«Ինձ ցնցեց՝ երբ տնից ներս մտանք, տանտերը բազմոցին նստած՝ Բաքվի ալիքն էր նայում». Փաշինյանը դեպք պատմեց

«Ինձ ցնցեց՝ երբ տնից ներս մտանք, տանտերը բազմոցին նստած՝ Բաքվի ալիքն էր նայում». Փաշինյանը դեպք պատմեց

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանը արդեն մոտ 2 ժամ է, ֆեյսբուքում ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին: Իսկ օգտատերերը հետաքրքրվում են՝ սկսած ֆուտբոլից, վերջացրած ՀՀ օլիգարխիայով, կուտակային կենսաթոշակով, վարկերով եւ անգամ՝ մարիխուանան ապաքրեականացնելու հարցով:

Հարցին՝ կիսո՞ւմ եք Ալեն Սիմոնյանի այն կարծիքը, թե պետք է ապաքրեականացնել մարիխուանան ՀՀ-ում՝ Փաշինյանն ասաց. «Երբ առաջին անգամ այդ գաղափարի մասին լսեցի, տեղից վեր թռա, ո՞նց մարիխուանան, գժվե՞լ է մարդկությունը, էս ի՞նչ է կատարվում»:

Հետո նա պատմեց, որ CNN-ով Ուրուգվայի նախագահ Մուխիկան հարցազրույց է տվել ու իր խոսքը այսպես ասած ազդել է Փաշինյանի վրա. «Նա մարիխուանայի օրինականացման ջատագովներից էր, ասում է՝ փաստացի ապացուցված է, որ ծխախոտի գործածմամբ ամեն տարի երկրագնդի վրա տասնյակ միլիոնավոր մարդիկ են մահանում: Մարիխուանան շատ դեպքերում բժշկական նպատակներով օգտագործվում է եւ չի հասցնում այնպիսի վնաս ինչպիսի վնաս հասցնում է  ծխախոտը եւ շատերի կարծիքով օգտակար է: Մուխիկան ասում է՝ փոխանակ արգելենք ծխախոտը եւ թույլ տանք մարիխուանան, մենք հակառակն ենք անում, արգելում ենք մարիխուանան, որը վնաս չի տալիս»:

Փաշինյանն ասաց, որ ամբողջ աշխարհում այդ պրոցեսը սկսել է, ցավոք, ՀՀ-ում փորձագիտական մակարդակով այս հարցը քննված չի. «Ես այս պահին չեմ կարող ասել՝ կողմ եմ, թե դեմ եմ, կարծում եմ, այս հարցը պետք է քննարկվի դեռ, որ փորձագետի մակարդակով կարողանանք հասկանալ, թե ինչ վնասներ ու ինչ օգուտներ ունի դա: Իսկ որ ծխախոտը սարսափելի բան է, ես դրանում համոզված եմ»: Փաշինյանն ասաց, որ 2004-ից մի գրամ անգամ չի ծխել, մարիխուանա էլ չի օգտագործել:

Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու որոշման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ «Չի կարելի մի օր արթնանալ եւ այդպիսի որոշում կայացնել: Պետք է հասկանանք, որ մեր քաղաքացիների շահերի հետ գործ ունենք, մարդիկ ներկրել են այդ մեքենան, օգտագործում են եւ այդ մարդկանց ապրանքը արժեզրկում ենք»:

Ըստ Փաշինյանի, եթե պարզվի, որ հիմնավորումներ կան, ասեն՝ 2022-ից արգելելու ենք, ժողովուրդ ջան, ինչ-որ տեղ հասկանալի կյլինի:

Փաշինյանին հարցրել էին նաեւ փախստականներից: Նա մի դեպք պատմեց, որն իրեն ցնցել է. «Վերջերս հայտնվեցի մի գյուղում, որտեղ ապրում էին փախստականներ: Շատ մեծ թվով փախստականներ են եղել, մի մասն արդեն ՀՀ-ից էլ է հեռացել, այդ մարդիկ ապրում էին ուղղակի սարսափելի պայմաններում՝ կիսախարխուլ, ցնցոտիներով, չունենալով սեփականություն: Երբ որ մենք հերթական տներից մեկը մտանք, շենքից ներս, այդ մարդիկ ապրել էին Բաքու քաղաքում, այսինքն, հսկա մայրաքաղաքից, պատկերացնում եք այդ մարդկանց ողբերգությունը, ճակատագրի շրջադարձը, երբ որ նրանք հայտնվել են բարձր լեռնային ինչ-որ մի գյուղում, որտեղ նախկինում ադրբեջանցիներ են ապրել՝ մոտ 50-100 տուն: Նախ, մարդը Բաքվից տեղափոխվել է այդտեղ, ինչը ինձ ցնցեց՝ երբ տնից ներս մտանք, հեռուստացույցով միացված էր Բաքվի ալիքը եւ տանտերը՝ արդեն տարիքով մի մարդ, բազմոցին նստած՝ Բաքվի ալիքն էր նայում կոտրած հեռուստացույցով: Այս տեսարանն ինձ ուղղակի ցնցեց: Ցնցեց ոչ թե այն առումով, որ ես այդ մարդուն մեղադրում եմ՝ Բաքվի ալիքը նայելու համար, ոչ, ամենեւին, ես մե՛զ եմ մեղադրում, որ մենք փախստականների հարցը մինչեւ այսօր պատշաճ ձեւով չենք կարողացել լուծել: Խնդիրն այստեղ նյութականը չի նույնիսկ, մենք չենք կարողացել այդ մարդկանց ինտեգրել մեզ, մարդը մտքով շարունակում է մնալ դեռ Բաքվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք