Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ». Բակո Սահակյան

Դեկտեմբեր 31,2017 21:33

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը:

Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով:

2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Մեր երկրում կառուցվեցին նոր կրթօջախներ, առողջապահական  հաստատություններ, բնակելի շենքեր, տարբեր ենթակառուցվածքներ: Հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեց ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը դարձել է Արցախը Մայր Հայաստանին եւ աշխարհին կապող հիմնական շնչերակներից մեկը:

Ունեցանք ձեռքբերումներ բազմաթիվ այլ ոլորտներում, սակայն շատ են նաեւ անելիքները:

Գալիք տարում նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ուղղված մեր բնակչության բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, սոցիալական պայմանների հետեւողական բարելավմանը:

Իհարկե, շարունակելու ենք առանձնակի ուշադրություն դարձնել պաշտպանության եւ բանակաշինության ոլորտներին: Հզոր եւ մարտունակ բանակը մեր հանրապետության ու ժողովրդի անվտանգության եւ բնականոն զարգացման ամենակարեւոր գրավականն է, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ:

2018 թվականին տոնելու ենք Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 100-ամյակները: Մենք ոչ միայն պարտավոր ենք նշել այդ տոները եւ հիշել հերոսներին, այլ նաեւ հետեւել մեր նվիրյալների պատգամներին, զորացնել ու զարգացնել մեր անկախ եւ ազատ երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները:

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր մարտիրոսներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս պահին բոլորս ունենք ջերմ ու նվիրական ցանկություններ: Բնական է, որ առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, տարեցները՝ ապահով ու անհոգ:

Ուզում եմ շնորհավորել մեր երկրի սահմանները անսասան պահող բոլոր քաջորդիներին՝ գեներալից մինչեւ շարքային: Թող նրանք պատվով եւ անփորձանք կատարեն հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

Թող գալիք՝ 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի մեր երկրի, ժողովրդի եւ յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ք.Ստեփանակերտ, 31 դեկտեմբերի 2017թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031