Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը

Սկիզբը՝  նոյեմբերի 26-ի համարում, դեկտեմբերի 3-ի համարում, դեկտեմբերի 10-ի համարում,  դեկտեմբերի 17-ի համարում

– Ունեցե՞լ ես արդյոք խորը հիասթափություններ ու պարտություններ:

– Մեզ կերտում են ոչ միայն մեր հաղթանակները, այլև պարտությունները:Հիասթափության խորքում բացված ծաղիկը երբեմն դառնում է բանաստեղծություն,երբեմն, որովհետև կա նաև այլ խնդիր լուծող պոեզիա:

…Եվ պարտությանց համար այս բիրտ մարտում,

Եվ հաղթությանց համար երբեմնակի…

ասում էր հանճարեղ բանաստեղծը:

Երբ հետահայաց նայում եմ, իմ ամենամեծ «հաղթանակը»՝ հորս կողքին անհատականությունս չկորցնելն էր:

Անուսում, հանդուգն զիգզագներով, որ զարմանալիորեն մտակառույցի վերջնակետին էին հանգում, արթուն մտքով մարդ էր՝ «ես ասի մածունը սև է՝ սև է”տրամաբանությամբ:

Քաղաքը չէր աղտոտել նրա հոգևոր միջավայրը.գյուղի հիշատակները, գյուղը, հեռվից սնուցող այն չափն էր, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը.բարբառով չխոսելն էլ նրա համար դավաճանություն էր:Միշտ թույլի, տկարի, հիվանդի կողքին էր: Չեմ տեսել, որ հարուստի, պաշտոնյայի երեսին կեղծ ժպտար: Ասում էր. «Անունը դնում են մատաղ՝ իրենք են ուտում: Մատաղը բաժանվում է”: Ինձ, որ գիշեր-ցերեկ գրքերի մեջ էի, ի տարբերություն հանցագործ հակումներ ունեցող միջավայրի, մեղադրում էր. «Վեց տարեկանից ինձ չես ենթարկվել”: Երբ արդեն մեծ էի՝ արդարանում էի. «Եթե քո թելադրանքով լիներ, իմ փոխարեն ո՞վէր ապրելու”:

Գյուղում գերեզմանոցը շրջապատող ծառեր էր տնկել և ստիպում էր ջրել: Տեղը զառիվայրի վրա էր. Փոքր էինք, եղբայրներիս հետ մինչև տեղ էինք հասցնում, դույլի մեջ գրեթե ջուր չէր մնում:

Տարիներ հետո հարցրեցի՝ ինչո՞ւ էիր տանջում, մի մեքենա ջուրը երեք ռուբլի արժեր:

Ասաց. «Է՞դ են սովորեցնում ձեր համալսարաններում… եթե մեքենայով ջրել տայի, դու հիմա գերեզմանոցի տեղն էլ չէիր իմանա”:

Բանակ էին զորակոչել: Խնդրեցի մի քանի օր շուտ տանեն: Աղջիկ կար, վախենում էի նրան խոստովանել, որ սիրում եմ, մտածելով՝ կկորցնեմ, ինչը իմը չի էլ: Չէի հասկանում, թե ինչից եմ փախչում, բայց սիրտս այդպես էր թելադրում:

Դպրոցում մի զինղեկ ունեինք, որ զինկոմիսարիատում էլ էր աշխատում, «մեռավ” աչք-ունքով, ստիպված նաև խոսքով զգուշացնել. «Մեկ տարի ավել կծառայես…”

Այդպես, ես երեք տարով հայտնվեցի ծայր հյուսիսում: Հիմա դա հաղթանակ էր, թե պարտություն:

Աղջիկը՞…

«Սիրեցի, յարս տարան…»- ասում էր Իսահակյանը. այդ նրանք էին, որ «սիրտս ուտելով” ինձ դարձրեցին բանաստեղծ:

Աստված յուրաքանչյուրին տալիս է տաղանդի նույն չափը, այս աշխարհում ապրելու կյանքի նույն տևողությունը, նայած՝ սերմը ուր է ընկնում, և ով ինչ կերպ է տնօրինում իր ճակատագիրը: Մենք միշտ ընտրության առջև ենք կանգնած:

Թումանյանը ասում էր.

…Լույս տալով եմ սպառվել:

Այլ խնդիր է, թե ով ինչպես է ծախսում Աստծո տված այդ  «լույսը”:

– Ընդունված է ասել, որ ուժեղ արձակ ստեղծում են մեծաքանակ ժողովուրդները, իսկ փոքրաթիվ ժողովուրդների պարագայում ավելի ուժեղ է պոեզիան: Համաձա՞յն ես այս բնորոշմանը:

– Իսկ աշխարհին Հենրիկ Իբսեն, Կնուտ Համսուն տված նորվեգական գրականությո՞ւնը: Նախորդ դարասկզբին դեռևս գոյություն չուներ նավթի, գազի արդյունահանման և արդյունաբերական ձկնորսության ներկայիս բարձր մակարդակը և Նորվեգիան՝ Եվրոպայի հյուսիսում ծվարած մի սակավամարդ և աղքատիկ երկիր էր, որն ապրում էր բնարտադրությամբ: Կարծում ես 20-րդ դարի 2-րդ կեսի իսպանախոս գրականության զարթոնքը պայմանավորված էր լատինամերիկյան երկրների տնտեսական նվաճումներո՞վ: Պետություն ունենալը քաղաքացու պետական մտածողություն է ենթադրում, սակայն դեռ բավարար չէ: Մոնղոլ-թաթարական հորդայի ժառանգորդ օսմանյան և ռուսական կայսրությունները գնացին զարգացման իրար հակասող ուղղություններով:

Գոյություն ունի ազգային մտածողություն: Ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս ընդհանրական մտածողության կրողն է: Մենք զգացմունքային ժողովուրդ ենք: Պատմության մեջ մեր շարունակական նահանջում այդ բանաստեղծական հետքը կա:

Մեր դիվանագետները մեր բանաստեղծներն են եղել, և դա նոր երևույթ չէ:

Բանակ ստեղծելու փոխարեն արարել ենք գիր ու գրչություն, եկեղեցիներ…

Եղիշե էի կարդում: Կարծես ընթերցում էի առաջին անգամ: Սարսափելի էր տողատակից երևացող դաժանությունը՝ ամեն ինչ արդարացնող եկեղեցական գործչի մեկնաբանությամբ: Պատմության այդ ժամանակահատվածում մենք առավել «քրիստոնյա» ենք եղել, քան նոր կրոնի քարոզիչները: Այդ էր պատճառը, որ մինչքրիստոնեական հայ մշակույթը հիմնահատակ կործանվել է և գրեթե ոչ մի վկայություն մեզ չի հասել:Նույն մոտեցումն էր, երբ հայ բոլշևիկները՝ թշնամուց ավելի տմարդի, համաշխարհային հեղափոխության զոհասեղանին էին դնում մեր բզկտված հայրենիքն ու մեր ազգային շահերը:

Չունենք ազգային գաղափարախոսություն, «անտեր” ենք, մեր ներսում պետություն չենք զգում, այդ պատճառով, առաջին իսկ առիթի դեպքում, պատրաստ ենք «որդեգրվելու»:

Աշխարհի օրենքները բնության գոյատևման կարգի նման դաժան են. մենք հիմա էլ ենք բանաստեղծ, և այդ ճշմարտությունը մինչև վերջ չենք հասկանում: Ռուսական գրականության սյուները՝ Տոլստոյը, Դոստոևսկին, Չեխովը, ազգային գաղափարը ծայրահեղացնող գործիչներ էին: Եվ, որն է ծայրահեղությունը, մի՞թե ավելի ուշ նույն կերպ չի վարվում Կնուտ Համսունը: Իհարկե, եթե մենք ապրեինք այլ աշխարհաքաղաքական միջավայրում և, եթե Նարեկացին, որ իմ կարծիքով մարդկության պատմության մեծագույն արվեստագետն է, մտներ ազդեցություն-փոխազդեցություն շրջանակի մեջ, աշխարհի դեմքն այսօր այլ կլիներ: Սակայն պատմությունը «եթեներ» չի ընդունում:

Աստվածաշունչն ասում է. «Առանց Տիրոջ կամքի ծառից տերևն էլ չի ընկնում ցած”: ժողովուրդները ծնվում են Աստծո կամքով և հենց այնպես չեն վերանում:

Ղարաբաղյան շարժումը, մեր հաղթանակները, հետմաթևոսյանական արձակում էական,տեսանելի տեղաշարժերը, կարծես թե խոսում են ազգային մտածողության նոր որակների ի հայտ գալու մասին:

1915 թվականին իր «կենսահաստատ լավատեսությամբ” Թումանյանը գրում էր.

…Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին….

Մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք այլ կերպ մտածելու: Մի՞թե այսօր վիճակը ավելի վատ է: Համոզված եմ՝ չնայած այս զոհաբերություններին, մեր ժողովրդի համար լուսավոր օրեր դեռ գալու են: Ուրիշ կերպ չի կարող լինել:

– «Իմ պահանջածն ինձնից և իմ գրչեղբայրներից եղնաթռիչք կամրջի կատարելությամբ գործ ստեղծելն է”,- ասում էր Հրանտ Մաթևոսյանը: Գրականության մեջ ո՞րն է քո՛ պահանջը:

-Գետը տանում է, իսկ փայտի կտորին թվում է, թե ինքը ինչ-որ տեղ է գնում…

Սերը, առ գրականություն, կախվածություն է:Շատ ուշ գլխի ընկա, որ դա ևս տքնության տեսակ է: Կարծում էի՝ աշխատանքն այն է, ինչը գիտակցում ես՝ անհրաժեշտ է և անում ես տհաճորեն:

Արձակը և պոեզիան տարբեր օրինաչափություններ ունեն: Երբեմն մտածում եմ, որ բանաստեղծությունը կերպարվեստի հետ ավելի շատ ընդանրություններ ունի: Գուցե ես չեմ հասկանում,բայց «պահանջ” հասկացությունն ինձ համար անընկալելի է, որովհետև յուրաքանչյուր գրող ունի աշխարհին, գրականությանը փոխհարաբերվելու սեփական ուղին, որի  «ճանապարհային քարտեզը” իրեն իսկ անծանոթ է:

Գիտելիք, վարպետություն կուտակելիս դու ոչ թե մտածում ես, թե ահա հասա այս կետին, այլ դա կախվածության մեջ խրվելու անընդհատական վիճակ է:  Կուտակելը կարևոր է, բայց ամբողջը չէ: Առակն ասում է. «Եթե սովորելը նայելով լիներ, մսագործի շնից լավ մսագործ չէր լինի՝ աչքը անընդհատ ոսկորին է»: Օժտվածությունը շնորհ է, թե խաչ՝ բոլորովին ուրիշ հարց է:

Հովհաննես Շիրազի պատկերային համակարգը հանճարեղ է, սակայն նա չունի «Բիբլիականը” չգրած Համո Սահյանի ստեղծագործությունը ամբողջացնող պոետական ներքին կուլտուրան: Ամեն ինչ այնպես է, ինչպես որ է. չես կարող «ինքդ քեզնից հասուն լինել”, ինչպես լավատեսորեն պնդում էր Պարույր Սևակը:

Ասելիքը կարող է երևալ գրողի առաջին գրքից և կարող է ժամանակի ընթացքում հղկվել՝ հասնելով անասելի բարձունքների (Թումանյանի քառյակների նախահիմքերը  1890-ական թվականների գործերում են):

Պոեզիան զուտ տրամաբանական հայեցակետից անհնար է վերլուծել, տարերայնություն չկա, բայց կա զգալու շերտ:  Բառը շնչավորվում է վերից հսկող հայացքի զորությամբ: Այնպես որ «պահանջը” ավելի արթուն վիճակի՝ մտքի դրսևորում է և ընդամենը ցանկություն:

Կոչված գրողի պարագայում ստեղծագործությունը կատարյալ է այնքանով, որքանով մարդու պայմանականությունների գերի միտքը չի աղավաղել Աստծո շունչը կրող հղացումը…

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք