Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Իսրայել Միլիտոսյանին

Դեկտեմբեր 28,2017 00:58

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։

Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսեց նաև դրամական պարգևներով ու նվերներով:

 

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին եւ ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանին, ՀՀ վաստակավոր մարզչի կոչում՝ Իսրայել Միլիտոսյանին, Վահագն Հարությունյանին, Ռոման Ակոպովին, Գրիգոր Գրիգորյանին, Ալեքսան Հովհաննիսյանին, Արա Խեբոյանին, Մելիք Ղուկասյանին։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ ՀԱՕԿ նախագահը հույս հայտնեց, որ 2018 թվականին մեր մարզիկներն էլ ավելի շատ, հատկապես՝ ոսկե մեդալներ կնվաճեն. «Տեսնելով մեր մարզիկների հաջողությունները՝ յուրաքանչյուր հայ հպարտանում է, որ հայ է։ Մարզիկների շնորհիվ հնչում է Հայաստանի օրհներգը, բարձրանում դրոշը: Եվ դա նպաստում է մեր երկրի ճանաչմանը։ Մենք քիչ ենք, բայց մեր հաղթանակներն ու հաջողությունները մեծ են։ Տարեցտարի բոլոր մարզաձեւերում հայ մարզիկներն առաջ են շարժվում, մեդալների թիվն էլ ավելանում է։ Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն հենց այնպես չեն դառնում: Դրա համար մեծ կամքի ուժ և ձգտում է պետք։ Բարձր եմ գնահատում Հենրիխ Մխիթարյանի կատարած աշխատանքը։ Այս տարի նրա անունը միջազգային լրատվամիջոցներում հնչել է հազարավոր անգամներ, հնչել է նաեւ մեր երկրի անունը։ Մեծ հպարտության առիթ է նաեւ Լեւոն Արոնյանի հաջողությունները։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորելով տասը լավագույն մարզիկներին՝ նրանց հանձնեց համապատասխան հավաստագրերը եւ խորհրդանշական արձանիկներ: «Այս տարին լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով, նաեւ նոր հույսերով, որոնց իրականացմանը մենք լծվելու ենք 2018 թվականին։ Ընթացիկ տարվա մարզական արդյունքների ամփոփումն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իր վրա պատասխանատվություն էր վերցրել՝ սահմանելու խաղի նոր կանոններ։ Մենք համատեղելի ենք դարձրել մարզական բարձր նվաճումների ու Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերելու հանգամանքները։ Առաջին անգամ էր նաեւ, որ որոշումների կայացման գործընթացին մասնակցեց հանրությունը։ Հարգելի պարոն նախագահ, վստահեցնում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցային արդյունքներ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներ դարձել են՝ Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

Արարողությանը հարգելի պատճառով ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը եւ Լեւոն Արոնյանը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում, իսկ Արոնյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Նրանց փոխարեն մրցանակները ստացան համապատասխան ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ներեցեք, ի՞նչ նկատի ունեք արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա գրելով: Կարծես թե տեղական մակնիշի ավտոմեքենա չկա:
    Շնորհակալության:

  2. Ara Shahbazian says:

    Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Իսրայել Միլիտոսյանին: Իսկ ի՞նչ է տեղական արտադրության ավտոմեքենանե՞ր էլ կան…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031