսանկյունից դիտարկելով, պետք է փաստել, որ  ԵԱՏՄ երկրները մեկ բնակչի հաշվարկով ընկնող համախառն եկամտի չափով աշխարհում ամենևին էլ առաջատար դիրքերում չեն, չնայած ավելի բարեկեցիկ են, քան Հայաստանը: 2017թ. տվյալներով Ռուսաստանում այդ ցուցանիշը մեկ բնակչի հաշվով կազմել է 8.664 դոլար և 72-րդն աշխարհում, Ղազախստանում՝ 7.418 և 79-րդը, Բելառուսիայում՝ 5.237 և 95-րդը, իսկ Ղրղզստանում 1.042 դոլար և համապատասխանաբար 157-րդը: Հայաստանը մեկ բնակչին ընկնող ցուցանիշով ԵԱՏՄ-ում առաջ է միայն Ղրղզստանից և 3.728 դոլար ցուցանիշով համաշխարհային ռեյտինգում 117-րդն է[1]: Սակայն 2014թ. տվյալներով՝ Ռուսաստանի մեկ բնակչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել էր 14.467 դոլար, Ղազախստանում՝12.806, իսկ Բելառուսիայում և Ղրղզստանում համապատասխանաբար՝ 8.318  և 1.279 դոլար[2]: Այսպիսի կտրուկ անկման գլխավոր մեղավորներն են նավթի և գազի համաշխարհային գների կտրուկ նվազումը, ինչպես նաև Ռուսաստանի պարագայում Ղրիմի միացման հետևանքով սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Սակայն, թերևս, այդ միացումից Ռուսաստանի կարևորագույն ձեռքբերումը կարելի է համարել ոչ միայն ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքը, այլև միանգամից 2,5 մլն բնակչության հավելագրումը Ռուսաստանի Դաշնության ընդհանուր հաշվեկշռում, գումարած Ուկրաինայից այն հարյուր հազարավոր փախստականները, որոնք Դոնբասում և Լուգանսկում ընթացող մարտերից խուսափելով և տնտեսական դրդապատճառներով հանգրվանեցին Ռուսաստանի Դաշնությունում:  Բնակչության այդպիսի թվաքանակի հավելումը Ռուսաստանից կպահանջեր տասնյակ տարիներ:

Առաջիկա տասնամյակներում ԵԱՏՄ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում և Բելոռուսիայում սպասվող ժողովրդագրական ոչ բարենպաստ գործընթացներն էականորեն կարող են ազդել  թե՛ ԵԱՏՄ տնտեսական, թե՛ քաղաքական գործընթացների վրա: ԵԱՏՄ հիմնական շարժիչ համարվող Ռուսաստանը բախվելու է սուր ժողովրդագրական ճգմաժամի հետ, որը կարող է էականորեն սասանել նրա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հիմքերը:

1. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1991թ.-ից ի վեր Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի պահպանման կարևորագույն բաղադրիչը մնացել է միայն ներգաղթի հաշվին բնակչության թվաքանակի ավելացումը, քանի որ բնական աճը վերջին 26 տարիների ընթացքում դրական հաշվեկշիռ է ունեցել միայն 2013, 2014 և 2015թթ., այն էլ նվազագույն դրական արդյունքով: Իսկ այդ նվազագույնն էլ ապահովվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար այն տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրմամբ, որ իրականացնում է ՌԴ կառավարությունը 2007թ.-ից: Այդ ժամանակահատվածից գործող «մայրական կապիտալի» վճարումներից, որը ներկայումս հավասար է 453 հազար ռուբլու, արդեն իսկ օգտվել է 7,2 մլն ընտանիք երկրորդ երեխայի ծննդաբերության կամ որդեգրման  դեպքում[3]: Ելնելով 2016թ.-ից ի վեր վերհանված տնտեսական դրդապատճառներից՝ 2018թ. դեկտեմբերի 31-ից նախատեսվում էր վերացնել «մայրական կապիտալի» վճարումները: 2017թ. նոյեմբերին ՌԴ կառավարությունը, ելնելով կրկին վատթարացող ժողովրդագրական իրավիճակից, որոշում կայացրեց այն երկարաձգել մինչև 2022թ.[4]:

Բացի այդ 2018թ.-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով կառավարությունը կսկսի խրախուսել ընտանիքներում առաջնեկների ծնունդը: Այդ ծրագրով նախատեսվում է նվազագույն սոցիալական պարենային զամբյուղին մոտ գտնվող կամ ավելի ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին առաջնեկի ծննդյան պարագայում մինչև 1,5 տարեկանն ամսական վճարել 2018թ.՝ 10.523, 2019թ.՝ 10.836, իսկ 2020թ.-ից՝ 11.143 ռուբլի: Այդ ծրագրի իրականացման համար առաջիկա 3 տարիներին նախատեսվում է հատկացնել 150 մլրդ ռուբլի[5]: Ի լրումն դրա՝  50 մլրդ ռուբլի է նախատեսված մանկական պոլիկլինիկաների կառուցման համար, և խնդիր է դրված համապատասխան քանակի նախադպրոցական հաստատություններով ապահովել բոլոր բնակավայրերը: ՌԴ կառավարությունը պատրաստվում է բնակարանային խնդիրների լուծման համար ցածր տոկոսով հիփոթեքային վարկերով խրախուսել այն ընտանիքներին, որտեղ կծնվեն հաջորդաբար  2-րդ և 3-րդ երեխաները: Այդ նպատակով նրանք 2-րդ երեխայի ծննդյան պարագայում  3 տարով  կօգտվեն  6 տոկոսանոց հիփոթեքային վարկից, իսկ 3-րդի պարագայում այն կերկարաձգվի ևս 5 տարով: Ծրագրեր են իրականացվում նաև բնակչության առողջապահական խնդիրների լուծման և վաղաժամ մահերի թիվը կրճատելու ուղղությամբ: Միաժամանակ արդեն իսկ 2018թ. բյուջեով բազմազավակ ընտանիքներին օգնելու նպատակով նախատեսվում է ծախսել 50 մլրդ ռուբլի, որից 20 մլրդը կհատկացնեն տեղական, իսկ 30-ը՝ դաշնային իշխանությունները:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին մտածելու տեղիք ունի նաև Բելառուսը: 1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո Բելառուսը միայն բնակչության նվազում է արձանագրում, որը հիմնականում կապված է բարձր մահացության և ցածր ծնելիության հետ: 1991-2017թթ. Բելառուսի բնակչությունը նվազել է մոտ 650 հազարով և ներկայումս կազմում է 9 մլն 508 հազար բնակիչ[6]:

Բնակչության նվազումը կանգնեցնելու և ծնելիության խրախուսման համար 2006թ. Բելառուսում ընդունվեց “Ժողովրդագրական իրավիճակի բարելավման” պետական ծրագիրը, որով տարբեր միջոցներով խրախուսվում էր շատ երեխաներ ունենալը, ինչպես նաև միջոցներ են տրամադրվում առողջապահական ոլորտի որակի սպասարկումը բարձրացնելու և բարելավելու համար: Մասնավորապես ծնելիության բարձրացման նպատակով Բելառուսի կառավարությունն ընտանիքներում 3 երեխայի ծնվելուց սկսած իր վրա էր վերցնում տվյալ ընտանիքի հիփոթեքային վարկի սպասարկումը և 5-րդ երեխայի ծնվելու պարագայում ամբողջությամբ մարում նրանց հիփոթեքային վարկը: Միաժամանակ անապահով ընտանիքներում մինչև երեխայի 2 տարեկան դառնալը հոգում է նրանց սննդի և կենցաղային կարիքները: Գործում է նաև ամսական վճարների և նպաստների լայն համակարգ, որով փորձում են ընտանիքներին խրախուսել երեխա ունենալու հարցում[7]:

Վիճակը որոշակիորեն տարբեր է ԵԱՏՄ հաջորդ անդամի՝ Ղազախստանի պարագայում: Ներկայումս այն գտնվում է բավականին բարենպաստ ժողովրդագրական իրավիճակում և ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ծնելիության ցուցանիշի՝ 195 երկրների ցանկում գտնվում է 100-րդ տեղում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է միայն 145-րդ տեղը: Եթե մինչև 2002թ. Ղազախստանի բնակչության թիվը նվազում էր արձանագրում, ապա 2003թ.-ից մինչ օրս այն միայն աճում է և այդ թվականին արձանագրված 14,9 մլն-ի դիմաց արդեն իսկ ունի 18,1 մլն բնակչություն, որն ապահովվել է հիմնականում բնական աճի հաշվին[8]:

Ծնելիության հետ կապված խնդիրներ չունի նաև Ղրղզստանը, թեև այնտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակն այնքան բարենպաստ չէ, ինչպես Ղազախստանում:

2. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

1991թ.-ից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է ընդգծված ժողովրդագրական ճգնաժամի մեջ, որի տակ հասկացվում է բնակչության թվաքանակի կտրուկ նվազումը: Վերջին տասնամյակներում Ռուսաստանը տարեկան կորցնում էր 500 հազարից մինչև 1 մլն մարդ, դա վատագույն ցուցանիշն էր աշխարհի զարգացած երկրների շարքում: 100 հազար բնակչի հաշվով ՌԴ-ում մահերը երկու անգամ ավելի շատ էին, քան ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում: Նախորդ դարի 90-ական թվականներին և 20-րդ դարի առաջին տասնամյակում բնակչության թվաքանակի նվազման ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում գտնվում էր առաջին տեղում, որը մատնանշում էր ոչ միայն խորը ժողովրդագրական ճգնաժամը, այլև այն արտակարգ իրավիճակը, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հսկայական տարածք ունեցող երկրի համար:

Իսկ որն է դրա պատճառը: Ռուսաստանի Դաշնությանն առաջին հերթին բնորոշ է աշխատանքային տարիքում գտնվող մարդկանց մահացության բարձր ցուցանիշը, որը կազմում է բոլոր մահացածների 30 տոկոսից ավելին: Սիրտ-անոթային հիվանդությունը, որը կազմում է Ռուսաստանում բոլոր մահերի 55 տոկոսը, միջինում 3-4 անգամ ավելի բարձր է, քան Եվրոպական երկրներում: Աշխատանքային տարիքի մարդկանց մահացության ցուցանիշի վրա ազդում են նաև  մահացության արտաքին բարձր ցուցանիշները՝ թունավորումները, ինքնասպանությունները, սպանությունները, ճանապարհային պատահարները: 2016թ. վիճակագրական տվյալներով ՃՏՊ-ներից և տրանսպորտային պատահարներից Ռուսաստանում մահացել է 37.200, ալկոհոլի և այլ թունավորումներից՝ 17.000, ինքնասպանությունից՝ 22.800, ջրասույզ լինելուց 6.400 մարդ[9]:

Սրանք բավականին մեծ ցուցանիշներ են, սակայն համեմատած 20-րդ դարի 90-ական թթ. և 2000-ականների սկզբի հետ որոշակի բարելավում է նկատվում: Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քաղաքականության հետևանքով վերջին տարիներին իրավիճակը որոշակի իմաստով կայունացել է, սակայն դեռևս այն չի խոսում ճգնաժամից դուրս գալու մասին: 1991թ.-ից ի վեր միայն 2013թ. առաջին անգամ Ռուսաստանում ծնելիության և մահացության ցուցանիշները բարելավվեցին, և գրանցվեց դրական բնական աճ: 2014-2015թթ. այդ ցուցանիշը կրկին դրական էր և թեև դա շատ փոքր էր, սակայն համեմատելի չէ, օրինակ, 2000թ. արձանագրված 958 հազար բացասական բնական աճի հետ: Ծնելիության իրավիճակի բարելավման վրա էական ազդեցություն են ունեցել  այն բազմամիլիարդ դոլարներով հաշվարկված ծրագրերը, որոնք իրականացվում են 2007թ. հետո ծնելիության խթանման և մահացության ցուցանիշի կրճատման համար:

Սակայն, պետք է նշել, որ 2016թ. այդ դրականը կրկին փոխվել է, և 2017թ. 9 ամիսների կտրվածքով Ռուսաստանում բնական աճը մեծ բացասական ցուցանիշ է արձանագրել, և ըստ մասնագետների՝ այն կշարունակվի առաջիկա 15 տարիներին: Մասնագետները նաև նշում են, որ իրավիճակը կարող է բարելավվել միայն այն պարագայում, եթե Ռուսաստանում կինը միջինում ունենա 3,5 երեխա, սակայն դա կարող է միայն լավ ցանկություն մնալ, քանի որ ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհում մեկ կնոջ հաշվով ամենաբարձր ծնելիության ցուցանիշն աֆրիկական երկրներում է՝ 2,4 երեխա:

Ընդ որում, ծնելիության ցուցանիշը շատ խիստ տարբերվում է ըստ ՌԴ տարածաշրջանների: Օրինակ Հյուսիս-Կովկասյան հանրապետություններում, որտեղ ռուս ազգաբնակչության թվաքանակն ըստ հանրապետությունների տատանվում է 0,7-30 տոկոսի սահմաններում, ծնելիությունը շատ բարձր է[11]: Այսինքն ժողովրդագրական ճգնաժամը Ռուսաստանում նաև էթնիկական հիմք ունի: Շարունակվում է ռուս ազգաբնակչության թվաքանակի նվազումը և աճում են այլ էթնիկ հանրությունները: Հիմնականում ռուսներով բնակեցված տարածաշրջաններում շարունակվում է ռուս ազգաբնակչության թվաքանակի նվազումը: Իսկ դրական բնական աճի տեմպերով գերակշռում են ազգային հանրապետությունները, որտեղ ռուս ազգաբնակչության թիվը քիչ է:

2010թ. ՌԴ մարդահամարի տվյալներով՝ 2002թ. մարդահամարի համեմատ ռուս ազգաբնակչության թվաքանակը նվազել է 8 մլն-ով և կազմել է 111 մլն մարդ[12]: ՌԴ 1 մլն և ավելի ազգաբնակչություն ունեցող էթնիկ փոքրամասնությունների թվաքանակը, ըստ 2010թ. մարդահամարի տվյալների, հետևյալ պատկերն ունի:

Ռուսներից հետո բնակչության թվաքանակով Ռուսաստանում առաջին էթնիկ փոքրամասնություն են համարվում թաթարները, և հատկանշական է, որ հայերը հանդիսանում են Ռուսաստանի ազգաբնակչության թվով 6-րդ էթնիկ փոքրամասնությունը, և վերջին տարիներին այդ թվաքանակն էականորեն ավելացել է: Մեր հարևան ադրբեջանցիների թվաքանակը, ըստ 2010թ. մարդահամարի տվյալների, կազմել է 603.070, իսկ վրացիներինը՝157,803 մարդ:

Առաջիկա 15-20 տարիներին ՌԴ ժողովրդագրական բացասական գործընթացներն ավելի ցայտուն կդառնան, քանի որ ծնելիությունն էականորեն կրճատվելու է:  Ամուսնական տարիք է մուտք գործելու նախորդ դարի 90-ականներին ծնված սերունդը, որի թվաքանակն ավելի քիչ է, քան 80-ականներինը:

Երկրորդ բացասական գործոնն այն է, որ ավելանալու է մահացության ցուցանիշը, քանի որ կենսաթոշակային տարիք է մուտք գործում հետպատերազմյան 50-ականներին ծնված բազմաքանակ սերունդը: Եվ այդ երկու գործոնների հետևանքը կարող է լինել այն, որ ՌԴ ժողովրդագրության ինստիտուտի լավատեսական կանխատեսումների համաձայն՝ ՌԴ բնակչության բացասական բնական աճը առաջիկա 15 տարվա կտրվածով կարող է հասնել 400 հազարի, իսկ վատատեսական կանխատեսումներով՝ մինչև 800 հազարի[14]:

Ռուսաստանի Դաշնության համար խնդիր է մնում բնակչության կյանքի միջին տևողությունը: 2016թ. տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 66 տարի, և դա երկրների համաշխարհային ռեյտինգում 129 ցուցանիշն է: Դրանով Ռուսաստանի Դաշնությունը զիջում է նախկին Խորհրդային միության բոլոր հանրապետություններին, որը կարևորագույն մարտահրավեր է ՌԴ կրճատվող բնակչության համար:

Ռուսաստանի Դաշնությունում հիմնախնդիր է նաև բնակչության արագ ծերացումը: Ըստ ՄԱԿ-ի ազգաբնակչության գործակալության տվյալների՝ աշխարհի 228 երկրների շարքում Ռուսաստանը ծերացման ինդեքսով (60 անց մարդկանց թվաքանակի հարաբերակցությունը 15-ից ցածր երեխաների նկատմամբ) գտնվում է 30-րդ տեղում[15]:

Թեև 2007թ. համեմատ 2017թ. գրանցվել է մինչև 15 տարեկաների թվի աճ, որը կազմել է 15 տոկոս, սակայն միաժամանակ մոտ 19 տոկոսով ավելացել է աշխատանքային տարիքից բարձր գտնվողների թիվը: Իսկ ահա աշխատանքային տարիքում գտնվող մարդկանց թիվը Ռուսաստանում 2017թ., ի տարբերություն 2007թ., կրճատվել է 8 տոկոսով: Այսինքն վերջին տարիների ծնունդների թվի ավելացումը չի կարողացել փոխհատուցել բնակչության ծերացման և աշխատանքային ռեսուրսների կրճատման գործընթացը: Այսօր արդեն իսկ մեծահասակ մարդկանց թիվը Ռուսաստանում գերազանցում է 15 տոկոսը, իսկ 2025թ. այն արդեն իսկ կհատի 20 տոկոսի շեմը:

1991թ.-ից ի վեր Ռուսաստանի Դաշնության ժողովրդագրական իրավիճակը և բնակչության թվաքանակի նվազումը որոշակի առումով մեղմացրել են այն հանգամանքը, որ մասնավորապես նախկին խորհրդային հանրապետություններից տեղի է ունեցել մեծ ներհոսք: Հենց նրանց շնորհիվ է, որ Ռուսաստանի Դաշնությունն առ այսօր կարողանում է փոխհատուցել բացասական բնական աճը և ապահովել բնակչության թվաքանակի ավելացումը: Ներկայումս դեպի Ռուսաստան միգրանտների հիմնական մատակարարը հանդիսանում է Ուկրաինան, որտեղից 2017թ. առաջին 9 ամիսներին 50 հազարով ավելի շատ են ժամանել, քան մեկնել են ՌԴ-ից: Վերջին տարիներին մեծացել են միգրացիոն հոսքերը Սիրիայից, Աֆղանստանից և Վիետնամից: Ակտիվ են նաև Թուրքմենստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ներգաղթյալները:

Ռուսաստանի Դաշնության ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում ներդրում ունեն նաև Հայաստանի Հանրապետությունից արտագաղթողները: Պետք է փաստել, որ թեև 2014թ. Ղրիմի միացումից հետո և արևմտյան երկրների կողմից տնտեսական պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական իրավիճակը վատթարացել է, սակայն դրան զուգահեռ միգրացիոն ներհոսքը, մանավանդ ԱՊՀ երկրներից, ավելացել է: Դա խոսում է այն իրողության մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիներ աշխատող ժամանակավոր միգրանտները, տնտեսական նկատառումներից ելնելով, այնտեղ են տանում նաև իրենց ընտանիքներին՝ դառնալով մշտական քաղաքացիներ:

Ինչպես երևում է աղյուսակ 3-ից, 2013թ. հետո ներգաղթի ցուցանիշները 2015-2016թթ. ավելացել են, և թեև 2017թ. ընթացքում նկատվում է ներհոսքի ծավալների կրճատում, սակայն փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս երկար ժամանակ կմնա ԱՊՀ երկրների քաղաքացիների համար նախընտրելի աշխատանքի և բնակության վայր: Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդագրական գործընթացների վատացմանը զուգահեռ՝ Ռուսաստանի իշխանությունները կփորձեն էլ ավելի շատ միգրանտներ ներգրավել ԱՊՀ երկրներից, թեև գնալով այն առավել դժվար է լինելու:

Դա կարող է առնչվել նաև Հայաստանի Հանրապետությանը, որտեղից Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության նպատակով մեկնողների հոսքը վերջին տարիներին բավականին մեծացել է: Ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալների՝ 2011թ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ընդունել Հայաստանի Հանրապետության 7.848, 2012թ.՝ 13.176, 2013թ.՝ 16.550, 2014թ.՝ 11.223, 2015թ.՝ 8.368  և 2016թ.՝ 22.264 քաղաքացիներ: Ի լրումն սրա՝ 2016թ. Ռուսաստանի Դաշնությունում կացության կարգավիճակ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը կազմել է մոտ 19.000 մարդ[17]:

Ներգաղթի ծավալների մեծացմանը զուգահեռ վերջին տարիներին Ռուսաստանից մեծացել են նաև արտագաղթի միտումները: Եթե ճգնաժամային 2009թ., ըստ հարցումների, Ռուսաստանից պատրաստ էր արտագաղթելու հարցվածների 13 տոկոսը, ապա 2017թ. այդ ցուցանիշն աճել է 1,7 անգամ[18]: Վերջին տարիներին Ռուսաստանից արտագաղթում է տարեկան 200-220 հազար մարդ, ընդ որում՝ բարձրագույն կրթությամբ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, մեծամասնությամբ ռուսներ: Դա ոչ միայն նվազեցնում է ռուս ազգաբնակչության թվաքանակը, այլև մեծ վնաս է հասցնում որակյալ աշխատուժի շուկային: Ներգաղթյալների մեծամասնությունն ավելի ցածր որակավորում ունեցող մասնագետներ են և ի վիճակի չեն փոխհատուցելու աշխատաշուկայի բարձր որակավորում պահանջող հատվածին:

Ներգաղթի բացասական կողմերից է նաև այն, որ փոխվում է Ռուսաստանի Դաշնության էթնիկական պատկերը, և գնալով մեծանում է մասնավորապես իսլամ դավանող ազգաբնակչության թվաքանակը:

Համենայն դեպս, 2030թ. ժողովրդագրական կանխատեսումների համաձայն՝ վատագույն տարբերակով Ռուսաստանի Դաշնության բնակչության թվաքանակը կլինի 142.605 մլն, միջին տարբերակով՝ 147.934 մլն, իսկ լավատեսականով՝ 151.807 մլն[19]: Նույն ժամանակահատվածում միջին տարբերակով Բելառուսիայի բնակչությունը կպակասի և կկազմի 9 մլն 163 հազար մարդ, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը բնակչության աճ կարձանագրեն և 2030թ. կունենան համապատասխանաբար 20 մլն 301 հազար և 6 մլն 997 հազար մարդ[20]:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ժողովրդագրական գործընթացները ԵԱՏՄ երկրներում զանազան են և լուծման տարբեր ուղիներ են պահանջում: Մեծ խնդիրների առջև են կանգնելու Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը:

Մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է լինելու բախվել ժողովրդագրական ծանրաբեռնվածության հետ, որի արդյունքում վերարտադրողական տարիքի մարդկանց նվազումը բացասաբար է ազդելու ծնելիության և ամուսնությունների թվաքանակի վրա: Եթե նկատի ունենանք նաև այն, որ Բելառուսը և Ռուսաստանի Դաշնությունն առաջատար են ամուսնալուծությունների թվաքանակով, որը կազմում է ամուսնացողների թվաքանակի մինչև 60 տոկոսը, ապա դա ավելի կխորացնի ժողովրդագրական ճգնաժամը: Այդ երկու երկրներն առաջիկա ժամանակահատվածում ունենալու են նաև աշխատուժի սուր պակաս, որը ժամանակին չհամալրելու պարագայում կարող են հայտնվել սուր տնտեսական ճգնաժամի առջև: Այն միաժամանակ նեղացնում է ներքին սպառողական շուկայի տնտեսական հնարավորությունները և խոչընդոտելու է տնտեսական աճը:

Դա կարող է նաև վնասել Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանմանը, որն առավել էական է, քանի որ ԵԱՏՄ շրջանակներում մեր առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է: Միաժամանակ, փորձելով համալրել իր աշխատանքային ռեսուրսները, ինչպես նաև բնակչության թվաքանակը՝ Ռուսաստանի Դաշնությունը կարող է էլ ավելի պարզեցնել քաղաքացիության ընդունման և ՌԴ-ում բնակություն ստանալու պայմանները, որը կարող է ավելացնել մասնավորապես Հայաստանից մշտական մեկնող քաղաքացիների թիվը:

Ռուսաստանի Դաշնության համար նաև խնդրահարույց է դաշնության ազգային հանրապետություններում ռուս բնակչության թվի նվազումը, որը ռուսների արտագաղթի հետ միասին անմիջականորեն վտանգում է նրանց ազգային անվտանգությանը:

ՀՂՈՒՄՆԵՐ

[1] Ըստ Եվրոստատի՝ Աշխատանքի համաշխարհային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ազգային վիճակագրական երկրների տվյալների:

[3]  Концепция демографической политики Российской Федерации на период до 2025 года. Утверждена Указом Президента Российской Федерации от 9 октября 2007 г. № 1351.

[4] Федеральный закон от 29.12.2006 N 256-ФЗ (ред. от 28.12.2016) “О дополнительных мерах государственной поддержки семей, имеющих детей”

[6] Численность населения по областям и г. Минску, Национальный статистический комитет Республики Беларусь

[7] Основы демографии, С. В. Новоселова, М.Б. Денисенко, Минск, 2012г., стр. 87-91

[10] Рождаемость, смертность и естественный прирост населения, 2016, естественное движение населения в разрезе субьектов  Российской  Федерацийза январь-октябрь 2017 года, Федеральная служба государственной статистики

[13] Всероссийская перепись населения 2010, Федеральная служба государственной статистики, МОсква 2011г.

[14]    Сулакшин С.С., Кравченко Л.И. Демографическая ситуация в России. Труды Центра научной политической мысли и идеологии. Вып. № 8, май 2016 г. М.: Наука и политика, 2016. 32 с.

[15] World population Prospects, The 2017 Revision, UN, New-York 2017

[16] Общие итоги миграции населения Россиской Федерации, Федеральная служба государственной статистики

[17] Վիճակագրական տվյալներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ 2012-2017թթ., ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Միգրացիոն պետական ծառայություն

[18] Демографические вызовы России, Институт демографии Национального исследовательского университета “Высшая школа экономики”, Демоскоп Weekly, 2017

[19] Демографический прогноз до 2035 года, Федеральная служба государственной статистики

[20]  UN Population Division: World Population Prospects, 2017 Revision

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031