Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոխ Ամանոր վարչապետի կողմից՝ Գյումրու ամենաչքնաղ փողոցում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2017 22:03

Վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր «Կումայրի վերածնունդ ներդրումային ֆոնդը» Գյումրու Ռուսթավելու անվան փողոցում ամանորյա տոնավաճառ՝ Cristmas Bazaar ու համերգ էր կազմակերպել՝ փորձելով փոխել այս քաղաքի մթնոլորտը, հարկադրել գյումրեցիներին տներից փողոց դուրս գալ։

«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող, վերջերս վերանորոգված փողոցն իր ամանորյա նրբաճաշակ զարդարանքով եվրոպական մայրաքաղաք է հիշեցնում։

Ի դեպ, Cristmas Bazaar-ն էլ անցկացվում է եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, այն բացառապես բարեգործական նպատակ ունի։ Գյումրու ամանորյա տոնավաճառին հրուշակեղեն, տաք գինի, մեղր, թեյեր, հուշանվերներ էին վաճառվում։

Մասնակիցների թիվը գնալով ավելացավ, հատկապես երբ հայտնի դարձավ, որ համերգին մասնակցում է Սիրուշոն։ Երգչուհին այնպես բարձրացրեց երիտասարդների տրամադրությունը, որ վերջիններս սկսեցին քոչարի պարել նրա երգերի ներքո, երգչուհու հետ սելֆի անել։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը միջոցառման սկզբում կարծես նեղվեց, որ մասնակիցները քիչ են, սակայն մութ ընկնելուն պես այլևս ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ այս փողոց էին շտապում իրենց երեխաների հետ, նույնիսկ շներին գրկած։ Կարճ ժամանակ անց փողոցում հայտնվեցին Ձմեռ պապն ու մուլտֆիլմերի հերոսները։

«Կումայրի վերածնունդ ներդրումային ֆոնդի» զարգացման տնօրեն Սյուզաննա Ազոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ այս տարի որոշել են փոխել Գյումրու տրամադրությունը ու առաջին անգամ այս քաղաքում կազմակերպել են ամանորյա տոնավաճառ։

Վերջինիս տեղեկացմամբ, ներկայացված են 6 տաղավարներ, որոնց թիվը հաջորդ տարի կավելանա, կդառնան 12։ «Կլինեն տաք գինի, ձեռարվեստի գործեր, որոնք միայն Գյումրիում են պատրաստված, որոնք էլ ավելի գրավիչ կլինեն Երևանի ու մյուս տեղանքների զբոսաշրջիկների համար»,-ասաց Սյուզաննա Ազոյանը։

Նա նաև նշեց, որ Ռուսթավելի փողոցի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը շատ մեծ է, նրանք իրենց ոտքով են գալիս Գյումրի։ Իսկ թե ովքեր են ներդրողները, մեր զրուցակիցն ասաց, որ նրանց մեջ կան նաև գյումրեցիներ, որոնք երկար տարիներ չեն ապրել Գյումրիում։

Ըստ նրա, մյուս տարի նոր զարգացումներ կլինեն ու Գյումրին կտեղավորվի աշխարհի զբոսաշրջային քարտեզի մեջ՝ որպես առանձին զբոսաշրջավայր։ Սյուզաննա Ազոյանի փոխանցմամբ, մյուս տարի կզարգացնեն ենթակառուցվածքները, կլինեն ռեստորաններ, ձեռարվեստի կենտրոններ, մտադրություն կա վերականգնել նաև Գյումրու հին բաղնիքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031