Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձագետները մերժել են ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը՝ մասնակցելու Ամուլսարի խնդիրների շուրջ հանդիպման

Դեկտեմբեր 29,2017 11:19

Մամուլին ու լայն հանրությանը քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի էլեկտրոնային փոստով ուղարկած նամակից տեղեկացանք, որ ինքը և հանքարդյունաբերական ոլորտում միջազգային փորձառու մասնագետները, ովքեր Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ քննադատական հաշվետվություններ են ներկայացրել, պատասխանել են ՀՀ բնապահպանության նախարարի՝ ս․ թ․ նոյեմբերի 15-ին թվագրված հրավերքին՝ 2018թ․ հունվարին մասնակցելու Լիդիան ընկերության հետ համատեղ հանդիպում-քննարկմանը։

Հրավերքի նամակում նախարար Արծվիկ Մինասյանը նշում է, որ առանց լրատվամիջոցների մասնակցության հանդիպման նպատակը Ամուլսարում թթվային դրենաժի, ստորգետնյա ջրերի ու Որոտան-Արփա թունելի վրա դրա ազդեցության ու կառավարման թեման Լիդիան ընկերության մասնագետների հետ քննարկելն է։

Բայց զարմանալին այն է, որ դեռևս նախարարի վերոնշյալ հրավերքը մամուլով արդեն իսկ տարածվել էին տեղեկություններ այդ հանդիպման մասին՝ որպես արդեն իսկ երկուստեք համաձայնություն ստացած իրողություն։ Իսկ 2017թ․ նոյեմբերի 1-ին, Հայկական բնապահպանական ճակատը հարցում էր հղել Բնապահպանության նախարարությանը՝ պարզելու, թե ըստ մամուլով տարածված տեղեկությունների՝ նախատեսված միջազգային հանդիպման մասնակիցները ովքեր են լինելու և իրավական իմաստով ինչ իրավազորություն ունի նշված հանդիպումը։ Մեր երկու հարցումների պատասխաններից պարզ դարձավ, որ նախարարությունը տարածել է տեղեկություններ իբր՝ միջազգային փորձագետների հետ հանդիպումն արդեն հաստատված է բոլոր մասնակիցների կողմից, սակայն մասնակիցների ցանկ նախարարությունը դեռևս չի կարող տրամադրել. նույնիսկ Հարութ Բրոնոզյանին և Ամուլսարի հարցով վերլուծություններ կատարած միջազգային փորձագետներին հղված հրավերքը ավելի ուշ է ուղարկվել։

Նախարարության պատասխանները նաև սահմանում էին, որ հանդիպումը որևէ իրավական նորմով չի կանոնակարգվում, սակայն կողմերի համաձայնությամբ անցկացվելու է փակ ձևաչափով (հայտնի չէ, թե որ կողմերի մասին է խոսքը, եթե մասնակիցների համաձայնեցված ցուցակ նախարարությունը չուներ)։

Ավելին, դրանից հետո էլ բնապահպանության նախարարն ու նրա խորհրդականը շարունակել են իրենց հարցազրույցներում ապակողմնորոշել ԶԼՄ-ներին և հանրությանը՝ ներկայացնելով հունվարին նախատեսվող այդ հանդիպումն իբրև թե արդեն երկկողմանի պայմանավորվածություն ունեցող միջոցառում։

Հայկական բնապահպանական ճակատը նախարարության նման գործելաոճը գնահատում է որպես լրատվական աճպարարություն, քանի որ իրականության փոխարեն ներկայացվել են սեփական կամ այլոց ցանկությունները, որոնք ոչ մի աղերս չեն ունեցել իրականության հետ։

Այդուհանդերձ, 2017թ․ դեկտեմբերի 24-ին, քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի, Blue Minerals Consultancy խորհրդատվական ընկերությունից դոկտոր Անդրեա Գերսոնի և դոկտոր Ռոջեր Սմարթի, Buka Environmental-ից դոկտոր Անն Մաեստի և Clear Coast Consulting ընկերությունից դոկտոր Անդրե Սոբոլևսկու համատեղ նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ միջազգային փորձագետները մերժել են ՀՀ բնապահպանության նախարարի հրավերքը՝ հստակ մատնանշելով, որ մերժման հիմքում ընկած են այն փաստերը, որ Լիդիան ընկերությունն այդպես էլ արժանահավատ պատասխաններ չի տվել իրենց բարձրացրած խնդիրներին, որ խորը անհամաձայնությունները շարունակում են առկա մնալ, և որ էկոլոգիական զգալի ազդեցության վերաբերյալ բարձրացված հարցերին տրվելիք մի շարք լուծումներ պահանջում են քաղաքական որոշումներ ու օրենսդրական կարգավորումներ, որոնց շուրջ իրենք իրավասու չեն բանակցել։

Միջազգային փորձագետների պատասխանի ամբողջական հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

«2017թ. դեկտեմբերի 24

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին

Ողջունում ենք Ձեզ,

Այս նամակով ցանկանում ենք պատասխանել ՀՀ բնապահպանության հարգարժան նախարար Արծվիկ Մինասյանի հրավերին՝ Հայաստանում Լիդիանի կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ: Մեր խումբը մի շարք քննադատական վերլուծություններ է հրապարակել այս ծրագրի երկրաքիմիական և ջրերի մաքրման խնդիրների մասին: Մեր քննադատությունների վերաբերյալ մենք նաև պատասխաններ ենք ստացել Լիդիանից ու նրա խորհրդատուներից և փաստարկների ու հակափաստարկների փոխանակման երկու փուլ ենք անցել: Չնայած այս ջանքերին՝ մեր միջև խոր անհամաձայնությունները շարունակում են առկա մնալ, և մեր մտահոգությունն առ այն, որ այս ծրագիրը զգալի, երկարատև բնապահպանական ազդեցություններ կունենա, չի փարատվել:

Մեր սկզբնական վերլուծական աշխատանքն արդեն իսկ խիստ մանրակրկիտ էր և ներկայացնում էր ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության» ու դրան առնչվող փաստաթղթերի մասին մեր փորձագիտական գնահատականը: Այնուհետև մենք Լիդիանի բոլոր առարկություններին պատասխանեցինք՝ ներկայացնելով փաստական ապացույցներ, որոնք հիմնավորված էին հեղինակավոր գիտական հրատարակություններից մեջբերված հղումներով և գոյություն ունեցող հանքերից բերված օրինակներով: Հակառակ կողմից մենք ստացանք մեր տեսակետները մերժող բազմաթիվ առարկություններ, որոնցում կարծիքները ներկայացվում են իբրև փաստեր: Լիդիանի կողմից կիրառվելիք և նրանց պնդմամբ «Հանքարդյունաբերական ոլորտի լավագույն չափորոշիչներ» հանդիսացող պրակտիկաները մենք, որպես այս բնագավառի հեղինակություններ, բնավ այդպիսին չենք համարում: Չնայած այս փոխադարձ հաղորդագրությանը և երկարուձիգ պատասխաններին՝ մենք գտնում ենք, որ Լիդիանը չի ընդունել իրեն ներկայացված քննադատությունը և արժանահավատ պատասխաններ չի տվել մեր բարձրացրած հարցերին: Ուստի մենք վատատես ենք այն հեռանկարի նկատմամբ, թե Լիդիանը երբևէ արժանահավատ պատասխաններ կտա բարձրացված խնդիրներին:

Մենք ուշադրությամբ դիտարկել ու քննարկել ենք նախարարության աշխատակազմի և Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու՝ Բնապահպանության նախարարի հրավերը: Մենք օգտակար ենք համարում ապարների թթվային դրենաժի կապակցությամբ Լիդիանի ներկայացրած կառավարման պլանի շուրջ մեր անհամաձայնությունների հիմքերը կրկին անգամ բացատրելը, այդ թվում՝ մեր ընկալումների գիտական հիմնավորումները ներկայացնելու և գոյություն ունեցող պրակտիկաներից կոնկրետ օրինակներ բերելու հնարավորությունը: Սակայն մենք մտահոգություն ունենք առ այն, որ մեր մասնակցությունը կարող է ավելի լայն հանրությանը ներկայացվել որպես այդ հանդիպման վերջում հրապարակվելիք արձանագրությանը մեր կողմից տրված դրական հաստատում, նույնիսկ եթե հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկած չլինեն: Եվ վերջապես, մենք գիտակցում ենք, որ լուծումներ պահանջող որոշումներից մի քանիսը բնույթով քաղաքական են ու օրենսդրական, ինչպիսիք են, օրինակ, արտահոսքի թույլատրելի ծավալների սահմանումը, բնական միջավայրի վերականգնման պարտավորությունների և այլ անվտանգության միջոցների մասին պահանջները: Մենք տեխնիկական փորձագետներ ենք և իրավասու չենք բանակցել նման ոչ-տեխնիկական հարցերի շուրջ:

Վերոնշյալ փաստարկները հաշվի առնելով՝ մեր կոնսենսուսային որոշումն է՝ մերժել այս հրավերը, քանի որ վստահ չենք, որ դրա արդյունքում թթվային ապարների դրենաժի պլանավորման ու կառավարման խնդիրները պատշաճ լուծում կստանան: Փոխարենը, մի քանի օրվա ընթացքում մենք ձեզ կներկայացնենք այս ծրագրի մասին մեր վերջնական գնահատականը՝ հնարավորինս պարզ, հստակ և հակիրճ: Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունն ու Լիդիանը լրջորեն հաշվի կառնեն մեր մտահոգություններն ու առաջարկները և անհրաժեշտ փոփոխությունները կկատարեն հանքարդյունաբերության սկսելուց առաջ:

Հարգանքով՝

Հարութ Բրոնոզյան, քիմիական/բնապահպանական ինժեներ

դոկտոր Անդրեա Գերսոն, Blue Minerals Consultancy

դոկտոր Ռոջեր Սմարթ, Blue Minerals Consultancy

դոկտոր Անն Մաեստ, Buka Environmental

դոկտոր Անդրե Սոբոլևսկի, Clear Coast Consulting, Inc.»։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031