Լրահոս
Օրվա լրահոսը

Աթոռակռիվ՝ Վայոց Ձորում, որն ավարտվեց դանակահարությամբ

Հունվար 08,2018 21:21

Նախօրեին Վայոց Ձորում տեղի ունեցած վեճն ու դրան հաջորդած դանակահարությունը Շատին համայնքի նախկին ու ներկայիս գյուղապետերի կողմնակիցների միջեւ է եղել: Այս մասին Aravot.am-ին ասաց Շատին համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Ստեփանյանը: Վիճաբանության հետեւանքով երկու երիտասարդ դանակահարվել են, նրանցից մեկը երեկ՝ ուշ գիշերին տեղափոխվել է Երեւան՝ Էրեբունի հիվանդանոց: Վերջինս գործող գյուղապետի կողմնակիցներից է, իսկ մյուս տուժողը նախկին գյուղապետի՝ Տիգրան Խուդոյանի կողմնակիցներից է: Վեճին, բացի տուժողներից, մասնակցել եւ եւս մի քանի անձինք:

Կռիվը, ըստ գործող գյուղապետի, հրահրել են նախկին գյուղապետի կողմնակիցները. «Դանակահարողները նրա կողմնակիցներն են, դանակահարվածը մեր կողմից է, մի հոգի էլ խմած ընկել է, նրանց կողմնակիցն է … մենք այս ընտրությունները հանգիստ անցկացրել ենք, ժողովուրդն ընտրել է ինձ, հիմա սրանք էլ ասում են՝ ոչ, պետք է տեղակալի հաստիք տաք ինձ, հետո մի երկու պաշտոններ տաք մեզ, ես էլ ասացի, որ դա չլնող բան է: Ընտրություններն ավարտված են, գնացեք դուք ձեր, մենք էլ մեր գործով: Հենց այս հողի վրա էլ վիճաբանություններն են եղել, նրանք չեն ընդունում, որ ընտրություններին պարտվել են, մենք էլ հաղթել ենք, մենք ենք տերը մեր համայնքի»:

Ի դեպ, նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը մեզ հետ զրույցում շատ կարճ ասաց, որ դեպքից տեղեկություններ չունի:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները 2017 թվականի նոյեմբերի հինգին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո փակել էին դեպի Մարտունի տանող ճանապարհը եւ պահանջում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Եղեգիս խոշորացված համայնքում, որի մեջ է մտնում նաեւ Շատին գյուղը, ՀՀԿ-ն առաջադրել էր Շատինի գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, որը, սակայն, պարտվել էր, իսկ Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել նույնպես ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Արթուր Ստեփանյանը: Տիգրան Խուդոյանի կողմնակիցներն էլ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի: Բողոքողները պահանջում էին, որ ընտրությունների արդյունքները չեղարկվեն: Բողոքողները նաեւ համարում էին, որ ընտրվել է Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031