Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել եմ, որ քարը դիպել է ոստիկանի գլխին». «Սարի թաղի գործով» վկա-ոստիկան

Դեկտեմբեր 27,2017 22:20

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի բնակիչներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել(տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվեց ոստիկան Գրիգոր Մխիթարյանը, որն ասաց՝ կատարվածն առանձնապես լավ չի հիշում: «Այդ օրը ծառայություն էինք իրականացնում…տղաները մոտեցան, քանի հոգի՝ չեմ հիշում: Պահի տակ չհասկացանք, թե ինչ եղավ, թե ինչ սադրանք էր, բախում սկսվեց, քարեր նետեցին»,-պատմեց նա:

Նշեց, որ այդ օրը եղել է ոստիկանական համազգեստով, իսկ տուժած ոստիկաններից մեկին է ճանաչում՝ Արմեն Գալստյանին, որը վնասվածք էր ստացել քարով հարվածից. «Տեսել եմ ոնց էր գլուխը բացվել: Սկզբում ոտքով-ձեռքով էին հարվածում, հետո քարերով: Տեսել եմ, որ քարը դիպել է նրա գլխին»: Վկան դատարանին հայտնեց, որ սարիթաղցիներն այդ օրը նաեւ անվադող են այրել: Այնուհետեւ հրապարակվեց Գրիգոր Մխիթարյան նախաքննական ցուցմունքը, որում նա ասել է, թե սարիթաղցիները հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին, մինչդեռ այսօր դատարանում պնդեց, որ հայհոյանքներն անձնավորված չէին: Նախաքննական ցուցմունքում նա նաեւ ասել է, որ կրակոցներ է լսել, իսկ դատարանում հերքեց դա:

Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է 2018թ.-ի հունվարի 25-ին, ժամը 12:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031