Լրահոս
Օրվա լրահոսը

«Էներգետիկա»-ն՝ որպէս հայ-իրանական յարաբերութիւնների առանցք

Հունվար 01,2018 15:54

«Մեղրի» ազատ տնտեսական գօտու աշխատանքների մեկնարկը եւս մէկ քայլ է հայ-իրանական յարաբերութիւնների՝ ընդհանրապէս, իսկ տնտեսական յարաբերութիւնների՝ յատկապէս առաւել զարգացման համար: «Ալիք»ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«Իրան-Հայաստան յարաբերութիւններն բաւականին հետաքրքիր դինամիկա (զարգացում-Խմբ.) են ունեցել վերջին տարիներին, եւ բաւականին հետաքրքիր փոփոխութիւններ կան յարաբերութիւններում», նշեց պատգամաւորը՝ յաւելելով. «Դա առնչուած է տարածաշրջանային՝ Հարաւային Կովկասի Իրան-Ադրբեջան, Իրան- Թուրքիա եւ Իրան-Ռուսաստան քաղաքական բարդութիւններով»:
Իրանահայ պատգամաւորը կարծում է, որ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններն շարունակում են մնալ ռազմավարական նախագծերի կարօտ՝ յստակեցնելով. «Իրան-Հայաստան յարաբերութիւններն կարող են, աւելի բարձր ռազմավարական մակարդակ թեւակոխել»: Նա համոզմունք յայտնեց, որ անհրաժեշտ է ՀՀ եւ ԻԻՀ յարաբերութիւններն ռազմավարական դիտանկիւնից դիտարկել, եւ տնտեսական համագործակցութիւնների ստատուս քուոյի (իրողական վիճակ-Խմբ.) լոյսի տակ, առանցք դարձնել ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմավարական մտայնութիւնը:

Խանլարեանն անդրադառնալով Մեղրիի ազատ տնտեսական գօտու գործարկմանն այն գնահատեց որպէս՝ «Հայ-իրանական յարաբերութիւնների զարգացմանն ու երկու հարեւան երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալի աւելացմանը նպաստող քայլ»: Այնուամենայնիւ կարծում է. «Տեսականից գործնական անցնելու համար անհարժեշտ են, որպէսզի համընկնեն ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական շահերը, ինչպէս նաեւ Իրանի պետական կառավարող շրջանակների կամքը»:

Դոկտ. Կարէն Խանլարեանը եւս կարծում է, որ Հայաստանը կարող է Իրանը ԵԱՏՄի եւ ԵՄի հետ կապող հնարաւոր կամուրջը դառնալ. «Չի բացառւում այն, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ կողմերի միջեւ, եւ հնարաւոր է տեսականօրէն յարաբերութիւնների զարգացման պատճառ դառնայ», ասաց նա՝ յստակեցնելով. «Հայաստանի կողմից Եւրոմիութեան հետ համաձայնագիր կնքելը կարեւոր քայլ է. թէեւ այն իրականութիւն դառնալու համար բազմաթիւ՝ երրորդ եւ չորրորդ երկրների, կառոյցների եւ իրաւական կազմակերպութիւնների համագործակցութեան կարօտ է»:

Շարունակելով դիտարկումը, պատգամաւորը նշեց. «Բազմաթիւ երկրներ են առնչուած փոխյարաբերութիւնների ձեւաւորմանը, եւ այս փուլում դեռեւս բացառուած է, որ Հայաստանը միանգամից դառնայ կողմերի միջեւ կամուրջ, այնուամենայնիւ, սկզբնական քայլերի յաջողութեան համար, հարկաւոր է, երկկողմ գործնական համագործակցութիւնների մի ամբողջ համակարգ, ինչը հէնց Իրանի համար, էլ լաւ հնարաւորութիւններ է ապահովում»:

Կարէն Խանլարեանն անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման հեռանկարին, կարեւոր համարեց գիւղատնտեսութեան, տեղեկատուական տեխնոլոգիաների, զբօսաշրջութեան, եւ «Մեղրի» ազատ տնտեսական գօտու համագործակցութեան խորացումը եւ ընդլայնումը, ինչպէս նաեւ՝ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացումը, մասնաւորապէս՝ էներգետիկ (ուժանիւթի-Խմբ.) ոլորտում, որի թւում են գազը եւ հիդրոքաղաքականութիւնը: Նա ընդգծեց. «Երկու երկրների առեւտրա-տնտեսական ոլորտի հարցերի լուծման առանցքը էնեգետիկան է»:

Կարէն Խանլարեանն համոզուած է. «Մեղրիում ազատ տնտեսական գօտու ստեղծումը կարեւորւում է նաեւ նրանով, որ այն բացուել է Իրանի հետ սահմանին, ինչը լրացուցիչ խթան կը հանդիսանայ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ակտիւացմանը, իրանական ընկերութիւնների ներգրաւմանը‘ ամրապնդելով ներկայումս առկայ համագործակցութիւնը»:

Պատգամաւորը պատասխանելով այն հարցին թէ, որն է երկու երկրների ժողովրդների, յատկապէս՝ իրանահայերի դերը Իրան-Հայաստան յարաբերութիւնների սերտացման գործում, մասնաւորապէս «Մեղրի» ազատ տնտեսական գօտու բացուելուց յետոյ, ասաց. «Բացի ռազմավարական ու տնտեսական գործօններից, երկու ժողովուրդների բարեկամութիւնը նոյնպէս հանդիսանում է Իրանի ու Հայաստանի միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների զարգացման կարեւոր ազդակներից մէկը, այստեղ մեծ դեր ունեն, հէնց իրանում ապրող՝ հայերը, որոնք կարող են ստեղծել համագործակցութեան աննախադէպ հեռանկար, յատկապէս՝ երկու երկրների գործարար կապերի հաստատման գործում»:

Յիշեցնենք որ, «Մեղրի» ազատ տնտեսական գօտին ստեղծուել է ՀՀ կառավարութեան նախաձեռնութեամբ: Գօտու կազմակերպիչ է ճանաչուել պետութեան կողմից ստեղծուած Մեղրի ազատ տնտեսական գօտ»ջ ՓԲԸն: «Մեղրի» ազատ տնտեսական գօտու կառուցումը նախատեսուած է իրականացնել երկու փուլով:

Առաջին փուլով պէտք է ստեղծուէին նուազագոյն անհրաժեշտ ենթակառուցուածքներ եւ նախապայմաններ ազատ տնտեսական գօտին գործարկելու եւ ազատ տնտեսական գօտում գործունէութիւն ծաւալելու հետաքրքրութիւն ունեցող ընկերութիւնների հետ տեղում աշխատանքները կազմակերպելու համար, ինչն արդէն իսկ իրականացուել է:

Երկրորդ փուլով նախատեսւում է ազատ տնտեսական գօտու գործունէութեան, ենթակառուցւածքների ընդլայնում, տարածքի յաւելեալ աւելացում 70 հեկտարով՝ այսպիսով ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունէութիւն ծաւալելու համար: Վերոնշեալ տարածքի շուրջ 50 հեկտարը կը յատկացուի շահագործողներին՝ իրենց գործունէութիւնը կազմակերպելու համար, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսուած են գրասենեակային եւ այլ ծառայութիւնների համար:

Ազատ տնտեսական գօտու գործունէութեան արդիւնքում առաջիկայ տարիներին նախատեսւում է ներգրաւել 50-70 շահագործող ընկերութիւններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն. ԱՄՆ դոլարի ներդրումներ, կը ստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր եւ կարտահանեն շուրջ 250 մլն. ԱՄՆ դոլարի ապրանքներ եւ ծառայութիւններ:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

«ԱԼԻՔ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031