Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշաթափություն, հրմշտոց, իրարանցում Գյումրիում՝ Գագիկ Ծառուկյանի այցի ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 28,2017 15:16

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ու հարակից Ամենափրկիչ եկեղեցու բակում արտակարգ իրավիճակ էր․ մեծ թվով գյումրեցիներ՝ նամակները ձեռքերին, սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրանցից շատերը եկել էին երեխաների հետ, նույնիսկ կային զգալի թվով մարդիկ, որոնք հրապարակ էին բերել սայլակին գամված իրենց փոքրիկներին։ Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև ձեռնափայտով, տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող տարեցները։ Նրանք փակել էին Վարդանանց հրապարակն Ամենափրկիչ եկեղեցուց բաժանող փողոցը, վարորդները խնդրում էին ճանապարհ տալ։ Եղավ մի պահ, երբ երեխաներից մեկը մազ էր մնացել, որ ընկներ մեքենայի տակ։

Հավաքվածները բացառապես եկել էին նյութական օգնություն խնդրելու, նույնիսկ տարեց մի կին, որը ձեռնափայտով էր, չէր կարողանում քայլել, ասաց, որ եկել է իր նոր ստացած սոցիալական բնակարանի համար գոնե մի սեղան ու աթոռ խնդրելու։ Նյութական օգնություն խնդրելու էին եկել նաև ԲՀԿ կուսակցության մեջ անդամագրված մարդիկ, օրինակ՝ Տերյան փողոց 120/110 բնակիչ Հայկանուշ Մանուկյանը։ Նա ասաց, որ ինքը թեև ԲՀԿ-ական է, բայց ժողովներին երբևէ չի մասնակցել, որոշել է Վարդանանց հրապարակում հանդիպել իր կուսակցության առաջնորդին, ընդ որում նրանից բուժվելու ծախսեր խնդրելու համար։

Գագիկ Ծառուկյանին սպասելիս՝ մի տարեց կին ուշագնաց եկավ, ի դեպ, շտապօգնության մեքենան էլ բավական ուշացումով տեղ հասավ։ Հիշեցնենք, որ անցած տարի էլ ԲՀԿ առաջնորդին սպասելու ժամանակ մի մարդ մահացավ։

Գագիկ Ծառուկյանի մեքենան տեսնելուն պես` նրան շրջափակեցին, քիչ էր մնացել գետին գցեին ԲՀԿ-առաջնորդին, չէին թողնում տեղաշարժվեր։

Նրանց փոխարեն անհամար էին զգում Գագիկ Ծառուկյանին ուղեկցող պատգամավորներ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը հորդորում էր հերթով մոտենալ։ «Ամոթ է էլի ժողովուրդ, ծաղկեպսակը կքցեք հիմի»,- ասում էր նա, սակայն հնար չկար։

Մարդկանց բազմությունը պարոն Ծառուկյանին ուղեկցեց Երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ, նա ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հիշատակին, որտեղ և հայտարարեց, թե այս տարի 100 միլիոն դրամ է փոխանցելու սոցիալապես անապահով գյումրեցիներին։

Նա նաև խոստացավ փոխանցել իրեն սպասելու ժամանակ ուշագնաց եղած կնոջ հիվանդանոցի ծախսերը, նրան օգնել 200 հազար դրամով։

Գագիկ Ծառուկյանը մտավ Ամենափրկիչ եկեղեցի, որի շինարարությունը դեռ վերջնական ավարտված չէ, շրջեց և հենց եկեղեցում պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա մի կերպ կարողացավ հեռանալ Գյումրիից․ մարդիկ, նամակները ձեռքերին, վազում էին նրա մեքենայի հետևից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Նայում եմ այս նկարներին, կարդում նյութն ու մեղքս չեն գալիս այս մարդիկ: Նա, ով մի կողմ է դրել իր արժանապատվությունը, իրավունք էլ չունի երևի արժանապատիվ կյանք պահանջել իր երկրից:

Պատասխանել Մարինա

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031